Ձախողված ռազմավարություն.
Ընդդեմ գենդերային բռնության կրթական բաղադրիչի ներդրման արդյունքները հուսադրող չեն
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ձախողվել է Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանի ազգային պլանով ու 2011-15 թվականների ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների մեծ մասը: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի` ռազմավարական ծրագրի ու ազգային պլանի մշտադիտարկման ու գնահատման հետազոտությունը, որն իրականացվել է 2014-ի նոյեմբերից մինչեւ 2016-ի սեպտեմբերը, ավելի շատ թերացումներ է արձանագրել, քան ձեռքբերումներ` նշել է հետազոտության հեղինակ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի աշխատակից Ռուզաննա Ծատուրյանը:
2011-15 թվականներին կառավարությունը ազգային ծրագիրն իրականացնելու համար ընտրել է Երեւանի Կենտրոն, Նոր Նորք եւ Աջափնյակ համայնքներն, ինչպես նաեւ Տավուշի ու Շիրակի մարզերի գյուղական ու քաղաքային համայնքները: Քանի որ ծրագիրը սկսվել է մշտադիտարկվել միայն 2014 թվականից, մինչ այդ տեղի ունեցած միջոցառումներին տրվել է գնահատական: Մշտադիտարկման հենց սկզբում պարզվել է, որ Շիրակի մարզում որեւէ միջոցառում չի նախատեսվել ու արվել, որովհետեւ դրանք պիտի իրականացվեին ըստ մարզի ղեկավարության հայեցողության, այսինքն` ի սկզբանե որոշվել է` ոչինչ չանել: Որդեգրված քաղաքականության հիմնական առանցքը կրթության միջոցով բռնությունը կանխարգելելուն հասնելն է եղել, մինչդեռ, ըստ Ծատուրյանի, ապագայում կանանց համար ավելի ապահով միջավայր ստեղծելու համար ռազմավարական ծրագիրը պիտի կրթությունը դարձներ ավելի գենդերազգայուն:
«Ծրագրի գոյության փաստն, ինքնին, կարեւոր ձեռքբերում է, կարեւոր էր նաեւ տարեկան միջոցառումներ իրականացնելու հանգամանքն ու դրանց հաշվետվողականության պարտադիր բնույթը»,- հետազոտության շնորհանդեսին նշել է Ռուզաննա Ծատուրյանը: Այս տեսանկյունից նա դրական է համարում «Առողջ ապրելակերպ» բաղադրիչի ներդրումն ու «Հասարակագիտություն» առարկայի համալրումը դպրոցներում, սակայն, իր նշած ձեռքբերումները հատվածային են ու կցկտուր, իսկ միջոցառումները` խիստ ընտրանքային, ու վերջնարդյունքում` ցանկալի նպատակից հեռու: Հայաստանի կրթության նախարարությունում, որը ազգային պլանի ու ռազմավարական ծրագրի իրականացման ուղղակի պատասխանատու գերատեսչությունը չէ, «ավելի լավ է փոքր արդյունք, քան ոչինչ» սկզբունքով են առաջնորդվում:
«Մինչ այս ծրագրի իրականացումը մենք ընդհանրապես որեւէ բան չէինք անում կրթության ոլորտում. ծրագրի շնորհիվ ուսուցիչները վերապատրաստվում են` ավելի գիտակ դառնալով այս խնդիրների դասավանդման հարցերում, մենք ունենք հատուկ ուղեցույց-ձեռնարկ, որ նախկինում չունեինք»,- ասել է Կրթության եւ գիտության նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության ներկայացուցիչ Մարինե Աղաջանյանը:
Այդուհանդերձ, ըստ գենդերային խնդիրներով զբաղվող փորձագետներից շատերի, որոնք ներկա էին «Ընդդեմ գենդերային բռնության ազգային պլանի, 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի մշտադիտարկման/գնահատման հետազոտության հաշվետվության» շնորհանդեսին, որեւէ ձեռնարկ կամ փաստաթուղթ ունենալը բավարար արդյունք չէ: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» կրթական ծրագրի համակարգող Լիլիթ Նազարյանը նշել է, որ օրենք է ընդունվել, միջոցառումների իրականացման ծրագրեր են կազմվել, սակայն իրական ու զգալի շատ քիչ փոփոխություն է եղել:
Ըստ հետազոտության հեղինակ Ռուզաննա Ծատուրյանի` ազգային պլանի իրականացման 5 տարիներին էլ ոլորտային միջոցառումները ընտրանքային են եղել, ու թե՛ ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում, թե՛ դրանից հետո բազմաթիվ մարտահրավերներ են առաջացել եւ մնացել. «Ամենամեծ մարտահրավերը, որ այդպես էլ հնարավոր չեղավ հաղթահարել, հակագենդեր արշավն ու դրա ազդեցությունն էր, որի հետեւանքով «գենդեր» բառը դուրս մնաց իրավական փաստաթղթերից ու գերատեսչական հաղորդակցությունից»:
