Մանկատներից «պռակատով» երեխա են վերցնու՞մ. աղմկահարույց հայտարարություն ԱԺ-ում

Երեկ  Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2014-ի  բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ  Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը  աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ:  Մտահոգություն հայտնելով  մայրաքաղաքի փողոցներում երեխաներին գրկած  մուրացկանության  խնդրով, նա հետաքրքրվեց Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով այն փաստի առիթով, որ «մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում՝ փողոցներում մուրացկանություն անելու համար»:  

 

 

Վահան Բաբայանի խոսքով,  դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու չլացեն: «Ողջ օրը տեսնում ե, մի քանի ամսական երեխաներին գրկներին ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս», – ասաց նա:

 

Նույն խմբակցության մեկ  այլ   պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն  իր հերթին  պնդեց, որ կարող են նույնիսկ մանկատների անուններ ասել, թե որտեղից են «օրավարձով» վերցնում երեխաներին:  «Մենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր մանկատներից երեխաների են վերցնում՝ օրավճարով՝ հանցավոր համաձայնության գալով ասենք, միգուցե ոչ տնօրենի, այլ ավելի ցածր օղակների հետ եւ երեխային օրվա վերջում տանում հանձնում են նորից մանկատանը», – ասաց Զոհրաբյանը:

 

Կարեն Անդրեասյանը արձագանքելով բարձրացված հարցին, ասաց, որ պատգամավորների այդ հայտարարությունն իր համար նորություն էր, քանի որ գրասենյակը  նման  ահազանգեր  երբևէ չի ստացել, բայց   իրենք  մանկատներ այցելելու մանդատ ունեն  եւ անպայման կարձագանքեն, եթե տվյալները փոխանցվեն:  «Սա հանցագործության մասին հաղորդում է, եւ պետք է իրավապահները զբաղվեն: Եթե դա ճշտվի՝ շատ շուտով դրա մասին դուք կլսեք», – ասաց Անդրեասյանը:

 

 

«Միակ բանը որ պետք է անի քաղաքացին կամ զանգի ոստիկանություն, կամ ՄԻՊ գրասենյակ` 116 թեժ գծի հեռախոսահամարին: Երեխաների հետ մուրացիկների դեպքում փող մի տվեք, զանգեք գրասենյակ: Այդ ճանպարհով ավելի շատ օգնած կլինեք երեխային, քան 50-100 դրամ տալով»,- հավելեց  պաշտպանը, խոստանալով  հետամուտ լինել պատգամավորների բարձրացրած հարցին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ինձ ասել են, որ հայ հասարակությունն երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի»

 

Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետի կոչը

 

Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը

 

 

Դիտումների քանակը` 3763

Գլխավոր էջ