«ՄԱԿ Կանայք». գենդերային հավասարությունը 2030 օրակարգում
2018թ. փետրվարի 14-ին «ՄԱԿ Կանայք»-ի այս տարվա փետրվարին հրապարակված «Խոստումները գործողությունների վերածելիս. գենդերային հավասարությունը 2030-ի օրակարգում» զեկույցը ՝ հիմնվելով փաստերի և փորձագիտական վերլուծությունների վրա անդրադառնում է աշխարհում գենդերային հավասարության ներկա վիճակին և ներկայացնում առաջարկություններ գենդերային հավասարության ֆինանսավորման ու քաղաքականության վերաբերյալ։
Ներկայացնում ենք մի շարք փաստեր և թվեր զեկույցից.
Նպատակ 1. Ո՛չ աղքատությանը
- Աշխարհում 25-34 տարեկան 122 կանայք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում՝ նույն տարիքային խմբի յուրաքանչյուր 100 տղամարդու դիմաց:
Նպատակ 2. Ո՛չ սովին
- 11 տոկոսով ավելի հավանական է, որ կանայք հայտնեն սննդի անվտանգության բացակայության մասին, քան տղամարդիկ:
Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն
- Աշխարհում 2015 թ. 303 հազար կին է մահացել հղիության հետ կապված խնդիրների պատճառով: Մահացության մակարդակը չափազանց դանդաղ է նվազում 3.1 թիրախին հասնելու համար:
Նպատակ 4. Որակյալ կրթություն
- Տարրական դպրոցի տարիքի 15 միլիոն աղջիկներ երբեք չեն ունենա տարրական դպրոցում կարդալ կամ գրել սովորելու հնարավորություն՝ համեմատած նույն տարիքային խմբի 10 միլիոն տղաների հետ:
Նպատակ 5. Գենդերային հավասարություն
- 18 երկրներում ամուսինները կարող են օրենքով արգելել իրենց կանանց աշխատել, 39 երկրներում դուստրերն ու որդիները չունեն ժառանգման հավասար իրավունքներ, 49 երկրներում բացակայում են կանանց՝ ընտանեկան բռնությունից պաշտպանող օրենքները:
- 5 կանանցից և աղջիկներից մեկը՝ 15-49 տարեկան կանանց և աղջիկների 19 տոկոսը, զուգընկերոջ կողմից ֆիզիկական և/կամ սեռական բռնության է ենթարկվել վերջին 12 ամիսներին: Մինչդեռ 49 երկրներում չկան օրենքներ, որ կանանց հատուկ կպաշտպանեն նման բռնությունից:
- Աշխարհում 750 միլիոն կանայք և աղջիկներ ամուսնացել են մինչև 18 տարին լրանալը և առնվազն 200 միլիոն կանայք և աղջիկներ 30 երկրներում կանացի սեռական օրգանների խեղման են ենթարկվել:
- Չնայած ամբողջ աշխարհում կանայք կարևոր հաջողություներ են գրանցել քաղաքականության ասպարեզում, նրանց ներկայացուցչությունը ազգային խորհրդարաններում 23,7 տոկոս է կազմում, ինչը դեռևս շատ հեռու է հավասարությունից:
- Ամուսնացած կամ հարաբերություններ ունեցող կանանց միայն 52 տոկոսն է ազատ որոշումներ կայացնում սեռական հարաբերությունների, հակաբեղմնավորիչների օգտագործման և առողջապահության վերաբերյալ:
- Աշխարհում գյուղատնտեսական հողատարածքների սեփականատերերի միայն 13 տոկոսն են կազմում կանայք:
- Ավելի քիչ հավանական է, որ կանայք բջջային հեռախոս ունենան, քան տղամարդիկ: Համացանցի օգտագործման կանանց ցուցանիշը 5,9 տոկոսով ավելի ցածր է, քան տղամարդկանցը:
- Ավելի քան 100 երկրներ գենդերային հավասարությանն ուղղված բյուջետային հատկացումներին հետևելու գործողություններ են ձեռնարկել:
Նպատակ 6. Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ
- Կանայք և աղջիկները պատասխանատու են ջուր հավաքելու համար այն տնային տնտեսությունների 80 տոկոսում, որոնց ջուրը հասանելի չէ:
Նպատակ 7. Մաքուր էներգիա