«2013 թվականից սկսած նվազել է նաեւ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների քանակը, ավելի շատ միայն դիպվածային միջոցառումներ են իրականացվել, կարծես թե, շառից փորձանքից հեռու մնալու համար»,- ասել է անկախ փորձագետը: Ըստ Ծատուրյանի` դպրոցներում ռազմավարական ծրագրի մասին գրեթե չգիտեին, չգիտեին նաեւ գենդերային բռնության վերաբերյալ, գենդերային խնդիրների վերաբերյալ, պատկերացումներ չունեին գենդերային բռնությանն արձագանքելու մեխանիզմների վերաբերյալ, ինչը բացառում է արդյունավետության ապահովումը, քանի որ դրան հնարավոր չէ հասնել առանց խնդրի մասին բավարար տեղեկության. «Որպես կանոն, ծրագրի մասին տեղյակ էին միայն ծրագիր կազմողներն ու հաշվետվություններ գրողները»:
Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանի ազգային պլանի ու 2011-15 թվականների ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի ձախողման պատճառներից մեկն էլ այն էր, որ այդ երկու գործընթացները զուգահեռաբար են տեղի ունեցել, այնինչ, դրանք պետք է հաջորդեին միմյանց: Ըստ հետազոտության` ձախողման պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական քաղաքականությունը բացառում է կրթության ոլորտում գենդերային բռնության եւ գենդերային խտրականության հիմնախնդիրների գոյությունը, ըստ այդմ էլ` նաեւ դրանք քննարկելու կամ լուծելու անհրաժեշտությունը չի ընդգծում:
Հաջողություն չի գրանցվել նաեւ խնդիրների ու նպատակների թույլ համադրելիության, ծրագրում` հստակ ժամկետների բացակայության պատճառով: Ըստ Ռուզաննա Ծատուրյանի` հանրակրթության ոլորտի գենդերային խնդիրների կարգավորման համար պետական քաղաքականության փաստաթղթերում սահմանված չեն հստակ ֆինանսական և կադրային ռեսուրսներ, հիմնականում նշվում է «պետբյուջեից ֆինանսավորում չի պահանջվում» ձևակերպումը: «Մինչդեռ այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են օրինակ մանկավարժների վերապատրաստման դասընթացում գենդերային խնդիրներին առնչվող թեմաների ներառումը, ֆորումների, քննարկումների կազմակերպումը դժվար է պատկերացնել առանց լրացուցիչ նյութական ռեսուրսների նախատեսման, ինչպես նաև թիրախավորված մասնագետների ներգրավման ու սահմանման: Հետազոտության նյութերը ցույց տվեցին, որ ծրագրին կից բյուջետային ռեսուրսների բացակայությունը լիովին ոչ ֆորմալ ու ոչ հասցեական է դարձնում նախատեսված միջոցառումները»,- նշել է նա:
Հետազոտության շնորհանդես-քննարկմանը ներկա Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը, ներկայացնելով իր փորձը, նշել է, որ իրականում կան միջոցառումների, որոնց համար գումար անհրաժեշտ չէ. «Ես իմ մեքենայով գնում եմ գյուղ ու այնտեղ մարդու իրավունքների թեմայով դասախոսություն եմ կարդում, այն ներառում է նաեւ գենդերային հարցեր»: Ռուզաննա Ծատուրյանին, սակայն, հենց այս բացատրությունն է, որ ամենաքիչն է համոզում. «Չէ որ նման դասընթացները միայն ձեր նվիրաբերած ժամանակի ու միջոցների հաշվին են լինում, մինչդեռ պետական կանոնակարգված մոտեցում է անհրաժեշտ ու անպայման ֆինանսավորում»:
«Գենդերային քաղաքականության տեղական պատասխանատուներից մեկն, անգամ, անկեղծորեն խոստովանեց. «Դպրոցների ցանկը դնում են դիմացս ու որ տնօրենի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունեմ, այդ դպրոցն եմ ընտրում, քանի որ վստահ եմ, որ գնամ` կընդունեն ու կկազմակերպեն»: Անգամ մի սուրճի գումար չունենք նախատեսված, բայց չէ՞ որ մանր դետալներն են, որ ապահովում են անկեղծ ու անկաշկանդ քննարկումներ,- հավելել է փորձագետը: – Եթե բյուջե չկա մնում են կապերը, ծանոթություններն ու կախվածությունը»:
Թե՛ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի «Գենդերի եւ գենդերային հիմքով բռնության վերաբերյալ թեմաների ներառումը հանրակրթության ուսումնական պլան» ծրագրի հետազոտությունը, թե՛ այլ ուսումնասիրություններ բացահայտել են, որ հայաստանյան կրթական միջավայրում կան գենդերային հիմնախնդիրներ: «Դրան զուգահեռ` կա գենդերային գիտելիքի կարիք, մանկավարժական կազմը զգայուն և պատրաստակամ է նոր գիտելիք ստանալու հարցում, ինչպես նաև հետաքրքրված է այս նոր գիտելիքի կիրառման մեխանիզմների իմացության հարցում, եթե դրանք չեն ավելացնում ուսուցչական պարտականությունները կամ հեշտացնում եւ հետաքրքիր են դարձնում դասավանդման գործընթացը»,- ասել է Ծատուրյանը: «Հետազոտության կարևոր արդյունքներից եմ դիտարկում հետադարձ ազդեցության դեպքերի արձանագրումը, երբ, օրինակ, Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը զանգահարեց և հայտնեց, որ հարցազրույցից հետո իրենք դպրոցի սոցիալական աշխատողի հետ նախատեսել են մշակել հարցաթերթեր սովորողների համար՝ պարզելու` նրանց ընտանիքներում բռնության խնդիրները»,- հավելել է նա:
Հետազոտողը հատուկ ուշադրության կենտրոնում է առաջարկում պահել դպրոցների տնօրեններին, որոնց անձնական պատկերացումներով եւ արժեքային մոտեցումներով էլ պայմանավորվում են դպրոցական միջավայրում գենդերային հարցերում շրջանառվող հիմնական մոտեցումներն ու արժեքները: «Դպրոցի տնօրենները որոշում են ուսուցիչների ու աշակերտների արտաքին տեսքին, հագուկապին, ուսուցիչների դիմահարդարմանը ներկայացվող պահանջներից մինչև սոցիալական ցանցերում շփումներին ներկայացվող պահանջներ ու սահմանափակումներ, ուսուցիչ-ծնող փոխհարաբերությունների հիմնական չափանիշները, սովորողների հանդեպ վերաբերմունքի հիմնական պահանջները, դպրոցում ծեծի թույլատրելիությունը կամ բացակայությունը: Բոլոր հարցերը, որոնք օրենսդրորեն ֆորմալ կարգավորված չեն, գտնվում են տնօրենների կարգավորման տիրույթում»,- պարզել է Ծատուրյանը:
«Դպրոցի տնօրենի այս սիմվոլիկ «ուժը» կարող է դառնալ ոչ ֆորմալ հնարավորությունների հարթակ՝ գենդերային բռնության ու հավասարության հարցադրումներին անդրադառնալու համար»,- նշել է հետազոտողը` առաջարկելով, որ ՀԿ-ներն ու միջազգային կազմակերպությունները թիրախավորեն տնօրեններին՝ որպես դպրոցական միջավայրի բովանդակության պայմանավորողների եւ թելադրողների: Ըստ հետազոտողի` հետագայում կրթության ոլորտում գենդերային գիտելիքի ներդրումն ավելի արդյունավետ դարձնելու համար կարեւոր կլինեն հստակ վերջնանպատակների ձեւակերպումը, կոնկրետ ու միանշանակորեն չափելի ցուցիչների, գնահատման հստակ մեթոդաբանության սահմանումը եւ բազմաթիվ այլ քայլեր: Այս ամենը, սակայն, բավարար/միակ պայման չի կարող լինել հաջողության հասնելու համար, կարեւոր են նաեւ պատրաստակամությունն ու նպատակների ոչ ֆորմալ բնույթը:
Սառա ԽՈՋՈՅԱՆ
Հ.Գ՚. Ներկայացնելով օրեր առաջ աս զեկույցը լրագրողներին եւ փորձագիտական հանրությանը, Ռուզաննա Ծատուրյանն առանձնացրեց հատկապես դասագրքերի հետ կապված խնդիրները.
«Տարրական դպրոցի դասագրքերում աղջիկները պատկերվում են որպես հեզ, խոնարհ, թռչուն հաշվող, ծաղիկ հավաքող, իսկ տղաները՝ չարաճճի, լողացող, պատ մագլցող…միակ իգական մասնագիտությունը ուսուցչի մասնագիտությունն է, այդ պատճառով այսօր գրեթե 90%-ով ունենք իգական ուսուցչական կազմ…ուսուցչական շրջանակներում էլ հաճախ անգիտակցաբար ասում են՝ «աղջիկ ես, տղայի պես մի վազիր», կամ «նա տղա է՝ դասը չի սովորել, բա դո՞ւ ինչ բանի էիր, որ անբավարար ես ստացել»…Պետք է մտածել՝ այս ուղերձները որքանո՞վ են ազդել մեր հնարավորությունների վրա»:
Փորձագետի բնորոշմամբ՝ պետական պաշտոնյաներն անգամ չեն գիտակցում, որ գենդերային հավասարությունը կարեւոր խնդիր է եւ դրան մոտենում են որպես ոչ օրակարգային եւ ոչ կարեւոր հարցի: Ըստ Ռուզաննա Ծատուրյանի՝ դրա վկայությունն է այն, որ վերջերս պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ ամբիոնից՝ արձագանքնելով իր գործնկեր Զարուհու Փոստանջյանի ելույթին ասաց՝ «էս էլ Ձեր գենդերը…»: «Դա ասում է պատգամավորը, որն, ըստ էության, պատասխանատու է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության օրենքի մշակման համար: Մինչեւ չունենանք համոզմունք, որ իրավահավասարությունը խորհրդանշական ինչ-որ բան չէ, այլ նպաստում է մարդու արժանապատվությունը վերագտնելուն եւ տնտեսական զարգացմանը, ոլորտային հաջողություններ չենք ունենա»,- ասաց Ռուզաննա Ծատուրյանը:
Դիտումների քանակը` 3477