Մանկապարտեզների հարցը. լուծումներ դեռևս չկան

Հայաստանում շարունակում է օրվա խնդիր մնալ մանկապարտեզների հարցը: Երիտասարդ մայրերին, ովքեր որոշել են  երեխայի 2 կամ  3  տարեկան դառնալուն պես  աշխատանքի դուրս գալ, փորձությունների  մեծ շրջան  է սպասում: Մասնավորապես, մայրաքաղաքում  երեխային մանկապարտեզ տեղավորելը իսկական հերոսություն է, որը բավականին ամուր նյարդեր, շատ ժամանակ ու երբեմն նաև տարիների համբերություն է պահանջում, որովհետև միշտ չէ, որ պետական նախակրթարանը պատրաստ է ընդունել երեխային՝ անգամ եթե երեխայի տարիքը լրացել է և երեխան հենց նույն բակում է ապրում:

 

«Որևէ մեկը, ըստ նրա, հստակ պատասխան չի տալիս» 

 

Պատճառաբանությունները, թե ինչո՞ւ երեխային չեն ընդունում մանկապարտեզ, եթե  նրա տարիքը լրացել է ու մանկապարտեզն էլ համապատասխան խումբ ունի, տարբեր են: Facebook-յան տիրույթում գործում է մի քանի խումբ, որտեղ ծնողները ներկայացնում են իրենց անհաջող փորձն  երեխային մանկապարտեզ ընդունելու մասին: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզների մեծ մասը  սկսում են երեխաներին ընդունել 3 տարեկանից: Ավելի վաղ տարիքի երեխաների համար խմբեր ունեցող մանկապարտեզների թիվը սահմանափակ է և, ըստ էության, հասանելի չէ բոլոր ցանկացողների համար:  Բայց երեք տարեկան երեխան էլ փաստ չէ, որ կընդունվի նախակրթարան: Օրինակ, ծնողներից մեկը գրում է, որ իր բալիկը հոկտեմբերին կդառնա 3 տարեկան, սակայն հաստատության տնօրինությունն ինչ-որ անհասկանալի պատճառով մերժել է ընդունել երեխային՝ ասելով, որ  նա երեք տարեկան դառնում է հոկտեմբերին, սակայն քանի որ հոկտեմբերի 7-ը կիրակի է (!), իսկ նոյեմբերին ընդունելություն չկա, ապա նրան կկարողանան ընդունել միայն մյուս տարի: Ծնողը արդարացի հարց է հնչեցնում՝ չէ՞ որ այս տարի մանկապարտեզի խմբերը 2015 թվականի ծնված երեխաների համար են, ի՞նչ է նշանակում ՝ սեպտեմբերին շուտ է, հոկտեմբերին՝ ուշ, ձմռանն էլ ընդունելություն չկա:

 

Մյուս մայրիկը գրում է. «Տղաս հերթագրված է կենտրոնի մանկապարտեզում, արդեն 4 տարեկան է, հերթը չի հասնում: Ասում են՝ նա 2014 թվի ծնված է, հիմա հերթը 2016 թվի ծնվածներինն է։ Ի՞նչ անեմ»: Ի դեպ, նա հավելում է, որ դստերը այդպես էլ մանկապարտեզի հերթը չհասավ, թեև հաստատությունը հենց տան դիմացն է և հիմա վախենում է, որ նույն ճակատագիրը տղային է սպասում: Եվ որևէ մեկը, ըստ նրա, հստակ պատասխան չի տալիս, թե ինչպես լուծել այս խնդիրը:

 

Օգտատերերից ևս մեկը  նկարագրում է  մեկ այլ իրավիճակ. «Բալիկս հերթագրված է դեռևս անցած տարվանից կրտսեր խումբ ունեցող պարտեզում։  Ես ինքս աշխատող ծնող եմ։ Դեռ հուլիսին մանկապարտեզի տնօրենն ինձ հավաստիացրեց, որ բալիկս կընդունվի կրտսեր խումբ սեպտեմբերին, քանի որ ցուցակում 11-րդն ենք 2016 թ. ծնվածների մեջ, իսկ տեղերը 22-ն են։ Բայց այսօր նույն տնօրենն ինձ ասում է, որ իրենք հենց այսօր հրաման ունեն նախապատվությունը տալ կրտսեր խումբ ընդունելու 2015 թ. ծնվածներին ըստ ցուցակի, և պարզվում է, որ ցուցակում ունեն 2015թ. 3 տարին լրացած ու չլրացած մոտ 40 երեխա: Այսինքն, ըստ տնօրենի, 2016 թ. երեխա չի ընդունվի սեպտեմբերին կրտսեր խումբ։ Որքանո՞վ է  սա օրինական»,- բարձրաձայնում է խնդիրը ծնողը։

