Հերմինե Նաղդալյանը` ԵԽԽՎ պատվավոր անդամ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, ով երկար տարիներ ընդգրկված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում, օրերս շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչման: Որոշումը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին է` ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն:

 

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Ստրասբորգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Աշխատանքային հենց առաջին օրը, ինչպես տեղեկացրեց ԱԺ փոխնախագահի խորհրդականը, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեվլութ Չավուշօղլուն և Ռենե Վան Դեն Լինդենը, ներկա են եղել նաև ԵԽԽՎ անդամներ, հանձնաժողովի և պատվիրակության նախագահներ:

 

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը նշել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել Հերմինե Նաղդալյանի անցած ճանապարհը, աշխատանքային ձեռքբերումները:

 

Խորհրդականի փոխանցմամբ, ԵԽԽՎ նախագահը մասնավորապես նշել է կին պատգամավորի  բազմաթիվ աշխատանքային  զեկուցումները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում` ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր Եվրոպական թեմաներով, այդ թվում  հատկապես՝ «Աղքատության ֆեմինացումը»,  Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինպես նաև, 2012թ-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Արդարության վերահաստատումը տրանսակցիոն հարկի միջոցով» զեկուցումները և այլն:

 

ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմի հետ միասին հանձնվել է նաև ԵԽԽՎ-ի մեդալ:

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի համար:

 

«Շուրջ 10 տարի աշխատել եմ ԵԽԽՎ-ում և դա համարում եմ իմ քաղաքական կարիերիայի լավագույն էջերից մեկը: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ալդե խմբին, Տնտեսական զարգացման հարցերի հանձնաժողովին, հայկական պատվիրակությանը և ներկայացուցչական գործընկերներին` համագործակցության համար: Այս տարիներին իմ պարտականությունն եմ միշտ համարել կամրջել Եվրոպական արժեքները և ԵԽԽՎ սկզբունքները Հայաստանի հետ»,-ասել է Նաղդալյանը:

 

 

Ավելի վաղ` նախորդ տարվա հոկտեմբերին` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանից հետո  պարզ դարձավ, որ պատվիրակության կազմում փորձառու Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն, ով մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ հայտնվեց օրենսդիր մարմնում: Նաղդալյանը բացատրել էր, որ դա պայմանավորված է իր կողմից ԱԺ փոխխոսնակի գործառույթները ստանձնելով:

 

 

Այսպիսով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չորս կին կա` «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀՀԿ-ից` Նաիրա Կարապետյանը ու Արփինե Հովհաննիսյանը: Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության բոլոր կանայք հատկապես աչքի են ընկնում ծավալած ակտիվ գործունեությամբ:

 

Հ. Կարապետյան

P.S. WomenNet.am-ը շնորհավորում է տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ  ու նորանոր հաջողություններ մաղթում նրան:

 

Կարդացեք նաև մեր կայքում.

Հերմինե Նաղդալյան. «Պետք չէ կանանց դնել աշխատանք կամ ընտանիք երկընտրության առջև» / վիդեո

 

 

 

 

Դիտումների քանակը` 5608

Գլխավոր էջ