Մանկապղծություն. ինչու՞ ենք խուսափում խնդիրն ընդունելուց

 

Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովի կողմից վավերացվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։  Վավերացումը շատերը ողջունեցին, շատերն էլ անհանգստացան, բողոքեցին՝ ընդգծելով, որ կոնվենցիայի վավերացումը և այնտեղ տեղ գտած որոշ ձևակերպումներ կյանքի կոչելու դեպքում կարող է խաթարել երեխայի հոգեբանությունը։ Բնականաբար, շատերն էլ քաղաքական միավորներ փորձեցին ձեռք բերել։

 

 

Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ  բավական է՝ մի նախադասության մեջ լինեն «երեխա» և «սեռական բռնություն» բառերը, ու  արդեն կարելի է ամենատարբեր մեկնաբանությունները հանդիպել։ Երեխաների նկատմամբ հայերիս առանձնահատուկ վերաբերմունքն անգամ մտել է լեզվամտածողոթյուն, նույնիսկ ամենատարածուն արտահայտություններից է դարձել, օրինակ, կես կատակ-կես լուրջ «ինչ անում ենք,երեխաների համար ենք անում» արտահայտությունը։

 

 

Այդուհանդերձ, ինչու՞ ենք մենք խուսափում ընդունելուց, որ, այո, կա մանկապղծություն Հայաստանում,  որ սեռական բռնությունն, այո, երեխայից վերցնում է մանկությունը, և այն պետք է կանխարգելվի, որ չի կարող մանկապղծության թեման կոծկելը, դրա մասին լռելը որևէ կերպ նպաստել դրա վերացմանը։

 

 

Թեմաներ կան, որոնցում արծարծվող արժեքներն իրականում պետք է դուրս լինեն քաղաքական շահարկումներից, մանիպուլացիաներից, ու թերևս երեխայի լավագույն շահը հենց դրանցից է։ Բայց քաղաքականությունը ոչինչ չի խնայում իր ճանապարհին։

 

Հանրային քննարկում չի ծավալվում

 

Իրականում, այսօր որպեսզի որևէ նախաձեռնությանը հասարակությունը դրականորեն տրամադրվի, պետք է միայն նախկին իշխանություններին հիշատակել, ինչը և արվեց այս կոնվենցիայի վավերացման ԱԺ ելույթների ժամանակ։ Իրենց հերթին, նախկին իշխանությունների կողմնակիցներն  ու ոչ միայն դրանք  փորձեցին  կոնվենցիայի վավերացումն ներկայացնել որպես ավանդական ընտանեկան արժեքներից հեռացում, Հայաստանը քայքայող դավադրություն, որպես երեխաների նկատմամբ վտանգ, այլասերում և այլն՝ չընդգծելով, իհարկե, որ  կոնվենցիայի վավերացման աշխատանքներն սկսվել են Հայաստանում դեռևս 10 տարի առաջ։

 

 

Հետևանքն էլ  այն է, որ սկսում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել, ու քննարկման որակական մակարդակն իջնում է անձնական վիրավորանքների  աստիճանի։ Բովանդակային, լուրջ քննարկումներ, միմյանց հետ մեկ ընդհանուր շահի շուրջ աշխատելու,   մանկապղծության դեմ աշխատող մեխանիզմներ գտնելու նպատակով  հանրային դիսկուրս չի ձևավորվում։ Արձանագրենք, որ միմյանց մեղադրելու, իրար չլսելու մշակույթ չունենալու հետևանքով կարևորագույն խնդիրները, թեմաները երկրորդ պլան են մղում։

 

 

Երեխայի լավագույն շահն այստեղ գերակա է թե՛ քաղաքականությանը, թե կուսակցական, թե՛ նեղ անձնային շահերին, ու  եթե իսկապես ինչ անում ենք, երեխաների համար ենք անում, պետք է հասկանանք, որ չի կարելի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը թողնել միայն ծնողի կամ խնամակալի ու առհասարակ հասարակության հույսին, որովհետև ծնողներ, խնամակալներ, հասարակական միջավայրեր կան, որոնք իրենք են վտանգում երեխայի մտավոր և հոգեկան առողջությունը, կյանքը։ Պետությունը հենց դրա համար է նաև, որ երաշխավորի երեխայի լավագույն շահը, մշակի քաղաքականություն,որը կբացառի ցանկացած երեխայի նկատմամբ սեռական բռնությունը։

 

 

Հանրային տրամադրություններ

 

 

