Հնարավորության նոր դարաշրջան

Այսպես է  վերնագրված  Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար  Բան Կի Մունի   հոդվածը ՝ նվիրված  Կլիմայի փոփոխության շուրջ   Փարիզյան  համաձայնագրի  ստորագրմանը:  Այս տարվա նոյեմբերին   Կլիմայի փոփոխության հարցերով Փարիզի խորհրդաժողովին ընդառաջ նա՝  պատասխանելով  այն հարցին թե  ինչո՞ւ է այս հարցն իրեն  այդքան մտահոգում, հետեւայալ փաստարկներն էր բերել.

«Նախ, ինչպես ցանկացած պապիկ, ուզում եմ, որ թոռնիկներս վայելեն առողջ աշխարհի գեղեցկությունն ու պարգևները: Եվ, ինչպես ցանկացած մարդ արարած, ինձ վշտացնում է այն փաստը, որ ջրհեղեղները, երաշտներն ու հրդեհները վատթարանում են, որ կղզի-պետությունները կդադարեն գոյություն ունենալ, և բուսական ու կենդանական աշխարհի անհամար տեսակներ կվերանան: Երկրորդ, որպես Միավորված ազգերի կազմակերպության ղեկավար՝ ինձ համար կլիմայի փոփոխությունը գերակայություն է, քանի որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել այդ մարտահրավերին: Կլիմայի փոփոխությունն «անձնագիր» չունի. ցանկացած վայրում արտանետված նյութերն ահագնացնում են հիմնախնդիրն ամենուր: Դա սպառնալիք է կյանքի և կենսամիջոցների համար ամենուր: Վտանգված է պետությունների տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: Միայն ՄԱԿ-ի միջոցով կարող ենք միասնականորեն արձագանքել այս տիպիկ համաշխարհային խնդրին», –  գրել էր Բան Կի մունը:

 

Այժմ, երբ Փարիզյան համայձանագիրը ստորագրված է , նա հանդես է եկել  հոդվածով այդ հարցի շուրջ՝ ազդարարելով նոր՝ հնարավորությունների դարաշրջանի մեկնարկը.

70 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից ծնվեց Միավորված ազգերի կազմակերպությունը: Յոթ տասնամյակ անց Փարիզում ազգերը միավորվել են՝ պայքարելու մեկ այլ վտանգի՝ կյանքին սպառնացող սպառնալիքի դեմ, որին առնչվում ենք մոլորակի արագընթաց տաքացման հետևանքով:

Կառավարություններն ազդարարել են կլիմայի փոփոխության՝ մարդկությանը երբևէ հանդիպած ամենաբարդ խնդիրներից մեկի շուրջ համաշխարհային համագործակցության նոր դարաշրջանի մեկնարկը: Այդպիսով նրանք զգալիորեն ամրապնդեցին Կանոնադրությամբ ամրագրված՝ «գալիք սերունդներին փրկելու» վճռականությունը:

Փարիզյան համաձայնագիրը հաղթանակ է մարդկանց, շրջակա միջավայրի ինչպես նաև բազմակողմանիության համար: Այն առողջության ապահովագրման քաղաքականություն է մոլորակի համար: Առաջին անգամ աշխարհի յուրաքանչյուր երկիր ստանձնել է արտանետումները սահմանափակելու, դիմակայունությունն ամրապնդելու և միջազգային ու ազգային մակարդակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու պարտավորություններ:

Երկրները համաձայնել են, որ կլիմայի փոփոխության ռիսկերը նվազագույնի հասցնելու միջոցով համընդհանուր օգուտին հետամուտ լինելը ամբողջովին բխում է ազգային շահերից: Համոզված եմ՝ սա օրինակ է, որին կարող ենք շահավետորեն հետևել ողջ քաղաքական օրակարգի շրջանակներում:

Փարիզյան այս հաղթանակն ամփոփում է այս նշանակալի տարին: Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրից մինչև Ադիս Աբեբայի «Ֆինանսավորում հանուն զարգացման» գործողությունների օրակարգ, Նյու Յորքի Կայուն զարգացման պատմական գագաթնաժողովից մինչև կլիմայի հարցերով Փարիզի խորհրդաժողով՝ սա տարի էր, որի ընթացքում ՄԱԿ-ը ապացուցեց աշխարհում հույս տարածելու և այն ապաքինելու իր ունակությունը:

Պաշտոնս ստանձնելու առաջին օրերից կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների վճռական մարտահրավերն եմ համարել: Դա է պատճառը, որ այդ հիմնահարցը դարձրել եմ իմ պաշտոնավարման գլխավոր գերակայություններից մեկը: Ես խոսել եմ աշխարհի գրեթե բոլոր երկրների առաջնորդների հետ այն սպառնալիքի մասին, որ կլիմայի փոփոխությունը կարող է առաջ բերել մեր տնտեսությունների, մեր անվտանգության և գոյատևման հարցում: Ես այցելել եմ բոլոր մայրցամաքներն ու հանդիպել եմ այն համայնքներին, որոնք ապրում են վտանգավոր կլիմայական պայմաններում:

Ես ցնցվել եմ տառապանքից և ոգեշնչվել այն լուծումներով, որոնք աշխարհը կդարձնեն առավել անվտանգ ու բարեկեցիկ:

Ես մասնակցել եմ ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով բոլոր խորհրդաժողովներին: Կլիմայի վերաբերյալ այն երեք գագաթնաժողովները, որ ես հրավիրել եմ, համախմբել կառավարությունների, գործարար ոլորտի ու քաղաքացիական հասարակության քաղաքական կամքն ու խթանել նրանց նորարարական նախաձեռնությունները : Գործողությունների փարիզյան օրակարգը, կլիմայի վերաբերյալ անցյալ տարվա գագաթնաժողովին ստանձնած պարտավորությունների հետ մեկտեղ, վկայում են, որ լուծումներն առկա են:

