Մարմնավաճառությունը Հայաստանում. երբեմն ամուսիներն են դրդում կանանց այդ ճանապարհով գումար վաստակել
Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվողների 20 տոկոսը 18-25 տարեկան կանայք են, 49 տոկոսը` 25-30 տարեկան են, 28 տոկոսը` 35-45 տարեկան կանայք են եւ 3 տոկոսը` 45 –ից բարձր տարիք ունեցողները: «Փառք աստծո, փողոցում կանգնող անչափահաս մարմնավաճառներ չունենք», – նշեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը, ներկայացնելով լրագրողներին այս երևույթի վերաբերյալ վիճտվյալները:
ՀՀ ոստիկանությունում ներկայումս հաշվառված է 240 փողոցային մարմնավաճառ: 2011 թ-ի տվյալներով, նրանց թիվը կազմել է 217, իսկ 2010-ին եղել է` 257: Համաձայն ոստիկանության վիճակագրության, ՀՀ առողջապահական մարմիններ զննման ներկայացված վեներական հիվանդների թիվը 160 է կազմում, նախորդ տարվա 177-ի համեմատ: «Հաշվառման հիմնական նպատակը նրանց քանակն ու շարժը մեր տեսադաշտում պահելն է»,-ասում է ոստիկանության ներկայացուցիչը:
Ըստ բանախոսի, պայմանականորեն մարմնավաճառներին կարելի է բաժանել փողոցային մարմնավաճառների, որոնք որպես կանոն կանգնում են մարմնավաճառների հավաքատեղի հանդիսացող փողոցներում, հասարակական օբյեկտներում` բարեր, գիշերային ակումբներ եւ այլն, գործունեություն ծավալողների, արտերկրից, մասնավորապես, Ուկրաինայից եւ Ռուսաստանից այսպես ասած, “հյուրախաղերով” Հայաստան եկող մարմնավաճառների եւ “էլիտարների”: ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչի խոսքով, վերջին երկու խումբն անվերահսկելի են:
Մարմնավաճառները հիմնականում կանայք են, սակայն այդ գործով զբաղվում են նաև տղամարդիկ: «Չկան մարմնավաճառներ, որ մատուցում են տղամարդու ծառայություններ, բայց կան տղամարդիկ, որ առաջարկում են կանացի ծառայություններ»,-մանրամասնեց նա:
Ովքե ՞ր եւ ինչո ՞ւ են դիմում մարմնավաճառության: Այս հարցերի հստակ պատասխանները բանախոսը չունի: “Ոմանք գտնում են, որ սոցիալական պայմաններ են պատճառը, ոմանց կարծիքով էլ` մարդաբանական բնույթից է կախված”,- նշում է Արա Սրապյանը եւ հավելում, որ երևույթը չի կարելի կապել միայն սոցիալական վատ պայմանների հետ, քանի որ շատ ընտանիքներ անապահով վիճակում են, սակայն նման քայլի չեն գնում, և հակառակը: Բացի այդ. «Ես չեմ տեսել որևէ մարմնավաճառ, որ այլ աշախատանքի առաջարկի դեպքւոմ մարմնավաճառությունը թողնի ու գնա այդ աշխատանքով զբաղվի»:
Ոստիկանությունը մարմնավաճառների ընտանեկան կարգավիճակի եւ կրթական ցենզի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն չի իրականացրել եւ համապատասխան վիճակագրություն չունի: Արա Սրապյանի խոսքով, սակայն, մարմնավաճառների մեծ մասը ամուսնալուծված են, ունեն երեխաներ:
«Կան նաև ամուսնացածներ, երբեմն նաև ամուսիններն էլ են դրդում կանանց մարմնավաճառությամբ զբաղվել` գումար վաստակելու համար»,-ասում է իրավապահ մարմնի ներկայացուցիչը: Նա հիշեցնում է, որ մարմնավաճառները հաճախ են ամենատարբեր բռնությունների ենթարկվում, սակայն իրավապահներին չեն դիմում:
«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը» տուգանք է սահմանում մարմնավաճառության համար, արարքն առաջին անգամ կատարելու դեպքում 20 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի անգամների դեպքում` 40 քազար դրամի չափով:
Ըստ ոստիկանության տվյալների, մարմնավաճառներն իրենց ծառայությունները գնահատում են 1000 դրամից մինչև 1000 դոլար: Արա Սրապյանը համոզված է, որ երևույթը Հայաստանում չի օրինականացվի մի քանի պատճառով, նախ և առաջ դա ազգային անվտանգության խնդիր է:
«Մարմնավաճառությունը մեր ազգին հարիր բան չէ»,-կարծում է Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Գուրգեն Փորսուղյանը, ով նույնպես դեմ է այդ երևույթի օրինականացմանը:
Գուրգեն Փորսուղյանի ներկայացրած տվյալների համաձայն , Հայաստանում մարմնավաճառների մարմնավաճառների 60 տոկոսը տարբեր սեռավարակներ ունեն, տարեկան 2-3 հիվանդի մոտ էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ են: Բժիշկը հաջողություն է համարում այն, որ այսօր յուրաքանչյուր մարմնավաճառի պայուսակում կամ գրպանում կա պահպանակ, ինչը նրա խոսքով, իրականացվող բացատրական աշխատանքի արդյունք է եւ սեռավարակների կանխարգելման հիմնական միջոցը: Թեպետ ոչ բոլոր հաճախորդներն են պահպանակի օգտագործմանը համաձայնում:
Ոստիկանների կողմից հայտնաբերված մարմնավաճառները նաև տարվում էին բժշկի` հետազոտման: Բուժզննումն իրականացվել է անվճար, պետպատվերի շրջանակում, իսկ հոկտեմբերի 1-ից դարձել է վճարովի:
««Նրանք գումար են աշխատում, ու պետք է նաև իրենց առողջության վրա գումար ծախսեն: Ոչ ոք պարտք չէ նրանց: Դրանից իրավիճակը անվերահսկելի չի դառնա, կարծում եմ: Ուղղակի մոտեցումը պետք է փոխվի»,-նշում է նա:
2006 թվականից սկսած, ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ստուգայցեր է կազմակերպում մարմնավաճառների հավաքատեղիներ հանդիսացող վայրերում:Մարմնավաճառների հետ նաեւ պարբերաբար բացատրական աշխատանքներ են իրականացվում, որոնք սակայն այնքան էլ արդյունավետ չեն: Հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ հաջողվում է մարմնավաճառին հետ պահել այդ ուղուց:
Դիտումների քանակը` 29050