«Ղարաբաղի կանանց փորձառությունը քառօրյա պատերազմի ընթացքում». հետազոտություն
Ինչպես են կանայք ընկալում պատերազմն ու դրա հետևանքները, ինչ դեր ունեն նրանք խաղաղության հաստատման հարցում և ինչ հեռանկարներ են տեսնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցով 2016թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականցված «Ղարաբաղի կանանց փորձառությունը քառօրյա պատերազմի ընթացքում» հետազոտության արդյունքները ներկայացնում են ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի Կոնֆլիկտի և Միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտողներ Շուշան Ղահրիյանն ու Աննա Աթոյանը: Հետազոտության շնորհանդեսը կայացել է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնում:
-Մինչև 2000-ական թվականները կատարված ուսումնասիրություններում կանայք դիտարկվել են որպես պատերազմի զոհ ու բռնության ենթարկվողներ: 2000թ.-ին, երբ ընդունվեց ՄԱԿ-ի 1325 բանաձևը, իրավիճակը փոխվեց՝ կանանց սկսեցին ուսումնասիրել խաղաղություն հաստատելու գործընթացների համատեքստում: Այժմ արդեն շատ հետազոտողներ կարևորում են կանանց դերը՝ կոնֆլիկտի լուծման հարցում, նշելով, որ կանայք ավելի խաղաղասեր են, և որ նրանց մտածողությունն ուղղված է լուծումներ գտնելուն: Այդպիսի դեպքեր Հայաստանում ևս ունեցել ենք, երբ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի, « Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի կին ղեկավարները պատերազմի տարիներին կարողացան մոտ 500 ռազմագերիների փոխանակում կազմակերպել: Թեպետ Ղարաբաղում շատ հետազոտություններ են իրականցվել, սակայն միայն կանանց վերաբերող ուսումնասիրություններ չկային, ուստի որոշեցինք լրացնել այդ բացը»,- ասում է Շուշան Ղահիրյանը:
Հետազոտության շրջանակներում հարցումներ են իրականացվել Լեռնային Ղարաբաղի տարբեր տարածաշրջաններում ապրող 48 կանանց հետ: Կատարվել է 8 փորձագիտական հարցազրույց կոնֆլիտաբանների, հասարակական կազմակերպություններում ներգրվված ոլորտի մասնագետների հետ: Որպես չափանիշներ ընտրվել են տարիքը, բնակավայրի սահմանամերձ-ոչ սահմանամերձ լինելը (սահմանամերձ բառը պայմանական է գործածվել, Շուշին ու Ստեփանակերտը դիտարկվել են որպես ոչ սահմանամերձ, Մարտունին ու Մարտակերտը՝ սահմանամերձ համայնքներ), ընտանիքում զինծառայողի առկայությունը, Ղարաբաղյան 1-ին պատերազմում փորձառությունը, ապագայի հանդեպ մտահոգություններն ու տեսլականը:
Կանայք պատերազմում
Կանանց մի մասը Ղարաբաղյան 1-ին պատերազմում մասնակցություն է ունեցել: Մյուս մասն ավելի երիտասարդ է և 1-ին պետազրմի ժամանակ կամ ծնված չի եղել, կամ փոքր է եղել: Պատերազմին կանայք մասնակցությունը եղել է ուղղակի և անուղղակի:
-Առաջին խմբում նկատի ունենք կանանց, որոնք առաջնագծում կամ կռվել են, կամ որպես բուժքույր, խոհարար են ներգրավված եղել: Անուղղակի մասնակցության դեպքում կանայք տնտեսույթանն են հետևել, աջակցել են տղամարդկանց՝ չեն լքել իրենց բնակավայրերը, ինչպես իրենք էին ասում՝ «դրանով իսկ իրենց տղամարդկանց պատճառ տալով կռվելու համար»,- ասում է Աննա Աթոյանը:
Ավագ սերունդը, որը մեկ անգամ ապրել է պատերազմը, մտածում է ոչ թե իրենց կյանքին սպառնացող վտանգների կամ իրենց անվտանգտության մասին, այլ սահմանին կանգնած զինվորների և երիտասարդ ընտանիքների: Նրանք ավելի շատ հակված են լուծումներ գտնելուն: Իսկ երիտասարդ կանայք, որոնք չեն ապրել պատերազմը, բայց մեծացել, սոցիալականացվել են մի միջավայրում, որտեղ բոլորը պատերազմից են խոսում, նրանց հայացքներն ավելի շատ ռազմականացված են, նրանք հակված են մեկնել առաջնագիծ:
Երկու սերնդի կանայք որպես առաջին ու երկրորդ Ղարաբաղյան պատերազմների տարբերություն նշում են սպասելի ու ոչ սպասելի լինելու հանգամանքը:
-Եթե առաջին պատերազմի ժամանակ կանանց զգուշացրել էին, ենթադրենք, «հեռացեք, Շահումյանը վերցնելու ենք», ապա ապրիլյան քառօրյան շատ անսպասելի էր,- նշում է Աննան ու ավելացնում,- Չնայած անպասելոիությանը՝ երկրորդ պատերազմի ժամանակ կանանց մոտ ինքնավստահությունն ավելի մեծ էր, քանի որ կար կազմակերպված պետական բանակ:
Ինչ վերաբերում է տեղեկատվության ստացմանը, ապրիլյան քառօրյայի ժամանակ այդ հոսքն ավելի մեծ էր, ինչը դրականի հետ բացասական կողմեր ևս ուներ: Մասնավորապես, հաճախ տարածվում էին ապատեղեկատվություններ, որոնք խուճապ էին առաջացնում հանրության մեջ, և մարդիկ, որոնք զինծառայող չունեին, չէին կարողանում ճշտել այդ ինֆորմացիան:
Ըստ հետազոտության՝ կանայք լիբերալ հայացքներ ունեն պատերազմին մասնակցելու տեսանկյունից: Նրանք կարծում են, որ սեռը կապ չունի, կարևորն այն է` մարդը կարող է օգտակար լնել պատերազմում, որևէ գործողություն կատարել, թե ոչ:
Երկու սերնդի կանայք միակարծիք են այն հարցում, որ պետք է անցնել իրենց անվտանգությանը, մարտական պատրաստվածությանը, առաջին բուժօգնությանը, հոգեբանական աջակցությանը վերաբերող դասեր: Այս հարցում փորձագետները ևս համակարծիք են:
Խաղաղություն հաստատողներ
Խաղաղության հաստատման համար կանայք կարծում են, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, այսինքն ճանաչվի որպես միջազգային սուվերենտ պետություն: Դրան հասնելու համար պետք է տնտեսապես զարգացած երկիրը ունենալ ու ձևավորված քաղաքացիական հասարակություն: Հետազոտությանը մասնակցած կանանց կարծիքով՝ խաղաղությունն ավելի մոտ կլինի, եթե ստեղծվի հարթակ, որտեղ հայ և ադրբեջանցի կանայք կարող են երկխոսել և լուծման նոր ուղիներ գտնել:
Տաթևիկ Սարգսյան
Դիտումների քանակը` 3298