 

Նման իրավիճակներում հայտնված ծնողները շատ են, պատճառները, թե ինչու են երեխաներին մերժում ընդունել մանկապարտեզ, դրանով իսկ ոտնահարելով թե՛ երեխայի, թե՛ ծնողի իրավունքները, բազմաբնույթ և հաճախ տրամաբանությանը չենթարկվող: Ի վերջո, եթե պետությունը խրախուսում է փոքր երեխաներ ունեցող կանանց  վաղ վերադարձն աշխատանքի շուկա՝ նախաձեռնելով  տարբեր ծրագրեր, ապա պետք է ստեղծի համապատասխան պայմաններ, որպեսզի մայրը կարողանա երեխայի խնամքի հարցը լուծել ու կենտրոնանալ  իր աշխատանքային պարտականությունների վրա: Մինչդեռ,  Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող 161 համայնքային մանկապարտեզից  միայն կեսը  կրտսեր խումբ ունեն:  Ըստ էության, պետության կողմից հռչակված քաղաքականության ու իրական կյանքի միջև լուրջ հակասության կա, քանի որ ակնհայտ է, որ հանրապետությունում գործող  մանկապարտեզների  թիվը բավարար չէ, ինչպես նաև բավարար չեն պետության կողմից արվող ջանքերը նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:  Իսկ երեխաները, ինչպես հայտնի է,  մեծանալու հատկություն ունեն, ու եթե  2-3 տարեկան երեխայի մորն ասում եք՝ գնա, հետո կգաս, երբ հերթը հասնի, հնարավոր է, որ այդ երեխան ընդհանրապես կզրկվի նախադպրոցական կրթությունից , իսկ  մայրն աշխատելու հնարավորությունից:

 

«Միևնույնն է հերթը չի հասնի»

 

Ի՞նչ այլընտրանք ունի մանկահասակ երեխա ունեցող  ծնողը , եթե նրան չի հաջողվում ընդունել իր երեխային պետական/ համայնքային մանկապարտեզ: Օրենքն ասում է, որ  ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում: Վերջին տարիներին մանկապարտեզների խնդիրը նոր երանգավորում ստացավ ՝ Երևանում ավելացավ մասնավոր մանկապարտեզների թիվը: Եվ այժմ  գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պետական մանկապարտեզները չեն հասցնում (թեպետ դեմոգրաֆիական բում, որքան հիշում ենք, վերջին տարիներին չի գրանցվել), իսկ տնօրեններն էլ ծնողների ուղորդում են երեխաներին մասնավոր հաստատություն տանել «միևնույնն է հերթը չի հասնի» շատ հարմար պատճառաբանությամբ: Բայց ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ օգտվել այդ «խորհուրդից», հատկապես, եթե մանկահասակ երեխան միակը չէ ընտանիքում:

 

 

Ըստ վերջին տվյալների,  հանրապետությունում  գործող մասնավոր մանկապարտեզների  թիվը  85 է, և նրանց գերակշիռ մասը Երևանում են : Մասնավոր մանկապարտեզների գները սկսվում են 80 հազարից (որոշ դեպքերում հնարավոր է գտնել նաև 60 հազար դրամով) և հասնում անգամ 220 հազար դրամի: Ընդ որում, մայրաքաղաքի  վարչական շրջաններից յուրաքանչյուրը  նախակրթական  մասնավոր հաստատությունների իր գնային քաղաքականությունն ունի: Բայց պետությունը կարծես թե այդ հարցով յադքան էլ  մտահոգված չէ, քանի որ «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքով  ամրագրված է , որ Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ, բայց նշված չէ , որ պետությունը պարտադրված է ապահովել մանկապարտեզներ բոլոր երեխաների համար:

