Մարիամ Շահինյան. « Կինն ավելին է տեսնում, ավելի խորն է մտածում »

Հանրությանը որպես  մշակութային գործիչ քաջ  հայտնի  Մարիամ Շահինյանը որոշել է փորձել  ուժերը քաղաքականության մեջ: Ասում է՝ շատերը, երբ իմացել են, որ պատգամավորության թեկնածու է՝ զարմացել են: Մարիամ Շահինյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականում է  ներկայացված, ինչպես նաև ռեյտինգային  ցուցակով   Շիրակի մարզում է առաջադրվել:  Նա  ՀԿԿ –ի  շարքերում է 1981 թվականից:

 

Մարիամ Շահինյանը «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հեղինակն է, հիմնադիրն ու կազմակերպիչը, նաև «Վերադարձի դասական երաժշտության» փառատոնի հիմնադիրն է: «Այս փառատոնների մեջ գաղափարախոսություն կա, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երաժիշտներին հայրենիքի հետ կապել», – ասում է նա:  Շնորհալի երաժիշտների ներկայացման ևս մեկ բեմահարթակ է  նրա  կողմից կազմակերպվող « Հայաստանի պատանի տաղանդներ» փառատոնը, որի  մասնակիցներն 5 տարի Լոնդոնում են ելույթներ ունեցել:   

 

 Մեզ հետ զրույցում նշում է, որ  ընտրություններում  առաջին անգամ է  առաջադրվում,  սակայն  կարծում է, որ  այն փորձը, գիտելքիները, որոնք ձեռք է  բերել իր աշխատանքային գործունեության  ընթացքում, կարող են նպաստել  ժողովրդին, երբ  խոհրդարանում կլինի:

 

«Պատրաստ եմ  մասնակից  լինել տարբեր օրենսդրական  նախաձեռնություններին, այդ թվում   կանանց և մայրերին  վերաբերող: Շատ եմ կարևորում  կուսակցության  նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող  մայրական կապիտալի ստեղծումը ,  քանի որ ամենուր տիրող գործազրկության պատճառով  ոչ բոլոր մայրերն են աշխատում, իսկ հետծննդյան նպաստի գումարը շատ տարբեր է բաշխվում, մինչդեռ երեխային, անկախ նրանից ապահով, թե անապահով ընտանիքում է ծնվել, նույն խնամք է հարկավոր: Այս խնդիրը խիստ բևեռացված է»,-ասում  է տիկին Շահինյանը, նշելով,  որ  պետք կլինի  շատ օրենքներ փոխել, որպեսզի մայրական կապիտալը լիարժեք աշխատի:

 

Պատգամավորության թեկնածուն կարևորում է  նաև կրթական համակարգի խնդիրները, և զուգահեռներ տանում խորհրդայաին տարիների հետ, երբ կրթությունը 10-ամյա էր ու անվճար: Ասում է՝ պետք է ճկուն մեխանիզմ մշակել, որպեսզի անապահով ընտանիքների երեխաներն էլ աղքատության պատճառով դպրոցից դուրս չմնան, որ անվճար բարձրագույն  կրթության  կամ մանկապարտեզ գնալու հնարավորություն ունենան:   

 

Ի՞նչ կարծիք ունի մեր հասարակությունում  առկա  կանանց նկատմամբ խտրականությանը,  երբևե ինքն անձամբ հանդիպե՞լ է. այս հարցին տիկին Շահինյանը զարմանքով է պատասխանում, ասում է՝ չեմ կարող ասել, որ մեր հասարակությունում խտրականությունը խիստ արտահայտված երևույթ է: Սակայն դրա հետ մեկտեղ  համաձայնվում է, որ  մեր երկրում կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործվում: «Գիտեք, կինն ավելի խորն է մտածում, ավելի պետականորեն համադրելով ընտանեկան խնդիրները, իսկ պետության հիմքը ընտանիքն է: Կինն ավելին է տեսնում, որպես մայր ու որպես ընտանիքը հոգսը կրող: Մենք ինչքան կիսված ընտանիքներ ունենք արտագաղթի պատճառով,  և երբ տղամարդը մեկնում է դրսում գումար աշխատելու, ամբողջ հոգսը մնում է կնոջ ուսերին: Շատ կանայք զբաղված այդ խնդիրներով,  լիարժեք չեն կարողանում դրսևորվել հասրակությունում, նրանց ներուժը լիարժեք չի օգտագործովում»:

 

Հասարակության, և, ընդհանրապես մեր երկրում տարբեր բնագավառներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավածությանը տիկին Շահինյանը մի փոքր վերապահումով է մոտենում:  Ասում է՝ կարևորը քանակը չէ, այլ՝ որակը, ու կրկին զուգահեռներ է տանում խորհրդային տարիների հետ.«Այն ժամանակ առաջնորդվում էին անձի անցած ուղիով, փորձով: Կարծում եմ չպետք է ինքնանպատակ 50/50 քվոտա լինի: Գուցե 50% -ի  մեջ ընդամենը  20%-ը գիտակ լինի և նույնը տղամարդկանց դեպքում: Ես որակի կողմնակիցն եմ»:

 

«Քաղաքականությունը կնոջ գործը չէ. այս կարծրատիպը տիկին Շահինյանը ժամանակավրեպ է համարում, ասում է այսօր նման բան չկա, և կանայք ազատ մուտք ունեն քաղաքականություն: Ավելին,  կինը բոլոր խնդիրներին կարող է ավելի սրտացավ մոտենալ, մարդկանց հանգիստ, համբերատար լսել, խնդիրներին այլ կերպ նայել՝ նաև որպես հոգատար մայր:

 

Իսկ եթե չհաջողվի՞ բավարար ձայներ հավաքել ու մանդատ ստանալ խոհրդարանում – այս հարցին ի պատասխան  Մարիամ Շահինյանն ասում է, որ չի հուսահատվի.«Այս քարոզարշավի օրերի ընթացքում մեծ փորձ ձեռք բերեցի, լինելով տարբեր մարզերում բացահայտեցի մեկ այլ աշխարհ: Կարծում եմ թեկնածուների միջև առողջ մրցակցություն է  և վստահ եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի: Չանցնենք  էլ՝ չեմ հուսահատվի, սա աշխատանք է, որն ամենօրյա պետք է լինի, ոչ թե միայն ընտրություններից առաջ: Շարունակելու եմ իմ նույն գործով զբաղվել, ինչն ամբողջ կայնքում եմ արել: Ի վերջո Ազգային Ժողովում մանդատ ունենալն  ինքնապատակ չէ»:

 

Նունե Բադալյան

Դիտումների քանակը` 3103

Գլխավոր էջ