Մայրության համար բարենպաստ երկրներ. ինչու՞ է Հայաստանը 103-րդ տեղում

Նորվեգիան գլխավորում է մայրերի համար լավագույն երկրների  վարկանիշային աղյուսակը (Mothers’ Index), որն ամեն տարի կազմում է Save the Children կազմակերպությունը:  Այս տարվա զեկույցի համաձայն,  առաջին լավագույն տասնյակում են հայտնվել Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Իսպանիան, Բելգիան ու Ավստրալիան: Մայրերի համար աշխարհի ամենաանբարենպաստ վայրը  Սոմալին է, որից մի փոքր առաջ են Կոնգոն և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Առաջատար 10 երկրներում 290 մայրերից միայն 1-ն է մինչև 5 տարեկան զավակ կորցնում, մինչդեռ  մայրության համար 10 անբարենպաստ երկրներում՝ 8-ից 1-ը:

Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնական( 179 երկրից) : Հարևան երկրներից Թուրքիան 65-րդն է, Իրանը՝ 84-րդը, Վրաստանը՝ 86-րդը, Ադրբեջանը՝ 90-րդը:  Նշենք, որ նախորդ տարիներին Հայաստանն ավելի բարենպաստ  դիրքերում էր գտնվում: Հասկանալու համար, ինչն պատճառը, նշենք, որ վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել մի քանի գործոններ՝ մայրական առողջություն, կրթվածության մակարդակ, մեկ շնչին հասնող եկամուտներ, կանանց մասնակցությունը կառավարման ոլորտում եւ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակ: Տրամաբանությունը, որով առաջնորդվում են հետազոտողները,  շատ պարզ է. մայրերի եւ երեխաների կյանքի որակն անմիջական կապ ունի մայրերի  կրթվածության, նրանց սոցիալական բարեկեցության, նրանց  համար սոցիալական  ու առողջապահության ծառայությունների  մատչելության ու առհասարակ կանանց տնտեսական եւ քաղաքական կարգավիճակի, այդ թվում որոշումների վրա նրանց  ազդեցության հնարավորությունների հետ:

Ինչպես նշում է  ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը  նշված գործոններից միայն երկուսն են, որ առողջապահության են վերաբերվում, դա մայրերի եւ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշներն են:  Փորձագետն  այս առումով  զարմանքն է հայտնում զեկույցում ներկայացված մեր երկրի վարկանիշի կապակցությամբ:   Նրա  խոսքով՝ զեկույցի տվյալներն իրականության չեն համապատասխանում եւ Հայաստանում այս ոլորտի վիճակն անհամեմատ ավելի լավն է, քան ներկայացնում է զեկույցը:

 

Օրինակ,  վարկանշային աղյուսակի համաձայն՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը կազմում է 15.6՝ 100 հազարի հաշվարկով, այնինչ պաշտոնական ցուցանիշը մի քանի տարի է, ինչ փոխվել է եւ այժմ կազմում է 10-11: « Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով, Հայաստանը աշխարհում երեխաների մահացության միջին ցուցանիշ գրանցող երկրների շարքում է գտնվում»,- նշում է Ավագյանը:

 

Նույնը, նրա խոսքով, վերաբերում է  մայրական մահացության ցուցանիշին,  որը վերջին տարիներին նկատելիորեն նվազել է, եւ այժմ համապատասխան ցուցանիշը կազմում 18-19՝ 100 հազարի հաշվարկներով Այս ցուցանիշը շատ ավելի բարվոք է, քան ԱՊՀ շատ երկրներում (միջինում՝ 29՝ 100 հազարի հաշվարկներով), այն, սակայն  անբարենպաստ  է՝ զարգացած եվրոպական երկրների համեմատ, որտեղ նույն ցուցանիշը կազմում է  5՝ 100 հազարի հաշվարկներով: «Ամեն տարի մեր  երկրում արձանագրվող 60 հազար հղիության, ծննդաբերության, աբորտների, վիժման  դեպքում՝ դրանցով պայմանավորված մահվան ընդամենը 7-8 դեպք է գրանցվում», – նշում է Ավագյանը:

 

Նա հիշեցրեց նաեւ, որ, անկախ սոցիալական դրությունից եւ այլ գործոններից, Հայաստանի բոլոր կանայք ունեն երկրի կառավարության կողմից երաշխավորված անվճար ծննդօգնության իրավունք: «Այս ամենի ֆոնին մի փոքր տարօրինակ է, որ Հայաստանն ավելի ցածր տեղ է զբաղեցրել, քան, օրինակ, Թուրքիան, որտեղ տնային ծննդաբերությունները կազմում են 40 տոկոս, ինչն անշուշտ  բարձրացնում է ինչպես մոր, այնպես էլ մանկան մահվան հավանականությունը», – ասաց նա, ընդգշելով,  որ  Հայաստանի վարկանիշն, ըստ էության, իջել է ոչ այնքան առողջապահական, ինչքան այլ գործոնների հաշվին:

 

Save the Children հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը՝ մեկնաբանելով լրագրողների խնդրանքով զեկույցի տվյալները, ուշադրություն դարձրեց, որ դրանք անմիջականորեն արտացոլում  են նաեւ  անհավասարությունը սոցիալ-տնտեսական ոլորտում: «Զեկույցը վկայում է  այն մասին, որ մայրերի մահը պայմանավորված է ոչ միայն առողջապահական խնդիրներով, այլ նաեւ  սոցիալ-տնտեսական բնույթի գործոններով», – ասաց նա:

 

Զեկույցն ամբողջությամբ այստեղ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Որքան շատ կանայք են ներկայացված խորհրդարանում, այնքան պաշտպանված են երեխաները»

 

 

Դիտումների քանակը` 3515

Գլխավոր էջ