 

 

Նշենք, որ  անցյալ տարի շրջանառության մեջ դրված նույն օրենքի նոր խմբագրությամբ նախագծով  պետության դերն այս հարցում վերջապես  հստակեցվել էր.   «Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր  երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք»։ Սակայն այս  օրինագիծը դեռևս ընդունված չէ , դրա փոխարեն 2017 թվականի օգոստոսի 31-ի Երևանի քաղաքապետը  որոշում ընդունեց, ըստ որի մինչև երեխայի 2 կամ 3 տարին չի լրանում նրան չեն հերթագրում: Այդ որոշումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մանկահասակ երեխաների ծնողների շրջանում:  

 

«Խնդիրը շատ հեշտ ու արագ լուծելու համար ցանկությունն է պակասում»

 

Երևանի ավագանու արդեն նախկին  անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ ծնողների բոլոր մտահոգությունները իրավացի են ու դրանց պատճառը  հենց  Երևանի քաղաքապետի անցյալ տարվա   որոշումն է: «Ահավոր սխալ որոշում է սա, որը հակասում է թե՛ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, թե՛ «Կրթության մասին» օրենքին, որով պետությունն  ասում է, որ ՏԻՄ-երը պետք է ունենան երեխաների հաշվառում, ընդ որում նախադպրոցական տարիքը համարվում է 0-ից 6 տարեկան: Եվ երբ ծնողը որոշի երեխային հեթագրել, երեխան պետք է հաշվառվի մանկապարտեզում  և ոչ թե երեք տարեկանը լրանալուց հետո: Այսպիսի կուրյոզային վիճակ ունենք մանկապարտեզներում, որը բերում է նրան, որ որոշ երեխաների հերթը այդպես էլ չի հասնում և նրանք գնում են դպրոց»,- ասաց տիկին Բախշյանը:

 

Հարցին՝ ինչ-որ բան արվո՞ւմ է այդ սխալ որոշումը փոխելու համար, մեր զրուցակիցը նշեց, որ ինքն անձամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետին, որպեսզի այդ որոշումը վերանայվի, բայց այսօր քաղաքային իշխանությունը առկախված վիճակում է, այնպես որ սպասել, որ մոտ ժամանակում որևէ բան կփոխվի, ցավոք, պետք չէ. «Ակնհայտ է, որ երեխաների շահերից ելնելով այդ որոշումը պետք է կասեցվի: Եվ ես հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո այս խնդիրը վերջապես լուծում կստանա ի ուրախություն բոլորիս»:

 

Անդրադառնալով մասնավոր մանկապարտեզների խնդրին Անահիտ Բախշյանն ասաց, որ կարող է նշել կոնկրետ մանկապարտեզներ, որի շենքի մի մասը պետական է, իսկ մյուս հատվածում տեղակայված է մասնավոր նախադպրոցական հաստատությունը: «Ընդ որում, մանկապարտեզի վարիչը, որի տարիքը լրացել է և պետք է գնա թոշակի, հիմնում է շենքի մյուս հատվածում մասնավոր մանկապարտեզ, իսկ պետականում տնօրեն դարձնում դստերը կամ մեկ այլ հարազատի:  Ստացվում է, որ նույն մանկապարտեզի շենքում գործում է և՛ պետական, և՛ մասնավոր հաստատություն և հայտնի չէ՝ մասնավոր մանկապարտեզը լիցենզիա ունի, թե ոչ: Բախշյանը նշում է, որ եթե անգամ լիցենզիա ունի, ապա միևնույն է հարց է մնում՝ մանկապարտեզի համար անհրաժեշտ տարածքը, խոհանոցը, պարապմունքներ անցկացնելու սրահը, սպորտդահլիճը և մյուս անհրաժեշտ պայմանները լիցենզիայով ինչպե՞ս են գրանցված: Այսինքն՝ շատ հնարավոր է , որ այդ ամենը պետական մանկապարտեզինն է օգտագործվում: Դե իսկ այն, որ պետականների տնօրենները ուղորդում են դեպի մասնավոր և ոչ թե փորձում երեխաներին վերցնել խմբեր ուղղակի սովորական երևույթ է դարձել», – ասաց նա:

