ՄԱԿ ՓԳՀ. «Փախստական լինելը ՝ բռնության հետեւանք է»
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը: Այն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն ավանդաբար մասնակցում է 16-օրյա այդ քարոզարշավին ՝ դիտարկելով փախստական լինելու փաստը որպես բռնության դրսեւորում: Հենց այդ մեսիջով է հանդես եկել գրասենյակը 16-օրյակին ընդառաջ՝ կազմակերպելով նույեմբերի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում սիրիահայ կանանց մասնակցությամբ ցուցահանդես-վաճառքը :
– Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավը ստիպում է կանգ առնել ու մտածել դաժան իրականության մասին, որն այսօր առկա է երկրագնդի տարբեր կողմերում,- միջոցառման բացմանը դիմելով մասնակիցներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, – Ցանկացած տեսակի բռնություն թուլության նշան է: Բռնության հետեւանքներից մեկն էլ փախստականի կարգավիճակն է: Իսկ միջոցներից մեկն այն է, որ մենք օգնենք պատերազմից տեղահանված եւ փախստական դարձած կանանց՝ դարձնելով նրանց գործունյա, տալով նրանց գործունեության դաշտ եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն: Զբաղվածության խնդրի լուծումը ոչ միայն կբարձրացնի նրանց ինքնագնահատականը, այլև կապահովի եկամուտով, որն այնքան անհրաժեշտ է նաև փախստականի կարգավիճակում հայտնված նրանց ընտանիքների ողնաշարը շտկելու համար»:
Նոր բնակավայրերում հաստատված բռնագաղթված ընտանիքների կայացման հարցում Քրիստոֆ Բիերվիրթը կարևորեց նաև տղամարդու դերը: «Հատկապես խոսքը վերաբերում է փախստական ընտանիքներին այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է, որն այնքան էլ բարգավաճ չէ: 16-օրյակի քարոզարշավը վերաբերում է նաև բոլոր նրանց, ում առքելությունն է կանխարգելել ամեն մի բռնություն»,- ասաց պարոն Բիերվիրթը:
Ցուցահանդես –վաճառքին արևելյան խոհանոցի հարուստ տեսականիով աչքի էր ընկնում «Լիբանան» ռեստորանի տնօրեն Մանուշակ Կիրազյանի տաղավարը: Լիբանանում ամուսնու հետ լուսանկարչությամբ զբաղվող Մանուշակը երբևէ չէր մտածում, որ կյանքի կտրուկ շրջադարձը նրան կբերի իր իրական հայրենիք: Որքան էլ զարմանալի էր, սակայն մի ներքին ձայն նրան հուշում էր տիրապետել նաև խոհանոցային գաղտնիքներին, ինչն էլ Մանուշակին ամուսնու, երկու դստրերի ու մոր համար Հայաստանում ապահովեց մշտական աշխատանք: « Հինգ-վեց ամիս առաջ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից ֆինանսական աջակցություն ստացանք, որը ներդրեցինք ընտանեկան բիզնեսում: Մեր ռեստորանում ներկայացնում ենք լիբանանյան և հին հայկական՝ Ուրֆայի, Այնթափի, Մուսա լեռան ճաշատեսակները: Հայաստանից մեկ այլ տեղ գնալու մտադրություն չունենք: Այստեղ ապահով է»,-ասում է Մանուշակը:
Իսկ ահա Սալբի Բրուտյանին ՄԱԿ ՓԳՀ-ն ապահովել է սառնարանով և ջեռոցով: Մի որոշ ժամանակ ճաշարանում խոհարար աշխատելուց հետո որոշել է հիմնել անհատական բիզնես: Ցուցահանդես-վաճառքում նրա ներկայացրած անուշեղենի տեսականին և արևի տակ եփած աղացած պղպեղի հանդեպ ներկաների հետաքրքրությունն ակնհայտ էր:
Անժելա Աճեմյանի համար Սիրիայում ահաբեկիչների կողմից քրիստոնյա լինելու համար սպանված ամուսնու մահից հետո երեք անչափահաս երեխաների հետ Հայաստանում հաստատվելը դժվար կլիներ առանց ՄԱԿ ՓԳՀ-ի, Կարմիր խաչի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աջակցության; Այսօր նա երեխաների կարիքները հոգում է անուշեղենի պատրաստմամբ և դրանց իրացմամբ:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցող սիրիահայ կանանցից մի քանիսը առաջին, իսկ ոմանք էլ շատ անգամ են մասնակցել նման միջոցառումների: Բոլորն էլ միանշանակ գտնում են, որ այն իրենց օգնել է ոչ միայն իրացնել իրենց արտադրանքը, այլև ձեռք բերել նոր պատվիրատուներ ու նաև հանդիպել հայրենակիցների:
Միջոցառմանն առանձնակի հմայք հաղորդեցին փոքրիկ պարուհիներն իրենց գեղեցիկ պարով ու շքեղ հանդերձանքով: Ի դեպ, պարային հայկական, հնդկական, իսպանական հանդերձանքի հեղինակը 4 ամիս առաջ Հայաստան ներգաղթած Զեփյուռ Ջաջան է: Նրա կատարյալ վարպետությանը վստահվել են նաև Սոֆի Դևոյանի և Գայանե Երիցյանի պարախմբերի հագուստները:
Խորհրդանշական էին նաև միջոցառման կազմակերպիչների կրած նարնջագույն շարֆերը: Իսկ թե ինչու նարնջագույն. «16-օրյակի շրջանակում որոշեցինք հանդես գալ «Նարնջագույն ներկենք աշխարհը» խորագիրը պատկերող գույնով,- պարզաբանեց Հայկական Կարմիր խաչի՝ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի համակարգող Հասմիկ Խաչատրյանը:
Անուշ Ներսիսյան
Հ.Գ. 1991 -ից ի վեր իրականացվող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» ամենամյա միջազգային քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:
Դիտումների քանակը` 3322