Հունաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել
Հունաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է երկրի բարձրագույն վարչական դատարանի 63-ամյա նախագահ Կատերինա Սակելարոպուլուն՝ դառնալով Հունաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանում՝ հունվարի 22-ին:
Ինչպես նշում է Washingtonpost.com-ը, Սակելարոպուլուի թեկնածության օգտին քվեարկել է 261 պատգամավոր, իսկ դեմ քվեարկողները 33-ն են եղել:
Ըստ երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է պաշտոնավարման հնգամյա ժամկետով: Նրա թեկնածությունն առաջադրում է վարչապետը: Սակայն խորհրդարանական խմբակցությունները ևս կարող են իրենց թեկնածուներին առաջադրել: Կանոնակարգը նախագահի թեկնածուի շուրջ քննարկում չի ենթադրում:
Գործող նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի լիազորությունների ժամկետը սպառվում է մարտի 13-ին:
Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակ են և հիմնականում ներկայացուցչական բնույթ են կրում: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:
Դիտումների քանակը` 1149