Հոկտեմբերի 2. Ովքե՞ր ընտրվեցին
WomenNet.am-ը նախընտրական քարոզարշավի ընթացքում ներկայացրել էր մի շարք կին թեկնածուներին: Քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումից հետո պարզեցինք, թե նրանցից ովքեր են հաղթանակի հասել:
Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում Լյուդմիլա Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 48 ընտրող: Ձևավորված ավագանու նոր կազմում նա չի ընդգրկվել: Ավագանու կազմում 7 անդամներից մեկն է կին՝ Մարի Վարդանյանը, նա ստացել է 70 ձայն:
Կոտայքի մարզի Գառնի համայնքում ավագանու կազմում ընդգրկված կլինի Թերեզա Գաբրիելյանը, նրա օգտին քվեարկել է 214 ընտրող:
Գառնու համայնքապետի ինքնաառաջադրված թեկնածու Արուսյակ Այվազյանը պարտություն կրեց, չկարողանալով բավարար չափով ձայներ չկարողացավ հավաքել: Իր կարծիքով, դա պայմանավորված էր նախևառաջ նրանով, որ ինքը փորձ չուներ, բացի դրանից՝ շատ քիչ ժամանակ էր մնացել և չկարողացավ թիմ հավաքել: Դրա հետ մեկտեղ նա նշել էր , որ մինչ ընտրությունները եղել են մարդիկ, ովքեր «մի քիչ կոպիտ ձևով» հորդորելեն իրեն որ թեկնածությունն հանի; Արուսյակի համար անհայտ մնաց նաեւ այն փաստը, թե ինչու այն համագյուղացիները, ովքեր խոստացել էին քվեարկել իր օգտին, փոխեցին իրենց որոշումը:
Նոր Գեղիում ավագանու անդամներ են ընտրվել Անահիտ Առաքելյանը՝ 301 քվեով, Մանյա Կիրոկոսյանը՝ 239 քվեով, Մարիա Մկրտչյանը՝ 105 քվեով, Նաթելա Շմավոնյանը՝ 149 ձայնով : Ընդհանուր առմամբ, այս համայնքում ավագանու 10 անդամներից չորսը կանայք են:
Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ավագանու անդամի միակ կին թեկնածուն՝ Տանյա Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել: Նրա օգտին քվեարկել է 79 ընտրող:
Եղեգնաձորի ավագանու կին թեկնածուներից Գայանե Հարությունյանը ստացել է 121 քվե, սակայն այն բավարար չէ ավագանու կազմում ընդգրկվելու համար: Եղեգնաձորում ավագանու 11 անդամներից երկուսն են կանայք՝ Նարինե Գրիգորյանը, ում օգտին քվեարկել է 391 ընտրող և Նեկտար Հովհաննիսյանը՝ 205 քվե:
Վայքի ավագանու անդամի թեկնածու Թամարա Ղազարյանը ստացել է 113 ձայն, նա ավագանու կազմում չի ընդգրկվել: 10 անդամից բաղկացած ավագանու կազմում մեկ կին կա՝ Մերի Ջանոյանը, ում օգտին քվեարկել է 435 ընտրող: Այստեղ առաջադրված ՀՅԴ անդամ Հայկուհի Մարկոսյանը նույնպես պարտվել է:
Նույն մարզի Արենի համայնքում միակ կին թեկնածուին՝ Արմենուհի Ծատուրյանին 6 ձայն է պակասել հաղթանակի հասնելու համար: Նրա օգտին քվեարկել է 75 ընտրող:
Զառիթափի ավագանու 9 անդամների թվում, նախնական արդյունքների համաձայն, կանայք չեն լինի: Առաջադրված 16 թեկնածուներից երկուսն են կանայք ՝ ՀՀԿ-ական Նարինե Գևորգյանը, ում օգտին քվեարկել է 72 ընտրող, անկուսակցական ինքնաառաջդրված Նունե Ավագյանը, ով Գոմքի ավագանու անդամ էր եւ «Վանքաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ : Նրա օգտին քվեարկել է 110 ընտրող:
Սիսիանի քաղաքապետի թեկնածու, «Լուսավոր հայստան» կուսակցության եւ Սիսիանի Կանանց ռեսուրս կենտրոնի անդամ Սրբուհի Գրիգորյանը նույնպես պարտություն է կրել թեժ պայաքարում: «Հաջորդ տարի Սիսիանում, համայնքների խոշորացման հետ կապված, դարձյալ ՏԻՄ ընտրություններ են։ Մեր տեսակը նահանջել չգիտի։ Մենք շարունակելու ենք երկրում փոփոխություններին ուղղված մեր քայլերը։ Շարունակելու ենք, որովհետև սիրում ենք մեր երկիրը մեր անձերից առավել։ ԴԵՊԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ կարգախոսը մնում է ուժի մեջ…», – գրել է Սրբուհին իր ֆեյսբուքյան էջում ընտրություններից հետո՝ շնորհակալություն հայտնելով իր բոլրո ընտրողներին եւ համակիրներին:
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում ավագանու անդամի թեկնածու Աննա Աբազյանը հաղթանակ է տոնել: Համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի օգտին քվեարկել է 135 ընտրող: Նրանից ավել ձայներ մեկ թեկնածու է ստացել. Անկուսակցական Արտակ Ավետիսյանի օգտին քվեարկել է 146 բնակիչ:
Շիրակի մարզի խոշորացված Ամասիա համայնքի ղեկավարի թեկնածու Աղունիկ Հազրյանը, ով 11 տարի անընդմեջ ղեկավարում էր Արեգնադեմը եւ մարզի լավագույն կին գյուղապետներից մեկն էր համարվում, այս անգամ պարտվեց թեժ պայքարում Ամասիայի ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի օպերատոր Ջեմմա Հարությունյանին:
Հ. Կարապետյան
***
WomenNet.am-ը շնորհավորում է բոլոր ընտրված կանանց ՝ հաջողություններ մաղթելով ավագանիների կազմում իրենց աշխատանքում :
Նշենք նաեւ, որ պարտվածների թվում էլ շատ արժանի կանայք կային, ովքեր ընտրություններին իրենց մասնակցությամբ կարծրատիպեր էին կոտրում: Համոզված ենք, որ այդ կանայք չեն հուսահատվի եւ այլ միջոցներ կփնտրեն իրենց համայնքներին օգտակար լինելու համար:
Դիտումների քանակը` 2942