Մարգարիտա Հակոբյան. «Եթե կինը կարևորի ինքն իրեն, շատ խոչընդոտներ կհաղթահարի»…
Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Մարգարիտա Հակոբյանը ներկայացված է «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականում: է: Երկար տարիներ Ժառանգության երիտասարդական թևի համակարգող խորհրդի անդամ է եղել, մայիսից կուսակցության վարչության անդամ: Մինչեւ 2012 թվականը աշխատել է պատգամավորի օգնական: Ասում է, որ քաջ ծանոթ է Երեւանի բոլոր վարչական շրջաններին խնդիրներին…
-Ինչպիսի՞ Երևանում կցանկանաք ապրել: Ի՞նչն է պակասում այսօր Երևանին:
-Կցանկանայի Երևանը տեսնել մաքուր, կանաչապատ և ամեն մի քաղաքացու խնդիրները լսող ու լուծումներ տվող: Կուզենայի, որ Երևանի վարչական շրջաններում համապատասխան պայմաններ ստեղծվեին յուրաքանչյուր քաղաքացու համար անկախ նրա կարգավիճակից և տարիքից:
– Ինչպե՞ս եք պատրաստվում փոխել այդ ամենը: Ունե՞ք ծրագրեր, որոնք հենց Դուք եք առաջարկել “Բարև Երևան”-ին:
–“Բարև Երևան” դաշինքի անդամները միշտ կանգնած են եղել խնդիր ունեցող երևանցու կողքին, հետևողական պայքարել նրա իրավունքների համար և, չնայած բազմաթիվ խոչընդոտների, մեզ հաջողվել է նպաստել այդ խնդիրների լուծմանը: Մեր աշխատանքը շարունակական է լինելու նաև Երևանի ավագանու կազմում: Փորձելու եմ հնարավորությանս սահմաններում կանխել քաղաքապետարանի ապօրինի որոշումները: “Բարև Երևան” դաշինքը ունի հստակ ծրագիր, որն էլ պատրաստվում ենք իրականացնել առաջիկայում:
-՛՛Ժառանգությունը՛՛ թերևս այն կուսակցությունն է, որտեղ կանայք մշտապես շատ ակտիվ են եղել, ինչո՞ւ ՛՛Բարև Երևան՛՛-ի առաջին հորիզոնականներում կանայք չեն:
-Իրոք “Ժառանգությունը” միշտ առանձնացել է մնացած քաղաքական ուժերից հենց ներկուսակցական գենդերային հավասարակշռությամբ : Երկրորդ հորիզոնականում Անահիտ Բախշյան է, ում գործունեությունը կարծում եմ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, քանի որ բոլորը գիտեն, որ նա բազմաթիվ խնիրներ բարձրաձայնել է ու իր հետևողականության շնորհիվ լուծումներ արձանագրել: “Բարև Երևան” դաշինքում ներգրավված են ակտիվ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ: Կարծում եմ այս դեպքում էական չէ կին, թե տղամարդ:
-Կցանկայայի՞ք կին քաղաքապետ տեսնել:
-Այո իհարկե,չնայած երբեք չեմ կարծել, որ քաղաքական գործչի կին կամ տղամարդ լինելը առաջնային խնդիր է, քանի որ միշտ համարել եմ, որ կարևոր է մտահոգ քաղաքացի լինելը, ով ինչպես հարկն է կծառայի հասարակությանը:
–Ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում կնոջը լիարժեք ինքնադրսեվորվելու համար: Խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:
-Հայաստանում խոչընդոտներ կան քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անզնիվ և քաղաքացու խնդիրների լուծմամբ շահագրգիռ մարդու համար, քանի որ պարբերաբար հանդիպում ես անյպիսի բարդությունների, որոնք երկրում տիրող համակարգի հետևանքներն են: Միանշանակ այս ամենի մեջ առանձնանում են նաև կանանց համար առանձնահատուկ խնդիրներ. կարծրատիպեր, թվացյալ շղթաներ, ցածր ինքնագնահատական:
–Իսկ լուծման ուղինե՞րը: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ:
–Ըստ իս, 21-րդ դարում, եթե կինը կարևորի ինքն իրեն, իր գիտելիքները, ձեռքբերումները, շատ ու շատ խոչընդոտներ կհաղթահարի:
Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 5649