ՄԱԿ-ն ու Եվրամիությունը հայտարարել են ընդդեմ կանանց նկատմամբ բռնության նոր նախաձեռնության մասին
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի ու Եվրամիության ներկայացուցիչները հայտարարել են համատեղ նախաձեռնության մասին, որն ուղղված է կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանը:
«ՄԱԿ-ն ու Եվրոպական Միությունը մշտապես փորձում են իրականացնել ընդհանուր նպատակներ, դրանք են՝ խաղաղությունը, արդարությունն ու կայուն զարգացումը: Առանց գենդերային հավասարության ապահովման ու կանանց վիճակի բարելավման բոլոր երեք ուղղություններով էլ հաջողություններն անհնար կլինեն», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով մասնակցել է նոր նախաձեռնության ներկայացմանը: Համատեղ նախաձեռնության իրականացման համար ԵՄ-ն կես միլիարդ եվրոյի ներդրում է կատարելու, այն բաց է լինելու նաև ուրիշ դոնորների համար:
«Եվրամիությունը պատրաստ է պայքարելու կանանց ու աղջիկների նկատմամբ կիրառվող բռնության բոլոր ձևերի դեմ, քանի որ դրանք խաթարում են մեր հիմնարար իրավունքներն ու արժեքները, ինչպիսիք են արժանապատվությունը, արդարադատության հասանելիությունը և գենդերային հավասարությունը: Նախ և առաջ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր կանայք ու աղջիկներն անվտանգ լինեն, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան ներդնել իրենց ողջ ներուժը»,-ասել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում ամեն երրորդ կին բախվում է ֆիզիկական կամ սեռական բռնության՝ ծեծի, աշխատանքային շահագործման կամ այլ ձևերի: Կանանց նկատմամբ բռնության ամենաահավոր տեսակը սեռական շահագործումն է:
«Ցավալի է, բայց սա իրականությունն է: Ցավոք սրտի, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Նախկինի պես բռնությունը բազմաթիվ աղջիկների ու կանանց կյանք է խլում, միլիոնավոր կանանց զրկում է արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը կյանքեր է կործանում ու ցավ պատճառում հաջորդ սերունդներին»,-ասել է նա:
Գուտերեշը պատմել է, որ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել վայրագությունների զոհ դարձած կանանց հետ: Նա հիշեցրել է, որ ժամանակին, երբ Պորտուգալիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, հասել է ընտանեկան բռնությունների արգելքի օրենքի ընդունմանն այն պարագայում, երբ դա երկրում որպես խնդիր չէր ընկալվում:
ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ կանանց նկատմամբ բռնությունների խնդրին առնչվում են աշխարհի բոլոր երկրները առանց խտրականության: Նա կոչ է արել ջանքեր գործադրել այս ամոթալի երևույթի դեմ պայքարելու համար, պայքարն ամրապնդել անհրաժեշտ ռեսուրսներով, ինչպես նաև չթուլացնել քաղաքական կամքը:
ՄԱԿ-ի ու ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ հաջորդ մի քանի տարիներին իրականացվելու են հատուկ ծրագրեր ընդդեմ գենդերային խտրականությամբ պայամանավորված կանանց և աղջիկների բռնությունների, ներառյալ թրաֆիքինգը ու տնտեսական շահագործումը, ընտանեկան բռնությունները:
Միջոցառումները նախատեսում են օրենսդրական կարգավորումներ, քաղաքականության ու ինստիտուտների հզորացում, ծառայությունների մատչելիության ապահովում, ինչպես նաև տվյալների հավաքագրման բարելավում Աֆիկայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում, Կարիբյան ու Խաղաղօվկիանոսյան երկրներում:
Նախաձեռնության հիմքում Կայուն զարգացման 2030 օրակարգի մոտեցումներն են, որը նախատեսում է հատկապես մեծ ուշադրություն դարձնել մարգինալացված կանանց ու աղջիկներին, որպեսզի ոչ ոք անտեսված չմնա:
«Լուսարձակ այս նախաձեռնությունն իսկապես պատմական է: Երբ մենք լույս ենք գցում աշխարհի կանանց ու աղջիկների հզորացման վրա, բոլորի ապագան ավելի պայծառ է դառնում»,-ասել է Գուտերեշը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 2890