Մարիա Թիթիզյան. «Չեմ ուզում շատ խիստ լինել կանանց հանդեպ»…

Հայ Հեղափոխական Դաշնակցության  անդամ, «Սոցինտերն» կազմակերպության  փոխնախագահ Մարիա Թիթիզյանի հետ մեր հարցազրույցը սկսվեց նախագահի պաշտոնում կանանց առաջադրվելու հավանականության մասին  իմ հարցից: Պատասխանեց, որ  երբ նոր էր եկել Հայաստան՝ ասում  էր , որ  ով առաջադրվեց կին նախագահի թեկնածու անկախ կուսակցական հայացքներից  նրան կընտրի՝ հավատով, որ փոփոխություն կբերի…

 

«Այսօր էլ  վստահ եմ՝ եթե կին գա, շատ բան կփոխվի: Ուզում եմ հավատալ, որ կինը նույնքան կոռումպացված չէ, որքան տղամարդը: Կինն ավելի շատ պատրաստ է համագործակցելու, քան կամայական որոշում կայացնելու: Կինը միշտ խոհուրդ է հարցնում, առավել դեմոկրատ է: Ուզում եմ հավատալ, որ մենք այս մակարդակին հասել ենք, բայց չեմ պատկերացնում, որ այսօր կինը, որ բազմաթիվ ոլորտներում ճնշված է կազմում է փոքրամասնություն կարող է երկիր ղեկավարել: Բացի այդ դեռ չեմ տեսնում այն կնոջը, ով, իրոք, արժանի է իր գիտելիքներով եւ կյանքի փորձով առաջադրվել նախագահի թեկնածու՚,  – ասում  է նա, նշելով, որ չգիտի թե այսօր  նախագահական ընտրություններին առաջադրվելու ցանկություն հայտնած  կանայք  որքան փորձ ունեն…

 

«Քանակը  պետք է որակ  բերի»…

 

Փորձ  ձեռք բերելու իմաստով նա հատկապես կարեւորում է   խորհրդարանական ընտրությունները: Անդրադառնալով մայիսին կայացած  ընտրություններին նա  խոստովանում է, որ  դրանց հետ կապված մեծ հույսեր ուներ եւ վստահ էր, որ դրանց արդյունքում կանանց թիվը խորհրդարանում կավելանա:

 

«Հայաստանը գնում է դեպի ժաղովրդավարություն, եւ  մենք չենք կարող երազել ժողովրդավարության մասին, եթե ազգաբնակչության կեսը մասնակից չէ այդ գործընթացին », –  շեշտում  է Թիթիզյանը՝ նշելով, որ Հայաստանում կան բազմաթիվ խելացի կանայք, ովքեր պետք է հայտնվեին խորհրդարանում:

 

«Ցավոք, այս պարագայում հույսերս չարդարացան: Թեպետ այս ընտրությունների արդյունքում  կանանց թիվը խորհրդարանում ավելի շատ է, սակայն այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ: Աշխարհում արդեն իսկ հասլե են նրան, որ խորհրդարաններում կանանց թիվը միջինում գերազանցում է քսան տոկոսը, իսկ մեզ մոտ հազիվ դրա կեսն է: Եթե ուսումնասիրենք այն երկրների օրինակները, որտեղ կանանց ներկայությունը պատշաճ ձեւով  ապահովված է, ապա կտեսնենք, որ սոցիալական վիճակը առավել բարձր է, ժողովուրդը բարեկեցիկ պայմաններում է ապրում: Կինը պահանջում է արդարություն,նա որպես մայր է մոտենում խնդրներին: Կնոջ յուրահատուկ մոտեցումն ու անհանգստությունը տարբերվում է տղամարդու վերաբերմունքից:  Հենց դա է պատճառը, որ մենք իրար ամբողջացնում ենք», – ասում է նա:

 

