ՄԱԿ-ը տոնում է իր 70-ամյակը . «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով»
Հոկտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունը տոնում է իր 70-րդ տարեդարձը: Այդ օրը 1945-ին ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի կանոնադրությունը: Տարեդարձը հնարավորություն է տալիս հետադարձ հայացք գցելու ՄԱԿ-ի պատմությանն ու ձեռքբերումներին: Դա նաև հնարավություն է լույս սփռել այն ոլորտների վրա, որտեղ ՄԱԿ-ը և ամբողջ միջազգային համայնքը, պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար՝ հինվելով երեք հիմնասյուների՝ խաղաղության և անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների վրա: տարեդարձի կապակցությամբ ողջ աշխարհում միջոցառումներ կանցկացվեմ «Ուժեղ ՄԱԿ-ի հետ աշխարհն ավելի լավն է դառնում» կարգախոսով: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն սկսեց գործել 1992թ. դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ նույն թվականի մարտին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
Տոնակատարությունները սկսվում են արդեն այսօր «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» արշավի մեկնարկով: Տարեդարձի կապակցությամբ աշխարհի ավելի քան 60 երկրներում ավելի քան 250 շենքեր, թատրոններ, թանգարաններ, հուշարձաններ և կամուրջներ լուսավորվելու են ՄԱԿ-ի դրոշը խորհրդանշող կապույտ գույնով: ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքը Նյու Յորքում կլուսավորվի կապույտ գույնով երկու գիշեր, հոկտեմբերի 23-ին, երբ անց է կացվելու ավանդական գալա- համերգը և հոկտեմբերի 24-ին
Որպես համաշխարհային կազմակերպության մաս՝ Հայաստանը ևս միանում է «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» արշավին: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Վաղարշապատի 5-7-րդ դարի Սուրբ Գրիգորի տաճարը (Զվարթնոց), Դիլիջանի 19-20-րդ դարի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրը և Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտ գույնով:
***
ՄԱԿ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ով ,ի դեպ , ութերորդն է այդ պաշտոնը զբաղեցրած գործիչներից, հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես ասված է.
«Ազգային դրոշները հպարտության ու հայրենասիրության խորհրդանիշ են աշխարհի ցանկացած երկրում: Սակայն միայն մեկ դրոշ կա, որ պատկանում է բոլորիս:
Միավորված ազգերի կազմակերպության կապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար, երբ հասակ էի առնում պատերազմական Կորեայում:
Իր հիմնադրումից յոթ տասնամյակ անց էլ ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար:
Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունը կերակրում է քաղցածներին ու ապաստան տրամադրում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց:
ՄԱԿ-ը պատվաստում է երեխաներին, որոնք այլապես կարող են մահանալ կանխարգելելի հիվանդություններից:
ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները՝ անկախ ռասայական, կրոնական, ազգային, գենդերային կամ սեռական պատկանելությունից:
Մեր խաղաղապահները հակամարտության առաջին գծում են, պատերազմող կողմերը մեր միջնորդների ջանքերով նստում են խաղաղ բանակցությունների սեղանի շուրջը, մարդասիրական ոլորտի մեր աշխատակիցները արիաբար գործում են վտանգավոր պայմաններում, որպեսզի տրամադրեն կենսական անհրաժեշտության օգնություն:
ՄԱԿ-ն աշխատում է յոթ միլիարդ մարդուց բաղկացած մարդկային ողջ ընտանիքի համար և հոգ տանում մեր միակ ու անկրկնելի տան՝ Երկիր մոլորակի համար:
Եվ ՄԱԿ-ի բազմազան ու տաղանդավոր աշխատակազմն է, որ օգնում է կյանքի կոչել ՄԱԿ-ի կանոնադրությունը:
ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը նրանց անձնվիրությունը գնահատելու պահն է, ինչպես նաև առիթ՝ հարգանքի տուրք մատուցելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց պարտականությունները կատարելիս զոհել են առավելագույնը՝ իրենց կյանքը:
Աշխարհը կանգնած է բազում ճգնաժամերին հանդիման, իսկ միջազգային հավաքական գործողության սահմանները ցավալիորեն հստակ են: Եվ այնուամենայնիվ, ոչ մի երկիր կամ կազմակերպություն ի զորու չէ միայնակ դիմակայել մերօրյա մարտահրավերներին:
Մենք պետք է շարունակենք առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրության հավերժական արժեքներով: Մեր ընդհանուր պարտքն է՝ «միավորել մեր ուժերն» ու ծառայել «մեզ՝ ՄԱԿ-ի ժողովուրդներին»:
Այս տարեդարձը նշելու նպատակով ամբողջ աշխարհում բազում շենքեր ու հուշարձաններ են լուսավորվում ՄԱԿ-ի դրոշի կապույտով: Եվ մինչ լույս ենք սփռում այս դարակազմիկ տարեդարձին՝ եկեք վերահաստատե՛նք ավելի լավ ու ավելի պայծառ ապագա ստեղծելու մեր հանձնառությունը»:
Օրվա և առհասարակ 70 ամյակի մասին ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներով տեղեկատվությանը առավել մանրամասն կարելի է ծանոթանալ տարեդարձին նվիրված պաշտոնական կայքէջում
Դիտեք նաև ՄԱԿ-ի ստեղծմանը նվիրված տեսահոլովակը.
Դիտումների քանակը` 5304