- Տնային տնտեսություններում էներգիայի ապահովման նպատակով դյուրավառ վառելիքի օգտագործման պատճառով շինության ներսում օդի աղտոտման հետևանքով 2012 թ. գրանցվել է մահվան 4,3 միլիոն դեպք: Կանանց և աղջիկների մահացությունը յուրաքանչյուր 10 դեպքից 6-ն էին կազմում:
Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք
- Աշխարհում գլոբալ գենդերային վճարման տարբերությունը 23 տոկոսի է հասնում և եթե վճռական գործողություններ չձեռնարկվեն, 68 տարի կպահանջվի հավասար վճարման հասնելու համար: Աշխատուժի մեջ կանանց մասնակցությունը հասնում է 63 տոկոսի, իսկ տղամարդկանցը՝ 94 տոկոսի:
- Չնայած որ հասարակական կյանքում իրենց ներկայությունն աճում է՝ կանայք շարունակում են 2,6 անգամ ավելի շատ չվճարվող խնամք և տնային աշխատանքներ իրականացնել, քան տղամարդիկ:
Նպատակ 9. Նորարարություն
- Կանայք աշխարհում կազմում են հետազոտողների 28,8 տոկոսը: Յուրաքանչյուր 5 երկրներից միայն մեկն է հասել այս ոլորտում գենդերային հավասարության:
Նպատակ 10. Կրճատված անհավասարություն
- Եկամտի անհավասարութան ավելի քան 30 տոկոսի պատճառը անհավասարությունն է տնային տնտեսություններում՝ ներառյալ տղամարդկանց և կանանց միջև անհավասարությունը: Կանայք ավելի հավանական է, որ ապրեն միջին եկամտից 50 տոկոսով ավելի ցածր պայմաններում, քան տղամարդիկ:
Նպատակ 11. Կայուն քաղաքներ
- Քաղաքային ետնախորշերում ապրող կանայք ավելի շատ բարդությունների առաջ են կանգնում՝ կապված տարրական պահանջների բավարարման հետ: Մաքուր ջուրը և բարելավված սանիտարական պայմանները հաճախ հասանելի չեն:
Նպատակ 12. Պատասխանատու սպառում
- Հանրային տրանսպորտում արվող ներդրումները կանանց ավելի շատ օգուտներ են տալիս, քանի որ նրանք ավելի շատ են իրենց հույսը դնում տրանսպորտի վրա, քան տղամարդիկ:
Նպատակ 13. Գործողություն՝ ի նպաստ կլիմայի
- Կլիմայի փոփոխությունը անհամաչափ է ազդում կանանց և երեխաների վրա, ովքեր 14 անգամ նույնքան հավանական է, որ կմահանան աղետի ժամանակ, որքան տղամարդիկ:
Նպատակ 14. Կյանքը ջրի տակ
- Քաղցրահամ ջրերի և ծովային էկոհամակարգերի աղտոտումը բացասաբար է ազդում կանանց և տղամարդկանց ապրուստի, նրանց և նրանց երեխաների առողջության վրա:
Նպատակ 15. Կյանքը ցամաքում
- 2010-2015 թթ. աշխարհը կորցրեց 3,3 միլիոն հեկտար անտառային տարածք: Գյուղերում բնակվող աղքատ կանայք ավելի շատ են կախված ընդհանուր ռեսուրսային միավորումներից և նրանց վրա մեծ ազդեցություն է ունենում դրանց կորուստը:
Նպատակ 16. Խաղաղություն և արդարություն
- Հակամարտությունների ժամանակ սպանությունների և դաժան հանցագործությունների այլ ձևերի մակարդակները էապես աճում են: Ավելի հավանական է, որ տղամարդիկ կսպանվեն մարտադաշտում, մինչդեռ կանայք հակամարտությունների ժամանակ ենթարկվում են սեռական բռնության, նրանց առևանգում են, տանջանքների ենթարկում և ստիպում հեռանալ տներից:
- Օրենսդրություն. 49 երկրներ չունեն ընտանեկան բռնության մասին օրենսդրություն։ 45 երկրներ չունեն օրենսդրություն, որ հատուկ հասցեագրված լինի սեռական հետամտումների հարցերին։ 37 երկրներում բռնաբարություն կատարած անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, եթե ամուսնացած է կամ արդյունքում ամուսնանում է զոհի հետ:
Նպատակ 17. Համագործակցություն
- 2012 թ. զարգացող երկրներից դուրս եկող ֆինանսները 2,5 անգամ գերազանցում էին երկիր մտնող օգնությունը և դրան համեմատած՝ գենդերային հատկացումները բավական քիչ էին:
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Դիտումների քանակը` 2816