Հոկտեմբերի 2 . Համայնքի ղեկավարների 687 թեկնածուներից 38-ը կանայք են
2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում:
Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հոկտեմբերի 2-ի ընտրություններին համայնքի ղեկավարի գրանցված 687 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ են 38-ը:
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ կին թեկնածուներից 4-ն առաջադրված է Գեղարքունիքի մարզում, 17-ը` Լոռու մարզում, 5-ը` Կոտայքի մարզում, 4-ը՝ Շիրակի մարզում և 8-ը՝ Սյունիքում:
Գեղարքունիքում կին թեկնածուներ են առաջադրված Կուտական, Ջիլ, Գեղամասար գյուղերում և Մարտունի քաղաքում: Դպրաբակ գյուղում առաջադրված կին թեկնածուն՝ Ժաննա Արտաշյանը, մինչ գրանցումը, հետ է վերցրել փաստաթղթերը:
Լոռիում համայնքապետ դառնալու համար կանայք պայքարի են դուրս եկել Ազնվաձոր, Ամրակից, Բազում, Գուգարք, Լեռնանցք, Լերմոնտովո, Լոռի բերդ, Հաղպատ, Քարկոփ, Ֆիոլետովո, Ագարակ, Ապավեն, Հագվի, Հովնանաձոր, Պաղաղբյուր, Ջիլիզա գյուղերում:
Կոտայքի մարզում կանայք են առաջադրվել Գառնիում, Գեղարդում, Նոր Երզնկայում, Կաթնաղբյուրում, Ջրառատում: Ի դեպ, Նոր Երզնկայում գործող համայնքապետը կին է՝ ՀՀԿ-ական Ալինա Հարությունյանը: Այստեղ առաջադրված մյուս կին թեկնածուն՝ Էվելինա Վարդևանյանը հետ է վերցրել փաստաթղթերը:
Շիրակի մարզում կին թեկնածուներ են գրանցվել Ամասիա քաղաքում (թեկնածուների թվում երկու կանայք կան), Մարմարաշենում, Լեռնուտում:
Սյունիքի մարզում Սիսիանի քաղաքապետի համար կպայքարի Սրբուհի Գրիգորյանը: Սյունիքում համայնքապետի թեկնածուներ կան նաև Անտառաշատ, Թասիկ, Հացավան, Շիկահող, Շրվենանց, Տավրոս, Դարակերտ համայնքներում:
Ավագանու անդամի գրանցված 3 115 թեկնածուներից 359-ն են կանայք (19-ը` Գեղարքունիքի մարզում, 136-ը Լոռու մարզում, 56-ը` Կոտայքում, 30-ը` Շիրակում, 101-ը` Սյունիքում, 17-ը` Վայոց ձորում):
Այս համայնքներում նախընտրական քարոզչությունը մեկնարկլ է սեպտեմբերի 14-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:
Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող էին ներկայացնել մինչև սեպտեմբերի 22-ը ժամը 18:00-ն:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում
Դիտումների քանակը` 3236