Առհասարակ, միշտ պետք է հաշվի առնել հանրության տրամադրությունները,  քանի որ ցանկացած օրենքի «սպառող» հենց հանրությունն է, ու որքան էլ ողջունվի  կոնվենցիայի վավերացումը հատկապես ՀԿ սեկտորի կողմից,  շատ են նաև դրան դեմ մեր ոչ քաղաքականացված համաքաղաքացիները։ Սա նաև խոսում է այն մասին, որ երբեմն նույնիսկ ՀԿ սեկտորը կարող է չներկայացնել հանրության տրամադրությունները կամ չկարողանա ազդել դրանց վրա, քանի որ հանրության տրամադրույթունները կարող են շատ արագ մանիպուլացվել տարբեր քաղաքական շահեր հետապնդող ուժերի կողմից, այն էլ այս ժամանակաշրջանում։ Անդրադառնանք, որ տարիներ շարունակ հանրությանը կաթեցվել է, թե դրամաշնորհ ստացողը «գրանտակեր» է։

 

 

 ՀԿ սեկտրոն, իր հերթին, հաճախ փակվում է իր շրջանակով՝ կարևոր, բայց, այդուհանդերձ սահմանափակ թվով մարդկանց համար սեմինարներ, թրեյնինգներ անելով։ Կոնվենցիայի  նկատմամբ հանրության բացասական ընկալումները հիմնականում իշխանությունների բացթողումն է․ հանրային իրազեկումը,  քննարկումները բավականաչափ քանակությամբ ու ծավալով չեն եղել, ինչի մասին, ի դեպ, ասել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

 

 

Այնինչ քննարկումների արդյունքում գուցե հնարավոր լինի գտնել այն լավագույն ձևաչափը, որով պետք է պաշտպանել երեխաներին նույն մանկապիղծներից, սովորեցնել երեխաներին պաշտպանել իրենք իրենց։  Ու հենց սա է, որ առանձնապես վախեցնում է կոնվենցիայի ընդդիմախոսներին։ Իսկ արդյոք հնարավոր չէ՞ գտնել ուսուցման այնպիսի տարբերակ, որ կօգնի կանխել,  բացահայտել մանկապղծության դեպքերը։ Մենք դեռևս չենք փորձել և չգիտենք՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Գուցե փորձենք, հասկանանք, որ չի գտնվում երեխաների հետ այս թեմայի շուրջ խոսելու ձևաչափը, որ չենք կարողանում այդպիսի կրթական մոդել գտնել, բայց մեծ է և հավանականությունը, որ կգտնենք։  Իսկ Կոնվենցիան ընդամենը պարտավորեցնում է դա անել՝ օրենսդրական կամ այլ միջոցառումներ իրականացնելու միջոցով:

 

 

Կարծում եմ՝ ապահով դիրքերից դատողություններ անելը ապահով, միայն հեքիաթներով ապրող երեխաներին շրջապատող վտանգների մասին խոսելը էլիտիստական  մոտեցում է ։ Այո,  նրանք, ովքեր կտրուկ դեմ են վավերացմանը, վստահաբար լավագույնն են ուզում իրենց երեխաների համար և իրենք էլ վստահ են, որ գիտեն՝ որն է իրենց երեխայի լավագույն շահը, բայց ինչու՞ ենք դատողություններ անում միայն մեր երեխաների մասին և միայն ապահովի դիրքերից։ Չկա՞ն երեխաներ, որոնք պաշտպանված չեն, չկա՞ն երեխաներ,որոնք ենթարկվում են սեռական բռնությունների։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ թեկուզ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տխրահռչակ դեպքերը, հաշվի չառնել վիճակագրությունը,  ինչու՞  հարցին լայն բացված աչքերով չենք նայում, կամ եթե նայում ենք, ինչու՞ չենք տեսնում։ Արդյոք արդա՞ր է այս «հեքիաթային» մոտեցումը թեկուզ այն երեխաների նկատմամբ, ովքեր բարենպաստ միջավայրում չեն, արդյոք արդա՞ր է նրանց իրենք իրենց պաշտպանելու գործիքներ չտալը։

 

 

Եվ վերջապես, եթե կոնվենցիան կօգնի փրկել թեկուզ մեկ երեխայի սեռական բռնությունից, արժեր այն վավերացնել և դեռ վաղուց։

 

 

Մարիամ Մուղդուսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Երեխաների նկատմամբ բռնությունը մեր ավանդույթը չէ»

 

 

Դիտումների քանակը` 1941

Գլխավոր էջ