ՀԵԿԱ-ն ներկայացրեց Ախթալայում կանանց սոցիալ-տնտեսական հզորացման իր մոդելը
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի նշեց Կանանց միջազգային օրը Ախթալայում, որտեղ կայացավ Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համար Տեղական տնտեսական զարգացման մոդելի ներկայացումը: Մոդելի մշակումը կատարվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) իրականացնում է Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողություններն` դրանով իսկ նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ նրա շրջանակներում մշակվող սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող մոդելները ենթադրում են նաև որոշ գործողություններ դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Այնպես որ մոդելի ներկայացումը առաջին քայլն է միայն համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և միասնական զարգացման հեռանկարները», – ասաց իր ելույթում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Միջոցառման մասնակցում էին ծրագրի անմիջական շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Դիտումների քանակը` 4301