Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
«Կանանց կոնսուլտացիայում իմ հերթին սպասելիս հաճախ եմ նկատել, թե ինչպես մայրերը կամ գուցե սկեսուրները զայրացած դուրս են բերում կաբինետից իրենց հեծկլտացող դուստրերին-հարսներին: Սկզբում մտածում էի` երևի արգանդում գտնվող երեխայի մոտ բարդ արատ են հայտնաբերել, և երիտասարդ մայրը դրա համար է արտասվում: Սակայն որքան մեծ էր զարմանքս, երբ բուժքույրը պարզաբանեց. «Ուղղակի բժիշկը նրանց ասել է, որ աղջիկ են ունենալու, դրա համար էլ այդպիսի դեմքերով են դուրս գալիս»: Նման ցնցում ապրեցի նաև այն ժամանակ, երբ փողոցում ծանոթ մի կին հետաքրքրվեց` պարզե՞լ եմ արդյոք սպասվող երեխայի սեռը: Լսելով իմ հպարտ՝ «աղջիկ եմ ունենալու» պատասխանը՝ հիասթափված ծոր տվեց. «Ոչինչ, հաջորդը տղա կլինի»… Իսկ եթե ոչ, մի՞թե դա ցավակցելու առիթ է» – իր դիտարկումներով է կիսվում մեր ընթերցողուհիներից մեկը:
Հարց է ծագում. իսկ ի՞նչ կլինի, եթե երրորդ կամ չորրորդ երեխան նույնպես աղջիկ լինի: Նման դեպքերում է, որ խորապես հիասթափված ամուսինը երբեմն իրեն իրավունք է վերապահում ծննդատնից տուն չտանել հերթական աղջիկ ունեցած կնոջը …
Ճիշտ է , ինչպես վկայում է բազմաթիվ ընտանիքների փորձը, հետագայում այդ նույն հայրերը ջերմորեն կապվում են հենց չսպասված աղջիկներին և հաճախ նույնիսկ նախընտրում են նրանց՝ բաղձալի արու զավակից: Սակայն այսպիսի երջանիկ ավարտ ունենում են միայն այն պատմությունները, որոնցում ամուսինները չեն փորձում տղա-աղջիկ երկընտրանքը լուծել ընտրողական աբորտի միջոցով:
Իրականում մենք չենք էլ գիտակցում իրավիճակի ողջ ցինիզմը. ընտանիքը որոշում է երեխա ունենալ, կինը գիտակցաբար հղիանում է, և երբ արդեն պտուղը համեմատաբար հասունացել է, որոշում է՝ արժանի՞ է արդյոք այդ երեխան լույս աշխարհ տեսնելու, թե՞ ոչ՝ առաջնորդվելով միայն սեռի սկզբունքով: Տղան արժանի է, աղջիկը՝ ոչ, նշանակում է՝ սպանենք: Բարի, մի նոր փորձ…Պարզվում է, մենք այնքան էլ չենք հեռացել այն բարբարոսներից, ովքեր սովորույթի համաձայն ողջ-ողջ թաղում էին նորածիններին լոկ նրա համար, որ աղջիկը վատ նշան է…Այն տարբերությամբ, որ արդիական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իմանալ սեռը և «սպանության» գործողությունը կատարել վաղօրոք…
Բրիտանական հեղինակավոր The Economist հանդեսի կանխատեսումներով՝ մարդկության անդառնալի մայրամուտը կսկսվի այն ժամանակ, երբ երկրի վրա կանայք «վերջանան»: Գործընթացը սկիզբ կառնի արդեն III հազարամյակում և կավարտվի V-VI հազարամյակների սահմանագծին« երբ լույս աշխարհ կգա մարդկության պատմության մեջ վերջին աղջիկը: Նման մարգարեություններին անգամ թերահավատությամբ վերաբերվելով՝ անհնար է չընդունել, որ աշխարհն արդեն հասցրել է մի քանի վճռական քայլ անել մարդկության համար կործանարար այդ ճանապարհին: Չինաստանում, օրինակ՝ ընտրողական աբորտների հետևանքով տղամարդ բնակչության գերակշռությունն արդեն հասել է 40 մլն մարդու: Տեղացի սոցիոլոգների կանխատեսումներով՝ սա կբերի միասեռական հարաբերությունների ծաղկման, ամուսնական միգրացիայի կամ հարևան երկրներից հարսնացու փախցնելու երևույթներին: Տղամարդ բնակչության կրճատման մեկ արմատական միջոց ևս գոյություն ունի՝ պատերազմը:
The Lancet բժշկական հրատարակության տվյալներով՝ վերջին 20 տարիների ընթացքում Հնդկաստանում սեռի հատկանիշով կատարվել է շուրջ 20 մլն աբորտ: Այս վտանգավոր երևույթի դեմ պայքարելով` հաճախ օրենսդրորեն արգելում են բժիշկներին երեխայի սեռի մասին տեղեկություն տալ: Ի պատասխան գրանցվում են դեպքեր, երբ ամենահամառ ծնողները դիմում են վիրաբուժական միջամտությանը՝ այդ եղանակով փոխելով արդեն իսկ ծնված երեխայի սեռը և աղջկա փոխարեն ստանալով տղա:
