ՀԿ-նեըը Ազգային ժողովի նիստ են պահանջում իրավիճակը քննարկելու նպատակով
Խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու կոչով հուլիսի 28-ին Ազգային Ժողովին են դիմել նաև մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ: Համատեղ հայտարարության մեջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դատապարտում են Ազգային ժողովի անգործությունը՝ շեշտելով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը: «Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ Ազգային Ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը», – նշված է հայտարարության մեջ:
«Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբիկողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով:
Հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային արդարադատությունը, անկասելի արտագաղթը և շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը: ՀՀ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել և շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին:
Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահը արդեն տասնմեկերորդ օրն է` որևէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը և նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը:
Սույնով մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ ենք անումնրան օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իրսահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով:
Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային Ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Եվրասիա համագործակցության հիմնադրամ
Երևանի մամուլի ակումբ
ԷկոԼուր ՀԿ
Ընդդեմիրավականկամայականության ՀԿ
Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Ժողովրդավարություն այսօր ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն
Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Հայտարարությունը բաց է միանալուհամար», – ասված է ՔՀԿ-ների տարածած հայտարարությունում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ մինչ այդ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ընդմիջել խորհրդարանի ամառային արձակուրդն և խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակը քննարկելու համար։ Սակայն Փաշինյանի այս նախաձեռնությանը համաձայնել և համապատասխան ձևաթղթի վրա իրենց ստորագրությունն են դրել ընդամենը 19 պատգամավորներ՝ անհրաժեշտ 44-ի փոխարեն:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ձևաթղթի վրա, նախաձեռնության հեղինակից բացի, ստորագրել են նաև պատգամավորներ Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը և Իշխան Խաչատրյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցն, այդուհանդերձ, պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը «քաղաքական հարց է», հետևաբար՝ պետք է լուծվի «քաղաքական քննարկումների և քաղաքական որոշումների տիրույթում»: «…Օրենսդիր մարմինն ասի արձակուրդու՞մ եմ․․․ով որտեղ ուզում է լինի, թող թողեն հետ գան»:
Դիտումների քանակը` 5292