 

Իսկ ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս էին նախկինում ծնողները լուծում այս խնդիրը, ի վերջո վերջին տարիների դեմոգրաֆիական բում չի եղել, հակառակը՝ երեխաների թիվը զգալի կրճատվել է: Անահիտ Բախշյանը հիշեցրեց՝ կառավարման համակարգի թերացումների արդյունքն է սա: «Նախկինում մանկապարտեզների քանակը շատ էր՝ յուրաքանչյուր մանկապարտեզի համար նախատեսվում էր այնքան տեղ, ինչքան երեխա կա: Հետո մանկապարտեզները սեփականաշնորհեցին, շենքերը օտարեցին և այլն, ինչի արդյունքում մանկապարտեզների թիվն այսօր չի բավարարում բոլոր երեխաների նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար: Եվ քանի որ նախադպրոցական կրթությունը պարտադիր կրթություն չի համարվում, հետևաբար պետությունը բոլորին տեղավորելու այդ պարտավորությունը չունի ու շատ հանգիստ ասում է տեղ չկա: Այն դեպքում, երբ պետությունը կարող է այս խնդիրը շատ հեշտ ու արագ լուծել, միայն թե ցանկություն լինի»,- հավելեց տիկին Բախշյանը:

 

Ի՞նչ էին  խոստանում  ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը

 

Հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 23-ին կայանալու են   Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները,  հարկ ենք համարում հիշեցնել,  ինչ  էին խոստանում նախորդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մանկապարտեզների հարցը լուծելու ուղղությամբ:  Այսպես,  «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր մանկապարտեզներիր խնդրին քարոզարշավի ընթացքում: «Այսօր մոտ 8000 երեխա մանկապարտեզի իր հերթին է սպասում և չի կարողանում մանկապարտեզներում ընդունելության արժանանալ: Մյուս կողմից, Երևանի բազմաթիվ մանկապարտեզների տարածքը վարձակալությամբ տրված է այլ անձանց»,-ասել էր Փաշինյանը:

 

Նույն դաշիքի ցուցակով առաջադրված  թեկնածու Զառա Բաթոյանն` անդրադառնալով մանկապարտեզների   խնդրին  իր ֆեյբուքյան էջում գրել էր.  « Երբ դառնամ ավագանու անդամ, բարձրացնելու եմ մանկապարտեզների աշխատանքային ժամերը մինչև 18։30-ը դարձնելու հարցը։ Այլապես աշխատանքային ժամն ավարտվում է 18-ին, իսկ մանկապարտեզները դրանից մեկ ժամ շուտ են փակվում։ Երևի էս կարգը հորինողների երեխաներին արագիլն է մանկապարտեզից տուն տանում»։ Այս համատեքստում  հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին  «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավորներն  առաջարկել էին  փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնց համաձայն՝ մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկին իրավունք կտրվի աշխատանքն ավարտել սովորականից շուտ: Սակայն այդ առաջարկը մերժվեց կառավարության կողմից:

 

Ընտրությունների մասնակից  «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր ծրագրում ևս անդրադարձել էր խնդրին, մատնաշելով իր պատկերացրած լուծումը. «Բյուջեի միջոցներով վերանորոգել մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները (մանկապարտեզները) և կառուցել նորերը,   Դաստիարակների ու դայակների համար ստեղծել նոր աշխատատեղեր, ինչի շնորհիվ մանկապարտեզներում նաև կվերացվեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող հերթագրումները: Մանկապարտեզները պետք է ապահովված լինեն առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով: Այս երեխաներն իրենց պետք է լիարժեք զգան մանկապարտեզում, ինչը կարևոր է հետագայում նրանց` դպրոցում ևս լիարժեք ու անկաշկանդ կրթություն ստանալու համար»:

 

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրով  նախատեսվում էր ապահովել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատողների առողջապահական պարտադիր ապահովագրումը, լիարժեքորեն ապահովել նախադպրոցական կրթություն՝ մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի ամբողջական կարգավորմամբ, ապահովել անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակությունը։

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3897

Գլխավոր էջ