Մանե Թանդիլյանի նոր նախաձեռնությունները նպաստների և թոշակների գծով

 Որպես ընտանիքին ուղղված պետական  աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: 

 

 

«Ընտանիքին ուղղված պետական աջակցությունը շարունակում է հանդիսանալ կառավարության առաջնահերթություններից, որի շրջանակներում եռապատկվեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը, երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող ընտանեկան դրամագլխի սահմանափակումներում կատարվեցին դրական փոփոխություններ: Որպես ոլորտի աջակցության շարունակական քայլ` շրջանառության մեջ եմ դրել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:
Երջանիկ և ապահով մանկությունը մեր գլխավոր առաքելությունն է»,-գրել է նախարարի պաշտոնակատարը:

 

 

Նախարարի  պաշտոնակատարն ևս մեկ նախափեռնության մասին է տեղեկացրել իր էջում: Խոսքը պետական պաշտոնյաննների թոշակների մասին է   , որն այսուհետ ուղղակիորեն  կապվելու է մյուս քաղաքացիների կենսաթոշակների հետ:

 

 

«Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը և բևեռացման մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա¬հարելը համարվում է խիստ կարևոր: Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաններ, ովքեր ստանում են նույնիսկ 1.000.000 դրամից ավել կենսաթոշակ:  Շրջանառության մեջ եմ դրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացւոմ կատարելու մասին նախագիծ, համաձայն որի առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ, որը չի կարող գերազանցել նվազագույն կենսաթոշակի տասնապատիկը։ Արդյունքում՝ պետական պաշտոնյաների կենսաթոշակը ուղղակիորեն կապվելու է քաղաքացիների կենսաթոշակի հետ և պետական պաշտոնյաները, ովքեր պատասխանատվություն են կրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, կկարողանան բարձրացնել իրենց թոշակը միայն քաղաքացիների կենսաթոշակը բարձրացնելուն զուգահեռ»,  -գրել է Թանդիլյանն իր ֆեյբուքյան էջում։

 

 

***

 

Ի դեպ,  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է , որ  առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, կուսակցության  փոխնախագահ Մանե Թանդիլյանն առաջադրվելու է  կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղում:  Ավելի վաղ  հայտարարվել էր, որ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը  2017թ․ խորհրդարանական ընտրություններում միակ կին թեկնածուն է եղել, որ ընտրվել էր  պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով: առաջադրվելով Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքում նա  վստահության քվե է ստացել  5.110 քաղաքացիներից:  2018թ. մայիսի 12-ին նա  նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

 

Դիտումների քանակը` 1930

Գլխավոր էջ