Այն, ինչ ժամանակին աներևակայելի էր թվում, հիմա անկասելի է: Մասնավոր ոլորտն արդեն իսկ մեծ ներդրումներ է կատարում արտանետումների ցածր մակարդակով ապագա ապահովելու համար: Այդ լուծումներն առավել մատչելի ու հասանելի են, և շատերն էլ պատրաստ են ասպարեզ գալու՝ հատկապես Փարիզում կայացած հաջողությունից հետո:

Փարիզյան համաձայնագիրը ներառեց բոլոր այն կետերը, որոնք ես կոչ էի արել: Ներկայում շուկաները հստակ ազդանշան են տալիս, որ կարիք ունեն այնպիսի ներդրումների ընդլայնման, որոնք կնպաստեն արտանետումների ցածր մակարդակին ու կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացմանը:

Բոլոր երկրները համաձայնել են միասին պայքարել որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը չգերազանցի 2 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, իսկ հաշվի առնելով լուրջ ռիսկերը՝ պայքարել հանուն 1,5 աստիճանի: Սա հատկապես կարևոր է աֆրիկյան երկրների, զարգացող փոքր կղզի-պետությունների ու առավել թույլ զարգացած երկրների համար:

Փարիզում երկրները պայմանավորվել են երկարաժամկետ նպատակի շուրջ. սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները հնարավորինս շուտ՝ այս դարի երկրորդ կեսին: Հարյուր ութսունութ երկրներ արդեն ներկայացրել են իրենց կատարելիք՝ ազգային մակարդակում սահմանված ներդրումները, ինչը ցույց է տալիս, թե ինչի են պատրաստ այդ երկրներն արտանետումները կրճատելու և դիմակայուն կլիմա ստեղծելու համար:

Ներկայում այդ ազգային թիրախներն արդեն զգալիորեն իջեցրել են արտանետումների կորը: Այնուամենայնիվ, այդ երկրները դեռևս չեն կանխել ջերմաստիճանի՝ անթույլատրելիորեն վտանգավոր համարվող բարձրացումը 3 աստիճանով: Այս նպատակով էլ Փարիզում երկրները խոստացան վերանայել կլիմայի վերաբերյալ իրենց ազգային ծրագրերը յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 2018 թվականից: Սա նրանց հնարավորություն կընձեռի հավակնությունները մեծացնելու գիտության պահանջներին համահունչ:

Փարիզյան համաձայնագիրը նաև ապահովում է հարմարեցման ու մեղմացման նպատակով բավարար, հավասարակշռված աջակցություն զարգացող երկրների, մասնավորապես՝ ամենաաղքատ ու ամենախոցելի երկրների համար: Այն կօգնի ընդլայնել գլոբալ ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխությանը դիմակայելուն և կորուստներն ու վնասը նվազագույնի հասցնելուն:

Կառավարությունները պայմանավորվել են պարտադիր, ամուր և թափանցիկ ընթացակարգային կանոնների շուրջ, որպեսզի լինի բոլոր երկրների կողմից խոսքը գործի վերածելու երաշխիք: Զարգացած երկրները համաձայնել են առաջատար դեր ստանձնել ֆինանսական միջոցների հավաքագրման ու տեխնոլոգիական աջակցության և կարողությունների զարգացման ընդարձակման գործում: Իսկ զարգացող երկրները հանձն են առել ավելացնել կլիմայի փոփոխությանը դիմակայելու իրենց պատասխանատվությունը՝ իրենց կարողություններին համապատասխան:

Այս պատմական ձեռքբերումը արժևորելիս իմ կողմից բացթողում կլինի չգնահատել գործարար համայնքի եւ քաղաքացիական հասարակության առաջնորդող դերն ու տեսլականը: Նրանք ընդգծել են թե՛ սպառնալիքները, թե՛ լուծումները: Ես ողջունում եմ նրանց կլիմայի հարցում ակնառու քաղաքացիական դիրքորոշման համար:

Այժմ, երբ մեր ձեռքին է փարիզյան համաձայնագիրը, մեր գաղափարները պետք է անհապաղ իրագործվեն: Կլիմայի փոփոխությանը դիմակայելով՝ մենք առաջ ենք մղում «Կայուն զարգացում – 2030» օրակարգը: Փարիզի համաձայնագիրը դրական ազդեցություն ունի կայուն զարգացման բոլոր նպատակների վրա: Մենք պատրաստ ենք մտնելու հնարավորությունների նոր դարաշրջան:

Քանի որ կառավարությունները, գործարար ոլորտն ու քաղաքացիական հասարակությունը մեկնարկում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի հսկայական ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրագործումը, ՄԱԿ-ը լայնորեն կօժանդակի անդամ երկրներին ու հասարակություններին բոլոր փուլերում: Որպես Փարիզի համաձայնագրի իրականացման առաջին քայլ, ինչպես սահմանված է Համաձայնագրով ու Կոնվենցիայով, հաջորդ տարվա ապրիլի 22-ին Նյու Յորքում կկազմակերպեմ բարձր մակարդակի ստորագրման արարողություն:

Ես կհրավիրեմ պետությունների առաջնորդներին՝օգնելու պահպանել ազդակն ու թափ հավաքել վճռական պահին: Միահամուռ ուժերով մենք կարող ենք հասնել մեր ընդհանուր նպատակին՝ աղքատության վերացում, խաղաղության ամրապնդում և արժանապատիվ կյանք ու հնարավորություններ բոլորի համար:

Բան Կի Մուն 

Դիտումների քանակը` 2976

Գլխավոր էջ