Հինգ օր ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար կարելի է հետազոտվել Հյուսիսային պողոտայում

Հինգ օր շարունակ՝ նոյեմբերի 24-28-ը հայաստանցիները կարող են ՄԻԱՎ վերաբերյալ անվճար հետազոտություն անցնել Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողատայում: Այստեղ կլինեն  շարժական ախտորոշիչ կենտրոն, խորհրդատուներ:

 

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը վստահեցնում է, որ հետազոտությունը լինելու է անվճար, անանուն և արագ: Հետազոտության պատասխանը քաղաքացուն կտրամադրվի 15-20 րոպեի ընթացքում:

 

«Ժամը 15:00-20:00-ն ընկած հատվածում յուրաքանչյուր ցանկացող կարող է հետազոտվել: Արդյունքների և խորհրդատվության գաղտնապահությունը երաշխավորված է: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը դժվար ու բարդ բան չէ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հ. Մադոյանը:

 

Նախաձեռնությունը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակում: Առաջին անգամ հետազոտության արդյունքում դրական ոչ մի դեպք չի հայտնաբերվել, անցած տարի դրական երկու դեպք է եղել, նրանցից մեկը հետազոտվել է առաջին անգամ, իսկ մյուսը՝ առաջին հետազոտության արդյունքներն էր ստուգում:

 

«Կան դեպքեր, երբ մարդիկ ախտորոշումից երեք ամիս անց մահանում են: Սա ցավալի է, քանի որ մեր երկրում ախտորոշումն անվճար է, կան բարձրորակ դեղեր, որոնք տրամադրվում են անվճար: Այդ մահերի միակ պատճառը ուշ ախտորոշումն է»,-ասաց Մադոյանը:

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն ու հիվանդության ախտորոշումը վաղ շրջանում  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը շատ է կարևորում:

 

«Աշխարհում մարդկանց 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին, ինչի հետևանքով կարող է անգիտակցորեն վարակել ուրիշներին, ինչպես նաև զրկված լինել ժամանակին բուժման և խնամքի ծառայություններից: Յուրաքանչյուր ոք, ով ունեցել է պատահական սեռական կապեր, ունեցել է դաջվածքներ կասկածելի մաքրության գործիքներով, ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն ընկերոջ հետ, որի կարգավիճակն իրեն հայտնի չէ, ունի արտագնա աշխատանքի մեկնող զուգընկեր, կարող է լինել ՄԻԱՎ վարակակիր»,-բացատրում է նա:

 

Կենտրոնի ներկայացուցիչի խոսքով, վարակի տարծմանը առավել նպաստող գործոն է միգրանցիան. «Աշխատանքային միգրանտները գնալով Ռուսաստան, Ուկրաինա կամ այնպիսի երկրներ, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը մեծ է, ունենում են պատահական կապեր, ապա վերադառնալով Հայաստան շարունակում են սեռական հարաբերություններն իրենց զուգընկերների հետ: Եթե վարակված են լինում, ապա անգիտակից կերպով վարակում են նաև իրենց զուգընկերներին»:

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանասոցիալական Մարինե Ասրյանի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988-ին:

 

«1988 թվականից մինչև 2015 թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է 2194 ՄԻԱՎ դեպք: Դեպքերից 334-ը արձանագրվել է 2014-ի ընթացքում, որը առավելագույնն է նախորդ բոլոր տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակակիրների թվում գերակշռւմ են արական սեռի ներկայացուցիչները՝ 1513 մարդ, դա կազմում է վարակվածների 69 տոկոսը, 681 դեպք՝ կանանց շրջանում: Ունենք ՄԻԱՎ վարակի 41 դեպք երեխաների շրջանում, որը կազմում է վարակվածների 1.9 տոկոսը: Ախտորոշման պահին վարակակիրների 52 տոկոսը եղել են 25-39 տարեկան: ՄԻԱՎ վարակով հիվանդների 1140-ի մոտ ախտորշման պահին եղել է ՁԻԱՀ , ընդ որում 172-ը 2014-ի ընթացքում: ՁԻԱՀ-ը ինչպես գիտենք ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է, այստեղ մենք գործ ունենք ուշացած ախտորոշման հետ»,-ասաց Մ. Ասրյանը:

 

Նրա խոսքով, Հայասանում վարակը հիմնականում փոխանցվում է հետերոսեքսուալ ճանապարհով՝ 64.4 տոկոս, թմրամիջոցների ներարկային միջոցով՝ 26.2 տոկոս: Վերջինի պարագայում բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով:

 

«Արձանագրվել են նաև հոմոսաեքսուալ ճանապարհով, մորից երեխային ու այլ ուղիներով վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակակիրների առավել շատ դեպքեր բացարձակ թվերով գրանցվել է Երևանում՝ 721 դեպք, ապա՝ Շիրակում: Եթե 100 հազար բնակչի թվով հաշվենք, ապա առաջին տեղում Շիրակի մարզն է, ապա Լոռու մարզը, հետո՝ Երևանը»,-ասաց Ասրյանը:

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցչի խոսքով, ՄԻԱՎ-ի  վարակը մոտ 70 տոկոսի դեպքում առկա է միգրացիոն գործոնը:

 

Մասնագետները կարծում են, որ վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է հետազոտվողների թվի աճով, ինչը իրազեկմանն ուղղված միջոցառումների արդյունք է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4068

Գլխավոր էջ