Հարսին խոշտանգած սկեսուրին՝ 4 տարվա ազատազրկում, ապա համաներում…/ վիդեո

 

Այսօր` ավելի քան մեկ ու կես տարի տևած դռնփակ դատավարությունից հետո Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Մարիամ Գևորգյանի գործով դատավճիռը:

 

Հենց սկզբից նշենք, որ դատարանը Մ. Գևորգյանի սկեսուրին` Հայկանուշ Միքայելյանին դատապարտեց 4 տարվա  ազատազրկման, սակայն հարսի նկատմամբ ամենադաժան բռնություններ կիրառած Հ. Միքայելյանը բանտում կանցկացնի ընդամենը մեկ տարի:

 

Մ. Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը WomenNet.am-ին հայտնեց, որ դատարանը սկեսուրին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 113 հոդվածի 2-րդ մասի (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշտանգում) հատկանիշներով, ազատազրկման է դատապարտել չորս տարի ժամկետով:

 

Սակայն միաժամանակ դատարանը համաներում է կիրառել հարսին բազմաթիվ խոշտանգումների ենթարկած կնոջ նկատմամբ` կրճատելով պատժաչափը 1/3-ով: Մնացած 2 տարի 7 ամիս ժամկետից էլ հանվել է այն ժամանակհատվածը, երբ սկեսուրը կալանավորված է եղել (Հ. Միքայելյանը կալանքի տակ է նախորդ տարվա դեկտեմբերից, իսկ մինչ այդ նրա նկատմամաբ հետախուզում էր հայտարարվել):  Արդյունքում Հայկանուշ Միքայլեյանը բանտում կանցկացնի ավելի քան մեկ տարի: Հարսները ոստիկանությունում իրենց սկեսրոջ ու նաև նախկին ամուսնու արարքների համար հաղորդում էին տվել դեռ 2010-ի հոկտեմբերի 25-ին:

 

Ն. Գալստյանն ընդգծեց, որ դատարանը քննության չի առել քաղաքացիական հայցը, ըստ որի պահանջում էր ֆինանսական վնասի փոխհատուցում` Մարիամի քթի վիրահատության, բուժման ծախսերի համար:

 

Հրապարակված դատավճիռը հարուցել է Մարիամի և նրա փաստաբանի դժգոհությունը: Նոնա Գալստյանն ասաց, որ անպայման ընդհանուր իրավասության հրապարակած վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում: Դրա համար դեռ մեկ ամիս ժամանակ կա:

 

Դատավճռի վերաբերյալ քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, ով դատավարության ողջ ընթացքում տուժած հարսի կողքին էր:

 

«Կարելի է արձանագրել,  որ դատավորի կողմից կայացված դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումն ի սկզբանե ուներ միայն մեկ և հիմնական նպատակ`  դատարանի համար հնարավորություն ստեղծել հասարակական հսկողությունից դուրս գործել` ի օգուտ ամբաստանյալի»,-ասված է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ:

 

 

Նշենք, որ Հայկանուշ Միքայելյանը որդու հետ դաժան ծեծի էր ենթարկել երկու հարսներին, սակայն Մարիամի ամուսնու նախկին կինը հետ էր վերցրել ցուցմունքների մի մասը:

 

Մարիամ Գևորգյանը Հ. Միքայելյանի որդու` Դավիթ Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել` պատառաքաղով ու սեփական եղունգներով մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման , ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ:

 

Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…/վիդեո

 

 

 

 

Դիտումների քանակը` 4473

Գլխավոր էջ