Մանե Թանդիլյան. « Չհամաձայնվել կարծրատիպերի հետ…»

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու շարժառիթների, Հայաստանի հրատապ լուծում պահանջող հարցերի և քաղաքականության մեջ կնոջ դերի կարևորության մասին զրուցել ենք պատգամավորության թեկնածու, «Ելք » դաշինքի համապետական ցուցակի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող Մանե Թանդիլյանի հետ:  Մանեն մասնագիտությամբ հաշվապահ է, «Լուսավոր Հայաստան»  կուսակցության խորհրդի անդամ,  հանրությանը հայտնի դարձավ  որպես  «Դեմ եմ»  հասարակական նախաձեռնության ակտիվ մասնակից:

 

Հասարակական ակտիվ գործունեությունից անցումը դեպի քաղաքականություն ինչպե՞ս կատարվեց: Քաղաքականությամբ զբաղվելու Ձեր շարժառիթը:

 

-Քաղաքականություն ինձ բերել է պատասխանատվության զգացումը .  սեփական երկրի ճակատագրի ու ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը: Այն, ինչ ես տեսնում եմ այսօրվա քաղաքական դաշտում, ինձ չի բավարարում: Ինձ չի բավարարում Ազգային ժողովի պատկերը, այդ մարդիկ ինձ և ինձ նմաններին չեն ներկայացնում, և զբաղված չեն մեր պետության զարգացման գործով: Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, և անհրաժեշտ է եղել գնալ որոշակի զոհողության: Սակայն այն, ինչ դրված է նժարին, կարևորագույն առաջնահերթություն է ինձ համար: Փորձելու եմ  ազդել  իմ և ձեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի վրա, քանի որ քաղաքականությունը մարդկային կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է: Կարող է զարգանալ միայն այն պետությունը, որի քաղաքացիները բարեկեցիկ են, ինքնաբավ և երջանիկ:

 

  Երեք  հիմնական խնդիր, որոնց լուծմամբ պատրաստվում եք զբաղվել՝ ընտրվելու դեպքում:

 

-Իմ ուշադրության կենտորնում են լինելու պարտադիր կուտակայինի չեղարկումը, հասանելի բարձրագույն կրթության հնարավորության ստեղծումը, զինվորների առաջին անհրաժեշտության պարագաների ապահովությունը: Ես նաև լոբբինգ եմ անելու վերափոխելու հարկային համակարգը և հրաժարվելու հարկային գործակալի ինստիտուտից:

 

Կանանց խնդիրներին անդրադառնանք: Ինչպե՞ս եք վերաբերում կանանց նկատմամբ խտրականության  ու անհավասարության դրսևորումներին:
-Կանանց խնդիրները Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, արդիական են թե՛ կարծրատիպերի, թե՛ հավասար հնարավորությունների իմաստով: Դրա վառ ապացույցն է կանանց պասիվությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Քաղաքականությունը համարվում է «տղամարդու գործ», և կանայք հեռու են մնում դրանից: Այնինչ ես համոզված եմ, որ մեր պետությունն արդյունավետության լուրջ կորուստ է ունենում, եթե չենք օգտագործում կանանց ներուժը: Միևնույն ժամանակ, կանանց տնային ծայրահեղ զբաղվածության պատճառով նրանք օբեկտիվորեն չեն կարողանում ներգրավվել մեր երկրի համար կարևոր այլ գործառույթների մեջ, և պոտենցիալի կորուստ ենք ունենում:  

 

Ի՞նչ քայլեր է հնարավոր անել՝ իրավիճակը հարթելու և տղամարդկանց «մենաշնորհը»  վերացնելու կամ մեղմելու ուղղությամբ:

 

– Իրականում սկուտեղի վրա մեզ ոչ ոք ոչինչ չի մատուցելու: Մենք պետք  է կարողանանք պայքարել մեր իրավունքների համար, այլ ոչ թե ընդունել կրավորական դիրք և սպասել, թե տղամարդկանց աշխարհը կառուցած դերակատարներն ինչ հնարավորություններ կստեղծեն մեզ համար:

 

Ի՞նչ դժվարություններ կան Հայաստանում կին քաղաքական գործչի համար, ի՞նչ խոչնդոտների է կինը բախվում, հաղթահարում՝ քաղաքականությամբ զբաղվելիս:
-Խնդիրները բազմաթիվ են, սկսած կարծրատիպերը հաղթահարելուց, վերջացրած սպասումները չարդարացնելու բարդույթից ազատվելը: Կնոջ դերի մասին կա այլ սպասում և ակնկալիք: Կարծում եմ, որ մեր հասարակության գիտակցության մեջ արմատապես պետք է վերանայվի կնոջ դերն ու նշանակությունը.  այն պետք է դիտարկել ոչ թե առավել կամ թերի, այլ՝ տարբեր, կարևոր և անհրաժեշտ  մեր պետության կայացման և գործունեության բոլոր մակարդակներում և ոլորտներում:

 

Քաղաքական գործչի հաջողության Ձեր բանաձևը:

 

-Համառություն, հետևողականություն և վճռականություն:

 

Ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը վստահի հենց Մանե Թանդիլյանին:

 

-Եթե կարճ՝ որովհետև ուզում է ունենալ արժանապատիվ, ինքնաբավ, գրագետ և քաղաքակիթ պատգամավոր, ով 5տարի ամեն օր ծառայելու է մեր պետության կայացմանը և պաշտպանելու է Հայաստանի քաղաքացու շահերը բոլոր հարթակներում, լինելու հասանելի ամեն օր, և հաշվետու իր արածների և չարածների համար:

 

Որտեղի՞ց պետք է սկսի երիտասարդ, դեռևս անփորձ կինը՝ եթե որոշել է քաղաքականությամբ զբաղվել:
-Մինչև որոշելը պետք է հստակ իմանա, թե ինչու է ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա՝ գտնի գաղափարակից ընկերների և քաղաքական կուսակցության, որտեղ լավագույնս կիրացվի իր գաղափարախոսությունը: 

 

Ասում են, ընտանիքն ու քաղաքականությունն անհամատեղելի են: Կարծրատիպերի դեմ պայքարի Ձեր  միջոցները:

 

-Չհամաձայնվել կարծրատիպերի հետ. ընտանիքն ու քաղաքականությունը համատեղելի են:

 

Տաթևիկ Սարգսյան

Դիտումների քանակը` 3496

Գլխավոր էջ