Մարգարիտ Եսայան. «Կինը զգում է այն, ինչ դեռ չկա, բայց կարող է լինել»…

«Այժմ արդեն ոչ թե վազել նորությունների ետեւից, այլ` մասնակցել դրանց  ստեղծման գործին»,- այսպես  է բացատրում լրագրությունից քաղաքական դաշտ իր անցումը  Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, ՀՀԿ անդամ, լրագրող  Մարգարիտ Եսայանը WomenNet.am-ի հետ զրույցում: 

– Իրականում լրագրողները գիտեն ամեն ինչ, կամ` գրեթե ամեն ինչ, ճանաչում են բոլորին կամ գրեթե բոլորին, գիտեն քաղաքական գործիչների ուժեղ եւ թույլ կողմերը, գիտեն թե ինչպես եւ որտեղ  են կայացվում որոշումները… Լրագրողները  շատ բան գիտեն եւ առաջին հերթին  նաեւ լրագրողների շնորհիվ  է կայանում  քաղաքական դաշտը: Հուսամ, հասկանալի է, որ խոսքը իրական  պրոֆեսիոնալ լրագրողների մասին է: Ամբողջ աշխարհում կա այս  միտումը` երբ երկարամյա փորձ ունեցող լրագրողները  որոշում են նորություններ  լուսաբանողից, նորություններ  հայթհայթողից  դառնալ «նյուսմեյքեր», այսինքն ՝ այդ նորությունների ստեղծողը: Նույնը կատարվեց ինձ հետ: Ես լրագրող եմ աշխատում արդեն շատ երկար, եւ  իմ կյանքում եկավ մի պահ, երբ որոշեցի քաղաքականություն լուսաբանողից դառնալ այդ քաղաքականության մասնակիցը, ինչու` ոչ, նաեւ ստեղծողներից մեկը: Եվ  պարզապես ուրախ եմ, որ ինձ տրվեց այդ հնարավորությունը:

 

 

Ձեր շրջապատը, հարազատները որքանո՞վ են աջակցում Ձեր քաղաքական գործունեությանը:

-Մարդն առանց իր շրջապատի քիչ բան կարող է անել, մարդուն միշտ եւ բոլոր իրավիճակներում  անհրաժեշտ է   իր հարազատների, իր շրջապատի աջակցությունը: Այս առումով,  իմ որոշումը շատ դրական ընդունելության արժանացավ ոչ միայն իմ գործընկերների, այլեւ ինձ ճանաչող  քաղաքական գործիչների կողմից: Իսկ ամենից կարեւորը` իմ ընտանիքի կողմից: Եթե չլիներ այդ աջակցությունը,  ես դժվար թե գնայի նման  արմատական փոփոխությանն իմ կյանքում:

 

 

Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության կա՞, Ձեր նկատմամբ դա երբեւէ զգացե՞լ եք:

 

-Ինքս միշտ եղել եմ ակտիվ  եւ իմ սեռային պատկանելությունը երբեք չեմ փորձել պարտադրել այլոց: Ինքնուրույն   եմ իմ բոլոր ձեռնարկներում եւ երբեւէ մտքովս չի անցել   ներկայանալ որպես, այսպես կոչված թույլ սեռի ներկայացուցիչ, քանի որ  համոզված եմ, կինը ուժեղ տեսակ է, հաճախ շատ ավելի ուժեղ որոշ տղամարդկանցից:  Իսկ խտրականություն, այնպիսին,  ինչպիսին մենք երբեմն տեսնում ենք աշխարհի որոշ ոչ առաջադիմական երկներում,  մեզանում չկա , չի էլ կարող լինել /իհարկե` որոշ  տհաճ բացառություններ կան/, քանի որ հայ կնոջ տեսակը միշտ է եղել մարտնչող, կազմակերպող, համախմբող: Անգամ հայտնի արտահայտությունը`  «տիկնայք փափկասուն հայոց աշխարհի» , մասամբ է ճիշտ` հայ կինը  միշտ էլ  զենքը ձեռքին  պայքարել է տղամարդկանց կողքին իր օջախի պահպանության եւ հայրենիքի ազատագրության համար:

 

 

Հայաստանում կա՞ն  խոչընդոտներ  կանանց քաղաքական մասնակցության համար:

– Կարծում եմ` ոչ, պարզապես կանայք շատ ավելի զբաղված են իրենց մասնագիտական եւ ընտանեկան գործերով եւ ավելի քիչ ժամանակ են գտնում ամբողջովին  ընկղմվել քաղաքական  թոհուբոհի մեջ:

 

 

Ձեր կարծիքով կանայք պե՞տք է իրենց ոճն ունենան  քաղաքականության մեջ, տարբերվո՞ւմ է այն տղամարդկանց ոճից:

 

– Կանայք սովորաբար ավելի իմպուլսիվ են , տղամարդիկ` ավելի  «ծանրաշարժ», դա երեւում  է նաեւ  քաղաքականության  մեջ , համոզված եմ, նկատել եք, որ  կանայք  շատ ավելի բարձր են խոսում, երբ փորձում  են ելույթ ունենալ, շատ ավելի  ակտիվ շարժուձեւով , երբ որեւէ միջադեպ  է տեղի ունենում հասարակական-քաղաքացիական միջոցառումների ժամանակ, կանանց ձայնը շատ ավելի բարձր է հնչում, եւ հիմնական իրարանցումը հենց կանայք են ստեղծում: Գուցե սա բնական է: Իսկ կինը, այո, պետք է իր ոճն ունենա: Կինը  ունի մի կարեւոր հատկանիշ, որը չունեն աշխարհի բոլոր տղամարդիկ միասին վերցրած` նա  զգում է այն, ինչ դեռ չկա, բայց կարող է լինել, քանի որ կինը կյանք է ծնում: Ուստի, կանացի ոճը տղամարդկանց պետք է  դաստիարակի  եւ զգաստացնի:

 

 

Ի՞նչ կցանկանայիք  փոխել  քաղաքականության մեջ:

 

– Որոշ դեմքեր, որոշ  կարծրատիպեր, մեր հասարակությունը սարսափելի հոգնել է նույն դեմքերից՝  թե իշխանության մեջ եւ թե ընդդիմության: Թարմություն չկա, նորությունները քիչ են, քաղաքական մշակույթը   նոր որակների կարիք ունի, նոր խոսքի, նոր  ճաշակի…

 

 

Ինչպիսի պլաններով եք մտնում խորհրդարան,ո՞ր բնագավառում կարող եք դրսեւորվել լավագույնս:

 

– Պատգամավորը  պարտավոր  է զբաղվել օրենսդրական գործունեությամբ, դա է պատգամավորի անելիքը: Մյուս կողմից, դառնալով հրապարակային, պատգամավորը պետք է իր խոսքը  ներկայացնի  հասարակությանը եւ լինի մարդկանց կողքին: Ցավոք, մեզանում որոշ բաներ աղավաղված են եւ  մարդիկ մտածում են, թե պատգամավորը աշխատատեղ ստեղծող է: Հասկանում  եմ, դա լավ օրից չէ, եւ հավատում , որ շատ շուտով  ամեն մեկը կզբաղվի իր գործով եւ կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք այսօր հուզում են մեր հասարակությանը: Ինքս ինձ ավելի շատ պատկերացնում եմ մարդու իրավունքների դաշտում:

 

 

Ձեր վերաբերմունքը գենդերային քվոտաների նկատմամբ, Ձեր կարծիքով քվոտայի  բարձրացումը 15 տոկոսից մինչեւ 20տոկոս արդյունք տվե՞ց:

 

-Իհարկե, եւ առաջին հերթին  դա երեւաց ՀՀԿ համամասնական ցուցակից:  Հանրապետականն այսօր  կանանց  ամենամեծ թիվն ունի  խորհրդարանում, նախկին երկու կնոջ փոխարեն` ինը կին: Կարծում եմ, հետագայում այս թիվն ավելի կմեծանա:

 

Ինչպիսի՞ն էր ԶԼՄների վերաբերմունքը կին թեկնածուների նկատմամբ:

 

-Իմ  գնահատմամբ՝   լավ, բոլոր լրատվամիջոցներն էլ   իրենց զուսպ պահեցին, հատկապես կին թեկնածուների նկատմամբ, չհաշված որոշ կոպիտ դրսեւորումները:

 

 

 

Դիտումների քանակը` 3892

Գլխավոր էջ