Մարիամ Օհանյան. «Մեր նպատակն է  աջակցել և ոգեշնչել կինոյի ոլորտում աշխատող կանանց»

«Երբ պետք է ապագա մասնագիտությունս ընտրեի, ասացի, որ ուզում եմ ռեժիսոր դառնալ, բայց ընտանիքում պատասխանեցին, որ այդ մասնգիտությունը կնոջ համար չէ» , – պատմում է կինոռեժիսոր,  «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:

 

 

Հոր առաջարկով նա ընդունվեց ԵՊՀ  մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, այնուհետև ուսումը շարունակեց սոցիոլոգիայի ֆակուլտետում, բայց կինոյի հանդեպ եղած սերը չմարեց:  « Համալսարանն ավարտելուց հետո  « Հայֆիլմ»  կինոստուդիայում որպես ասիստենտ ընդունվեցի, այդ ժամանակ դա շատ բարդ էր: Ես միշտ զգացել եմ, որ իմ սեռային պատկանելիությունը ինձ խանգարել է, քանի որ կինոյի ասպարեզում տղամարդիկ ավելի շատ են, կնոջ համար դժվար է այդ դաշտ մուտք գործելը»,- ասում  է Մարիամ  Օհանյանը:

 

2000-ականների սկզբում նա սկսեց կանանց խնդիրներին վերաբերող տարբեր թեմաներով ֆիլմեր նկարել, բայց կինոքննադատների արձագանքը հիմնականում մեկն էր՝  կանանց խնդիրները  հրատապ ու կարևոր չեն, ավելի առաջնային հարցեր կան: Այս ամենը, սակայն, ոչ թե խոչընդոտ դարձավ, այլ խթան՝ նպաստելով մի կինոփառատոնի ստեղծմանը, որի շնորհիվ կին ռեժիսորները կարող էին իրենց հուզող տարաբնույթ հարցերից խոսել:

 

Կին ռեժիսորներներին լրացուցիչ  հարթակ տրամադրելու  նորարարական գաղափարը կյանքի կոչվեց  2004  թվականին, երբ   Մարիամ Օհանյանի նախաձեռնությամբ  Հայաստանում առաջին անգամ անցկացվեց  «Կին» միջազգային կինոփառատոնը, որտեղ ներկայացված բոլոր  ֆիլմերի ռեժիսորները բացառապես կանայք էին: Արդեն 14 տարի անընդմեջ  կինոփառատոնը համախմբում է աշխարհի տարբեր կին ռեժիսորներին մեկ վայրում՝ Հայաստանում՝ հնարավորություն ստեղծելով տեսնել աշխարհը կնոջ դիտանկյունից:  Տարիների ընթացքում կինոփառատոնն  ճանաչում է ձեռք բերել. անցյալ տարի  ներկայացված էին 60 ֆիլմեր աշխարհի 20 երկրներից, Բացի ֆիլմերի ցուցադրություններից  կինոփառատոնի ընթացքում ավանադաբար անցկացվում են   նաև վարպետության դասեր, կլոր սեղաններ և քննարկումներ:

Հետաքրքիր են նաև այն չափանիշները, որոնց պետք է  համապատասխանի  ֆիլմը կինոփառատոնին մասնակցելու համար: Մարիամ Օհանյանի դիտարկմամբ, կարևորագույն չափանիշը ֆիլմի՝ արվեստի գործ լինելն է: « Արվեստը պահանջում է նոր ձևի փնտրում, նոր ասելիք, կարևոր է ստեղծագործության  խորությունը, բազմաշերտ լինելը: Այն պետք է մարդուն ստիպի մտածել: Արվեստն է, որ աշխատում է մարդու էության հետ»,- ընդգծում է  նա:

 

Կինոփառատոնի ժյուրիի կազմում լինում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից հրավիրված մասնագետներ: «Մեզ մոտ մշտապես  միջազգային ժյուրի է լինում: Օրինակ՝ եղել են Գերմանիայում, Կանադայում անցկացվող կանանց  կինոփառատոնների տնօրենները: Նրանք էլ   ներկայացված ֆիլմերի ցանկից  ընտրում են աշխատանքներ  իրենց երկրում անցկացվող  կինոփառատոնների համար»,- պատմում է Մարիամ Օհանյանը:

