ՄԱԿ. Հայաստանի հաջողություններն ու բացթողումները մարդու իրավունքների բնագավառում
“ Կանանց ու տղամարդկանց հավավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքն ամենահիշատակվող հաջողությունների թվում է
Հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խումբը քննարկել է Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ: Զեկույցը ներկայացվում է 4,5 տարի պարբերականությամբ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի առաջին դիտարկումն իրականացվել է 2010-ին.:
Օնլայն ռեժիմով հեռարձակվող քննարկմանը հետևում էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում հավաքված պետական և միջազգային կառույցների, տեղական հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում է? ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը Հաայաստանի զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավար արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց զեկույցը , մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները»:
Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձել է ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:
Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ են ունեցել 71 երկրների ներկայացուցիչներ: Հատկանշական է , որ որպես հաջողություն գրեթե բոլորը հիշատակում էին 2013-ին ընդունված “ Կանանց ու տղամարդկանց հավավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքի կարևորությունը: Առավել հիշատակվող թեմաների շարքում էր նաև ընտանեկան բռնության խնդիրը` համապատասխան օրենքի բացակայության շեշտադրմամբ:
Աշխատանքային խմբի անդամներին հետաքրքրում էր նաև թե Հայաստանը ինչպես է պայքարում կանանց նկատմամբ խտրականության եւ գենդերային կարծրատիպերի դեմ: Շոշափվեցին նաև խտրականության այլ դրսևորումները, այդ թվում սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խնդիրը: Խմբի անդամներին հետաքրքրում էին նաև հատուկ դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերը, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները: Խոսք գնաց նաև հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ բարձրացնելու մասին և այլ իրավունքների մասին:
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ :
Ըստ ընթացակարգի, զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների ընդունումը: Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 27-ի ժամը 17.00-ին:
Դիտումների քանակը` 3314