Մանկապարտեզների  խնդիրը.  ինչ են խոստանում քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում

Երևանի ավագանու մասնակից  12 քաղաքական ուժերի մեծ մասն իրենց նախընտրական  ծրագրերում  անդրադարձ են կատարել նախադպրոցական կրթության հարցին, բարձրացնելով այս ոլորտում կուտակված ամենատարբեր խնդիրները: Առավել մեծ ուշադրության են արժանացել ծրագրերում մանկապարտեզներում երեխաների հերթագրման և շենքային պայմանների հարցերը:

 

 

«Իմ քայլը» դաշինքը ծրագրում նախատեսում է բարելավել նախադպրոցական հաստատությունների շենքային և բակային պայմանները, քարտեզագրել ՆԴՀ-երի շինություններն ու տարածքները, հնարավորության դեպքում վարձակալությամբ տրված շենքերը վերադարձնել մանկապարտեզներին, նախադպրոցական տարիքի երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը դարձնել թափանցիկ և առցանց տիրույթում հասանելի, ընդլայնել դրանց մատչելիությունն ու ներառականությունը:

 

 

«Լույս» դաշինքի ծրագրում նույնպես նախատեսվում է մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները աստիճանաբար վերադարձնել մանկապարտեզներին: 0-6 տարեկան երեխաների ծնողների համար հասանելի էլեկտրոնային հերթագրում իրականացնել: Նախատեսվում է մշակել նախադպրոցական սննդի ռազմավարություն:

 

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խնդրին անդրադարձել է իր ծավալուն ծրագրի տարբեր բաժիններում: Այսպես, կուսակցությունը նախատեսում է բյուջեի միջոցներով վերանորոգել մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները և կառուցել նորերը, վերացնել նախադպրոցական հաստատություններում հերթագրումները, բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության իրավունքը: Նախատեսվում է նաև ապահովել մանկապարտեզները առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով, կարևորում է մշակութային-գեղագիտական դաստիարակությունը: Անդրադառնալով անվտանգության խնդրին, կուսակցությունը անհրաժեշտ է համարում անցկացնել բոլոր նախադպրոցական շենքերի սեյսմակայունության մշտադիտարկում:

 

 

Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքը նախատեսում է մանկապարտեզների հերթագրումը անել բաց հրապարակվող ցուցակներով, բարեկարգել ՆԴՀ-երի բակերը՝ նախատեսելով ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ: Հետաքրքիր մոտեցում է առաջարկվում սննդով ապահովման հարցին: Դաշինքի ծրագրում նշվում է, որ Երևանը պետք է ունենա իր գյուղատնտեսական ձեռնարկությունը, որը կարտադրի էկոլոգիապես մաքուր մթերք նախադպրողական հաստատությունների համար, ինչի շնորհիվ կկրճատվեն սննդի ծախսերը, կվերահսկվի որակը:

 

 

ՕԵԿ- ի ծրագրում նախատեսվում է անվճար մանկապարտեզների ցանցի զարգացում, դրանց շենքերի սեփականաշնորհման արգելքի պահպանում:

 

 

Ժառանգություն կուսակցությունը նախատեսում է ավելացնել մանկապարտեզների թիվը:

 

 

ՀՅԴ ծրագրում նույնպես նախատեսվում է ընդլայնել մանկապարտեզների ցանցը (թերբեռնված հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ):

 

 

ԲՀԿ-ն նշում է, որ երևանցիները դժգոհ են նախակրթարաններից, բայց ինչպես է պատրաստվում լուծել խնդիրը չի մասնավորեցնում:

 

 

Մյուս կուսակցությունները խնդրին չեն անդրադարձել:

 

WomenNet.am

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կարգախոսներ. Միասին գալիս ենք մեր Երևանը կանաչ, հարմարավետ, լույսի քաղաք դարձնելու…

Աղբահանության խնդիր. ինչ են առաջարկում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում 

Արժանապատիվ քաղաքային տրանսպորտ. ինչ են խոստանում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում

 Մանկապարտեզների  խնդիրը.  ինչ են խոստանում քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում

Անահիտ Բախշյան. « Մանկապարտեզները պետք է անվճար լինեն միայն  սոցիալապես անապահով ընտանիքների համար»

Դիտումների քանակը` 1867

Գլխավոր էջ