Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի հանդիսավոր մեկնարկը

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկեց Մարդու իրավունքների միջոցառումների ազգային ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, ՀՀ կառավարության այլ ներկայացուցիչների,  քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեկսանդր Պավլյուկը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հանլոնը:

 

Բացման խոսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն  հայտնեց ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա փետրվարի 27–ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների  ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարք միջոցառումներ: «Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ», – ասաց նա :

 

Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն էլ նշեց, որ այս գործընթացը շատ կարևոր է և հնչեցրեց կարգախոսը, որը բնութագրում է ծրագրի էությունը. «Պետք է անցնենք  պլանանվորումից  դեպի գործողությունների» :

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ վերջին շրջանում շատ է կարևորվում հանրության մասնակցությունը պետության համար կարևորագույն որոշումների կայացմանը և հավաստիացրեց, որ ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում և օրենսդրական փոփոխություններում լսելի կլինի հանրության ձայնը:

 

«Այս փաստաթուղթը կենդանի փաստաթուղթ է, որը անընդհատ գտնվելու է դինամիկ զարգացման փուլում և ձեռք կբերի շարունակականության միտում` կյանքից բխող փոփոխություններից ելնելով ծրագիրը անընդհատ առաջ ենք տանելու»,- հավաստիացրեց Հ. Մանուկյանը:

 

Իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է օժանդակել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցում:

 

 

Ստորև կարող եք ծանոթանալ  Հայաստանում ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը՝

 

Մենք, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, ցանկանում ենք մեր գոհունակությունն արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի ընդունման եւ Հայաստանի ողջ ժողովրդի համար մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար կարեւորության վերահաստատման կապակցությամբ։

 

Միջոցառումների ծրագիրը հանդիսանում է կարեւոր հանգրվան եւ պետական կառույցների կողմից համակարգված գործողությունների համար ծառայում է որպես «ճանապարհային քարտեզ»՝ ուղղված մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների եւ հանձնառությունների կատարմանը։

 

Մենք ողջունում ենք այս առաջին փորձը՝ մեկ տանիքի տակ համախմբելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի մի լայն շրջանակ։
Մենք գիտակցում ենք, որ Միջոցառումների ծրագիրը կենդանի փաստաթուղթ է, որն իր գործողության շրջանում ենթարկվելու է վերանայումների եւ լրացումների։ Հեռանկարում՝ մենք կառավարությանը կոչ ենք անում շարունակել ծրագրի ընդգրկման ընդլայնումը եւ ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ ուղղված խտրականության բոլոր ձեւերի վերացմանը, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կանխարգելմանը, տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարության առաջմղմանը, ինչպես նաև մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի, լրատվամիջոցներում բազմակարծության, տեսակետներ արտահայտելու եւ միավորումներ կազմելու ազատության ապահովմանը։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ այս ծրագիրը ճանաչում է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, եւ կառավարությանը կոչ ենք անում բազմապատկել այս ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ երաշխավորելու հավասար իրավունքներ եւ հնարավորություններ բոլորի համար։

 

Սա կարեւորագույն հնարավորություն է՝ ցուցադրելու իրական հաշվետվականություն եւ ամրագրելու կոնկրետ պարտավորություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջընթացի հասնելու համար։ Հետեւաբար՝ մենք կառավարությանը խրախուսում ենք՝անհապաղ ձեռնարկելու գործողություններ հնարավոր ոլորտներում, օրինակ՝ ուղղված խտրականության դեմ պայքարի համապարփակ իրավական շրջանակի ստեղծմանը։ Կարեւոր է նաեւ ստեղծել խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեպքերի արդյունավետ հետաքննության մի համակարգ։
Ցանկացած ծրագրի համար էական նշանակություն ունեն նաեւ մշտադիտարկման եւ գնահատման արդյունավետ մեխանիզմները՝ ապահովելու հաշվետվականություն, գրանցելու առաջընթացը եւ հատկորոշելու վերանայման ենթակա ոլորտները։ Եվ վերջապես, այս ծրագրի արդյունավետ իրականացումը հաստատապես պահանջելու է համապատասխան մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հատկացում եւ տեղական ու մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանների եւ լայն հանրության լիարժեք մասնակցություն։

 

Մենք վերահաստատում ենք իր առանցքային առաքելությունն իրականացնելու գործում կառավարությանն աջակցելու մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության եւ առաջմղման ամրապնդման նպատակով։

 

 

Դիտումների քանակը` 4272

Գլխավոր էջ