Մարիաննա Ֆրունջյան. «Կինն ունի ինտուիցիա,որը անբացատրելի է աշխատում»
«Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Մարիաննա Ֆրունջյանի մուտքը քաղաքականություն վաղուց հասունացած որոշում էր: Մարիաննան 17 տարի շարունակ զբաղվել է հասարարակական գործունեությամբ , «ՍOՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամում աշխատում է որպես հոգեբանամանկավարժական խորհրդատու, «ԷԳՈ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր նախագահ է: Աշխատանքային գործունեության ընթացքում նրա ուշադրության կենտրոնում են եղել կրթական, սոցիալական բնույթի հարցերը: Ասում է, տարիների ընթացքում եկավ այն եզրահանգման, որ այդ խնդիրների լուծման ուղիները կյանքի կոչելու համար պետք է ներքևից եկող ձայնը հասանելի դարձնել: «Հասկացա, որ պահը արդեն հասունացել է ու որոշեցի որ հենց ՀՎԿ –ով պետք է առաջադրվեմ»,- ասում է Մարիանան:
– Առաջադրվել եք թիվ 4 ընտրատարծքում՝ որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական համայնքները: Այստեղ բավականին թեժ պայքար է ընթանալու,ինչպես ե՞ք գնահատում ձեր շանսերը ,ինչու ընտրողները պետք է հենց ձեզ ձայն տան:
-Ճիշտ եք, Կենտրոնը բավականին բարդ տարածք է ու ես փորձել եմ անհատական մոտեցում ցուցաբերել ամեն ընտրողին, որքան որ հնարավոր է եղել. Հաղորդակացվել եմ իմ ընտրատարածքի յուրաքանչյուր բնակչի հետ ու եկել եմ այն եզրահանգման,որ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը:Կա անվստահութան խնդիր,որ իրենց ձայնը տեղ չի հասնի: Իրազեկվածության պակաս կա: Պետք է պարզապես ընտրողները հստակ գիտակցեն,որ ընտրությունները կարող են լինել վճռորոշ ու յուրաքանչյուր անհատ գնալով քվերակության պետք է գիտակցի, որ իր ձայնը շատ կարևոր է: Այս ամբողջ ընթացքում բնակիչներին որքան հնարավոր է եղել բացատրել եմ,որ չկա տեսախցիկով գրիչներ,չկան տեսախցիկներ, որ ցույց կտան թե ինչպես եք քվեարկել և այլն: Իսկ թե ինչու պետք է իրենց ձայնը տան ինձ, կարող եմ ենթադրել, որ ճանաչելով մեր ընտանիքին ,ամուսնուս,ով ճանաչված դերասան արվեստագետ Արամ Հովհաննիսյան է ,ու տեսնելով մեր նիստ ու կացը, շարժն ու ձևը , կմտածեն, որ երևի թե արժե ձայն տալ:
–Փաստորեն ձեր ընտանիքում կա երկու բեմահարթակ՝թատերական ու քաղաքական
-Կարելի է այդպես ասել,բայց տանը իմ բեմահարթակը մայր լինելն է , ով մեծացնում է իր չորս երեխաներին, որոնցից մեծը 6 տարեկան է ,իսկ փոքրը՝ 2 է: Դրա հետ մեկտեղ, ուզում եմ ասել, որ հասարակական խնդիրներով ապրելը ու դրանց լուծումներ գտնելը, ինձ համար ստեղծագործական թռիչքի նման մի բան է: Ու քաղաքականության մեջ էլ ներգրավելով պետք է ուղղակի փորձեմ հասարակականը քաղաքականի հետ սինթեզել և այդ թռիչքն ապահովել:
– Ընտրել եք մի բնագավառ, որտեղ աշխատանքներն ու զբաղվածությունը շատ են, հատկապես բազմազավակ մոր համար: Ընտանիքը ինչպե՞ս ընդունեց ձեր որոշումը…
-Ընտանիքս բավական դրական արձագանքեց,եղավ կողքիս: Քանի որ մեր բոլորի նպատակն ու ցանկություն է այսօր ապրել հայրենիքում:Իսկ յուրաքանչյուր անձ պետք է պարզապես աջակից լինի այս գաղափարին ՝ իր լուման ունենալով առկա խնդիրները լուծելու և նպատակները կյանքի կոչելու մեջ:
–Համաձայն եք, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում : Եթե այո, ապա ինչ պետք է անել:
-Կարծում եմ, որ վերջին տարիներին, երբ կանայք սկսեցին ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, նրանց ներուժը առավել ակնհայտ դարձավ:Կինը ունի շատ հետաքրքիր ու յուրահատուկ մոտեցումներ, ցանկացած նախաձեռնություններ, որտեղ կանանց ներգրավածությունը շատ է, ավելի հաջողված են :Հիշենք, թե ինչպիսի հմտություններ են կիրառում կանայք տնտեսվարության առումով : Կինը ունի ինտուիցիա,որը անբացատրելի է աշխատում՝ օգնելով այս կամ այն հիմնախնդիրը լուծելու ժամանակ:
–Կին քաղաքական գործչի հաջողության ձեր բանաձևը :
-Ինձ համար բանաձևը հաղորդակցման , ապրումակցման ու վստահության մեջ է : Իսկ շարժիչ ուժը ինտելեկտն է՝ լինի կին թե տղամարդ:
Զրուցեց Արմինե Գևորգյանը
Դիտումների քանակը` 3467