 

Խոսելով   հայ և այլ երկրների կին ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի թեմատիկայի մասին  կինոփառատոնի հիմնադիրը նկատում  է, որ հայ ռեժիսորները հիմնականում չեն անդրադառնում  կանանց  խնդիրներին:  «Չեմ հանդիպել հայ կին ռեժիսորի, որը կնոջը վերաբերող խորքային խնդիր բարձրացնի, լինի այնքան քաջ, որ խոսի դրա մասին: Ինքնացենզուրան շատ բարձր է մեզ  մոտ: Այսինքն, հենց կին ռեժիսոների մեջ  էլ է կարծրացած այն գաղափարը, որ կանանց խնդիրներն առաջնային չեն: Օրինակ՝ մեր հարևան երկրում՝ Իրանում թվում է, թե կանայք շատ քիչ ազատություն ունեն, բայց իրենք իրենց ֆիլմերում ավելի ազատ են կանանց հիմնախնդիրների մասին խոսելու տեսակետից, քան  հայ կին ռեժիսորները» ,- ասում   է Մարիամ Օհանյանը:

 

Ի դեպ, բոլորովին վերջերս նա հնարավորություն ունեցավ  ներկայացնելու այս  խնդիրները  Եվրիմաժի /Eurimages  -ի կողմից Երևանում անցկացված «Գենդերային հավասարությունը կինոյի ոլորտում» խորագրով ֆորումին:   WomenNet.am-ի հետ զրույցում  նա , մասնավորապես, պատմեց, որ կինոյի պետական ինստիտուտում դասավանդելու տարիներին ուսումնասիրություն էր կատարել ՝ հայկական կինեմատոգրաֆում գենդերային հավասարության մասին:

 

«Մենք լուրջ խնդիրներ ունենք կանացի կերպարների, դերասանուհիների ընտրության, կինոարտադրության մեջ կանանց առաջնորդող դերեր վստահելու հետ: Պարզ օրինակով կարող եմ ասել, որ կինոյում ներկայացվող կին կերպարները գրեթե միշտ շատ կարծրատիպային են՝ կին, մայր կամ սիրուհի: Դուք դժվարությամբ կգտնեք կին կերպարներ, որոնք մտածում են, գործում, ինչ-որ լուրջ դերակատարում ունեն սյուժեի զարգացման ընթացքում: Գլխավոր դերակատարների ընտրության հարցում ևս հետաքրքիր պատկեր ունենք. ինձ համար անհասկանալի պատճառով՝ դեռ 1930-ական թվականներից հայ տղամարդ կինոռեժիսորներն իրենց ֆիլմերի գլխավոր կանացի կերպարները, հիմնականում, ոչ հայ դերասանուհիների: Հրավիրել են նրանց Ռուսաստանից, Վրաստանից և այլն:  Կին կինոռեժիսորների դեպքում մենք ունենք հետևյալ պատկերը. նրանք նկարահանում են մեկ ֆիլմ, չեն գտնում համապատասխան աջակցություն, նրանցից բացառիկները նկարահանում են իրենց երկրորդ ֆիլմը և վերջ: Շուտով նրանք դադարում են դա անել: Խտրականությունը սկսվում է ոչ թե ֆիլմարտադրության պրոցեսում, այլև՝ ֆիլմի գաղափարն առաջ տանելու, բյուջե գտնելու, այսինքն՝ ամենաառաջին փուլում»,- ասում է   Մարիամ  Օհանյանը և խոստովանում՝ «Կին» կինոփառատոնը իր առջև նպատակ է դրել հնարավորինս աջակցել և ոգեշնչել կինոյի ոլորտում աշխատող կանանց:

 

 

Ամփոփելով Մարիամ Օհանյանը նշեց, որ փառատոնի կարևոր ձեռքբերումներից է այն, որ իրենք, չնայած չունեն շատ միջոցներ, բայց որոշ չափով ճանաչված են արդեն: «Կին»  միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի արդեն 15-րդ անգամ՝  կրկին միավորելով աշխարհի տարբեր երկրների կին ռեժիսորների աշխատանքները:

 

Սոնա Վարդանյան

 

Դիտումների քանակը` 2517

Գլխավոր էջ