ԵԽԽՎ-ի վերջերս ընդունված բանաձևում՝ ընտրողական աբորտների տարածվածությամբ աչքի ընկնող չորս երկրների շարքում, ավաղ« հայտնվել էր նաև Հայաստանը: Նշված երկրներում (Ալբանիա« Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) ծնվող աղջիկների և տղաների հարաբերակցությունը հասել է ժողովրդագրության համար վտանգավոր հաշվեկշռի՝ 112 տղա 100 աղջկա դիմաց՝ 105-ը 100-ի բնականոն հարաբերակցության դեպքում:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ադրբեջանում վերջին 12 տարիներին միայն յուրաքանչյուր երրորդ նորածինն է աղջիկ: Ի հետևանս՝ 16 տղա և 6 աղջիկ. այսպիսին է այսօր սեռերի հարաբերակցությունը դպրոցներում՝ 1-6-րդ գրեթե բոլոր դասարաններում: Այս իմաստով համեմատաբար բարվոք է վիճակը Վրաստանում« որտեղ հարաբերակցությունը 111-ը 100-ին է:
Հայաստանում այս տարվա ցուցանիշները վկայում են« որ վտանգավոր միտումը խորանում է: Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին 5 ամիսներին մեր երկրում ծնվել են 8977 տղա և 7661 աղջիկ, այսինքն՝ հարաբերակցությունը կազմել է 117-ը 100-ի:
Ինչպես վկայում են ժողովրդագիրները՝ սեռային հավասարակշռության խախտմանը երբեմն «միջամտում» է նաև ինքը՝ բնությունը: Այսպես, պատերազմից անմիջապես առաջ և հետո շատ տղաներ են ծնվում« իսկ բազում մարդկային կյանքեր խլած տարերային աղետներից հետո կտրուկ աճում է լույս աշխարհ եկած երկվորյակների և եռվորյակների թիվը: Սակայն այսօր հետազոտության արդիական մեթոդները հնարավորություն են ընձեռում ծնողները սեփական հայեցողությամբ լուծելու բնության կողմից կարգավորվող հարցը, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի ժողովրդագրության և նրա ապագայի համար:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեռևս Ստրասբուրգ մեկնելուց առաջ ձևակերպեց պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ «խնդիրը կա, սակայն չի հասել այնպիսի ծավալների, որի դեպքում Հայաստանն ընդգրկվի ռիսկային երկրների ցուցակում»:
Բացի այդ, ի տարբերություն այլ երկրների, որտեղ սելեկտիվ աբորտներն առավելագույնս են տարածված, հայ կանայք սովորաբար դիմում են սեռի հատկանիշով հղիության արհեստական ընդհատմանը երրորդ և չորրորդ հղիության ընթացքում՝ բացարձակ լոյալություն հանդես բերելով առաջնեկների սեռի նկատմամբ: Այս փաստը հաստատվել է նաև ազգային վիճակագրական ծառայության 2010-ի տվյալներով, որոնց համաձայն եթե առաջին հղիության ընթացքում լույս աշխարհ են եկել 11.290 տղա և 10.664 աղջիկ, երկրորդի ժամանակ՝ 8325 տղա և 7556 աղջիկ, ապա երրորդ և չորրորդ հղիություններից հետո խզումը հօգուտ տղաների ավելանում է մեկուկես անգամից ավելի: Այսինքն` առաջին և երկրորդ երեխան իրավունք ունեն աղջիկ ծնվելու, իսկ երրորդն ուղղակի պարտավոր է տղա լինել: Արդյունքում՝ ամփոփ տարեկան վիճակագրությունը մեզանում իրոք մտահոգիչ է ՝ 100 աղջիկ 114 տղային:
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոևի խոսքով՝ առկա իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս և պահանջում համապատասխան միջոցներ: «Հոգ տանելով այսօրվա ընտանիքի մասին՝ մենք չպետք է մոռանանք վաղվա օրվա ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն այն կլինի սեռերի նման հարաբերակցության, այն է` վերարտադրողական տարիքի տղամարդկանց ավելցուկի և հարսնացուների սուր պակասի դեպքում: Ուստի կարծում եմ, որ անթույլատրելի է հայտնել երեխայի սեռի մասին հղիության վաղ փուլերում, երբ հնարավոր է նրանից ազատվել», – ասում է նա:
«Ծնելիությունը ոչ մի պարագայում չի կարող կարգավորվել երեխայի սեռի հատկանիշով», – համարում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:
Այդուհանդերձ, բազմաթիվ բժիշկներ և պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ երեխայի սեռի մասին տեղեկատվության արգելքը կբերի կոռուպցիայի աճի, երբ ծնողները կսկսեն միջոցներ հայթայթել բժիշկներից իրենց անհրաժեշտ տեղեկություններն կորզելու նպատակով: Փորձագետների գնահատմամբ` խնդրի լուծումը ծնելիության խթանման և բազմազավակ ընտանիքների աջակցության հարթությունում է: Միաժամանակ, հարկ է բարձրացնել բնակչության իրազեկությունը աբորտների վնասի և անընդունելիության մասին, էլ չենք ասում ընտրողական աբորտների:
Վալերիա Զախարյան
Դիտումների քանակը` 6248