Մարինե Եփրեմյան. «Մենք մեր առջև խնդիր չէինք դրել, որ ցուցակում պետք է գերիշխեն կանայք»

 

 

22-ամյա Մարինե Եփրեմյանն ընդգրկված է «Առաքելություն» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակում: Նա 5-րդ հորիզոնականում է: Մարինեն Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ:  Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում ավագանու ընտրություններին մասնակցել 21 տարին լրացած անձանց:

 

«Քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է մտածի մեր քաղաքը ավելի լավը, բարեկեցիկ ու հաճելի դարձնելու մասին: Ցանկացած մարդու իրավունքն է ու պարտքն է մտածել իր երկրի մասին: Եթե կարող ես օգուտ տալ, ապա դա պետք է անել»,-ներկայացնելով ցուցակում իր ընդգրկված լինելը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Եփրեմյանը:

 

«Առաքելություն» կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցվել է մեկ ամիս առաջ: Ինչպես է գնահատում այդ քաղաքական ուժի հնարավորությունները.

 

«Մենք մեր առջև խնդիր չենք դրել հակադրվել այլ քաղաքական ուժերի: Մեր նպատակներից մեկն այն է, որ համատեղ ուժերով բարձրացնենք այնպիսի խնդիրներ, որոնց մասին տեղյակ են, սակայն դրանք մնում են չլուծված»:

 

Մարինեի խոսքով, առկա բոլոր խնդիրներն էլ մեծ ցանկության ու համախմբման պարագայում հնարավոր է լուծել:

 

«Առաքելության» ցուցակում մյուս քաղաքական ուժերի համամետ առավել շատ կանայք են ընդգրկված` 28 տոկոս:

 

«Մենք մեր առջև խնդիր չէինք դրել, որ ցուցակում պետք է գերիշխեն կանայք: Ուղղակի շարժվել ենք օրենքով և խելացի կանայք շատ կան կուսակցությունում: Միգուցե պատճառն այդ է»,-արձագանքեց Մ. Եփրեմյանը:

 

Կուսակցությունն իր ծրագիրը կներկայացնի քարոզարշավը մեկնարկելուն պես, անելիքները շատ են. «սկսած քաղաքի մաքրությունից, անսարք վիճակում գտնվող վերելակներից, ոչ բարվոք գտնվող շենքերից»:

 

Մարինեն ասում է, որ կուսակցությունը քարոզչություն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ ունի, կանայք ակտիվորեն ընդգրկված են լինելու քարոզարշավում:

 

«Մենք չենք քնել-արթնացել ու որոշել կուսակցություն ստեղծել: Հավաքվեցինք մի խումբ երիտասարդներ, հասկացանք, որ բոլորս էլ ակտիվ ենք, ուզում ենք մեր երկրի համար լավ բաներ անել, մեծ մասս նույն ցանկություններն ունեինք…այդպես ստեղծվեց մեր կուսակցությունը: Հույս ունեմ այն կհասնի իր նպատակին»,-ասաց Մ. Եփրեմյանը:

 

Հ. Կարապետյան

Հ.Գ. «Առաքելություն» կուսակցությունը մայիսի 5-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել՝ փաստաթղթերին չկցելով ընտրագրավի վճարման անդորրագիրը: Պահանջվող 3 միլիոն դրամ ընտրագրավը կուսակցությունը դեռեւս չի վճարել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ժամկետ սահմանեց մինչեւ մարտի 29-ը ժամը 14-ը ` գրավը վճարելու ու անդորրագիրը  ներկայացնելու համար: Կուսակցության ներկայացուցիչները հայտնել են լրագրողներին, որ անդորրագիրը չներկայացնելու պատճառը տեխնիկական է:

Դիտումների քանակը` 5700

Գլխավոր էջ