Այս պարագայում քվոտավորումը, ըստ տիկին Թիթիզյանի,  միակ փրկությունն է:  Միաժամանակ շեշտում է, որ քվոտան  ժամանակավոր միջոց  է: Բացի այդ  այն միայն քանակ ապահովելու քայլ չի կարելի դիտարկել: Նրա խոսքերով, քանակը  պետք է որակ  բերի, ինչը, ցավոք, ներկայիս խորհրդարանում դեռես չի նկատվում: Ուսումնասիրելով ներկայիս Ազգային ժողովի  պատկերը, հանգել է եզրակացության, որ  այսօր խորհրդարանում կան կանայք, ովքեր կարծես թե  եկել են միայն ներկայություն ապահովելու համար:

 

« Ես կցանկանայի տեսնել այնպիսի կանանց, ովքեր կկարողանային ազդել օրենսդրության վրա եւ նախաձեռնողական վարք ցուցաբերեին օրենքների նախագծերի մշակման հարցում: Լարիս Ալավերդյանը, Անահիտ Բախշյանն ու Լիլիթ Գալստյանը, ցավոք, չկան, Զարուհի Փոստանջյանը լռության մեջ է, Էլինար Վարդանյանն է խոստումնալից, Նաիրա Զոհրաբյանի տեսակն անհրաժեշտ է մեր խորհրդարանին… Ես չեմ ուզում շատ խիստ լինել կանանց  հանդեպ, շատերն անփորձ են եւ առաջին անգամ են հայտնվում խորհրդարանում ու երեւի ժամանակ է հարկավոր, որ նրանք կողմնորոշվեն:  Դրա հետ մեկտեղ, եթե համեմատենք խորհրդարանում կին պատգամավորներին եւ տղամարդ, ապա պարզ կդառնա, որ անգամ ամենաթույլ կին պատգամավոր, շատ բարձր է մի քանի տասնյակ տղամարդ պատգամավորներից: Խորհրդարանի իննսուն տոկոսը տղամարդ են, սակայն նրանց մեծ մասը գործարար ու օլիգարխ են: Քանի՞ տոկոսն է սրա կամ նրա աներձագն ու փեսան: Երբ մենք սթափ հայացքով ուսումնասիրում ենք պատկերը, ապա հանգում ենք եզրակացության, որ կանայք ավելի բարձր են»…

 

«Կանանց եւ տղամարդկանց չափանիշներն են տարբեր»…

 

Իսկ թե ինչու  կանայք չընդգրկվեցին խորհրդարանում առավել մեծ քանակությամբ,  դրանում տիկին Թիթիզյանը մեղավոր համարում է կուսակցություններին: Նրա գնահատմամբ` ընտրարշավներին կանայք ամենից շատն են աշխատել:

 

«Կնոջ մեղավորությունն այն է, որ կինը հաճախ չի ցանկանում առճակատման գնալ` հասկանալով, որ քաղաքական դաշտը շատ կոպիտ է, վայրենի: Խաղի կանոնները տղամարդն է պարտադարում եւ կնոջ համար շատ դժվար է լինում հարմարվել դրանց: Գործում է երկակի ստանդարտ, որը շատ խիստ է կնոջ համար: Իսկ եթե հասարակությունն էլ չի աջակցում, ապա կինը շատ հեշտությամբ կարող է նահանջ ապրել», – նշում է նա:

 

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը խորհրդարանում միակ կուսակցությունն է, որի կազմում կանայք չկան ընդգրկված…

 

«Ինձ համար, անշուշտ, մտահոգիչ է, որ այսօր մեր կուսակցությունում կին պատգամավոր ընդգրկված չէ, իհարկե, ես կցանկանայի Լիլիթի, Ռուզանի նման պատգամավորներ ունենալ, բայց այս անգամ այդպես դասավորվեց, ես դա չեմ համարում ողբերգություն, քանի որ կանայք մեր կուսակցությունում միշտ ակտիվ են եղել», – ասում է Թիթիզյանը՝ միաժամանակ շեշտելով, որ կանանց համար շատ բարդ է քաղաքական դաշտ մտնելն:

 

«Կանանց եւ տղամարդկանց չափանիշներն են տարբեր: Կինը պետք է հարյուր անգամ ավելի շատ աշխատի, որպեսզի կարողանա հասնել այն պաշտոնին, որ տղամարդը կարող է հասնել, առանց որեւէ ջանք թափելու»…

 

Զրուցեց՝ Հասմիկ Հարությունյանը

Դիտումների քանակը` 5429

Գլխավոր էջ