Մարիա Թիթիզյան. «Պարույր Հայրիկյանը նախ պատմական դեմք է, հետո նախագահի թեկնածու»…
ՀՅԴ անդամ, Սոցինտերն կազմակերպության փոխնախագահ Մարիա Թիթիզյանը WomenNet.am կայքի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարված մահափորձին, ասաց.
«Երեկ գիշեր լսեցի մահափորձի մասին եւ շատ վատ զգացի: Շատ ողբերգական իրադարձություն է եւ դատապարտելի: Պարույր Հայրիկյանը նախ պատմական դեմք է, հետո նոր նախագահի թեկնածու: Նա խորհդրային միության այլախոհներից է, մեծ նեդրում ունի հայոց պետականության ստեղծման գործում եւ անկախ կուսակացական, գաղափարական պատկանելությունից, նա վայելում է հասարակության մեծամասնության հարգանքը»,- ասաց տիկին Թիթիզյանը՝ հավելելով, որ իրավիճակը շատ անհասկանալի է:
«Շատերն ասում են, որ այս կրակոցն ուղղված էր իշխանության դեմ, անկեղծ ասած այս, պահին այդ առնչությամբ ոչինչ ասել չեմ կարող, գուցե այս դեպքը անկայունություն բերի երկրում: Ամեն դեպքում, սպասենք, տեսնենք թե գործի նախաքննությունն ի՞նչ ընթացք կստանա: Ըստ Սահմանադրության, եթե թեկնածուներից մեկը անհաղթահարելի խոչընդոտ ունի, ապա ընտրությունների օրը հետաձգվում է երկու շաբաթով: Սպասենք, տեսնենք, թե երկուշաբթի ի՞նչ հայտարարությամբ հանդես կգա Պարույր Հայրիկյանը»,- ասաց Մարիա Թիթիզյանը՝ առողջություն եւ համբերությունում մաղթելով ԱԻՄ առաջնորդին եւ նրա ընտանիքին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել էր հունվարի 31-ին, գիշերը ժամը 23:30-ի սահմաններում Երևանի կենտրոնում գտնվող Տպագրիչների 9 հասցեում: Անհայտ անձը մոտեցել և հետևից Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ էր արձակել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ հանցագործն ամենայն հավանականությամբ երկու կրակոց է արձակել, որից մեկը դիպել է Հայրիկյանին: Կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով՝ «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով»:
Այս հանցագործության համար պատիժ է սահմանված 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3627