Հարուցվել է քրեական գործ լրագրող Անի Գևորգյանի հայտարարության առնչությամբ

 

Lրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ` իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ իր նկատմամբ ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ:

 

 

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում, երբ  մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելիս Հայ ազգային կոնգերսի ակտիվիստներին են մոտեցել մի խումբ հանրապետական երիտասարդներ՝ խոչընդոտելով իրազեկումը: Հրմշտոց է սկսվել, որից հետո ՀԱԿ ակտիվիստները, լրագրող Անի Գևորգյանը ու երկու հանրապետական երիտասարդներ բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին: Այնտեղ մի քանի ժամ պահվելուց հետո, նրանց ազատ են արձակել: Լրագրող Անի Գեւորգյանի պնդմամբ այդ ընթացքում ` իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ինչի վերաբերյալ նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել :

 

 

«Հաղորդման մեջ ներկայացրել եմ երեք դրվագ: Իմ բողոքը կապված է նախ և առաջ Մաշտոցի պողոտայում ոստիկան Վարդան Գևորգյանի կողմից իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն: Արդեն մի քանի տեսագրություններ կան, որտեղ երևում է, թե ինչպես է նա փորձում ձեռքիցս խլել իմ տեսախցիկը: Երկրորդ դրվագը կապված է ոստիկանության Կենտրոնի բաժնում որպես իրավախորհրդատու ներկայացած մի տիկնոջ՝ Սոնա Մելիքյանի կողմից իմ տեսախցիկի հիշողության քարտը գողանալու փաստի հետ: Եվ երրորդ դրվագը՝ Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Արտակ Պողոսյանի կողմից իմ նկատմամբ կատարված բռնության․ նա հարվածել է իմ դեմքին և խլել է հեռախոսը», – «Ազատության» հետ զրույցում ասել է  լրագրողը:
Լրագրողի պատմելով՝ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի սենյակ [որտեղ ինքը պահվել է] է մուտք են գործել քաղաքացիական հագուստով մի տղամարդ` մի քանի կին ոստիկանների ուղեկցությամբ, հարվածել իր այտին, վերցրել ձեռքից հեռախոսը և, նետելով կին ոստիկաններին, հրամայել.«Առգրավեք սա»: Այդ ընթացքում Անի Գևորգյանը հեռախոսով զրուցելիս է եղել ՍիվիլՆեթի թղթակցի հետ:

 

 

Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով այս միջադեպին  գրել է . ‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից: Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։ Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը»:

 

 

 

ԵԱՀԿ-ի` մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը փետրվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անհանգստություն է հայտնել փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի լուսաբանման ընթացքում «ոստիկանության կողմից լրագրողների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ»:

 

 

«Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի է: Դա հատկապես մտահոգիչ է, երբ ոստիկանության աշխատակիցները, որոնք կոչված օգնել ու պաշտպանել լրագրողներին, իրենք են ուժ կիրառում նրանց նկատմամբ»,- Հայաստանի իշխանություններին հասցեագրած իր նամակում գրել է Միյատովիչը, կոչ անելով իշխանություններին միջադեպի կապակցությամբ իրականացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն ու անել հնարավոր ամեն ինչ՝ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անհարիր վարքագիծը կանխելու համար:

 

 

Հայաստանի ժուռնալիստների միությունը այսօր հայտարարություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

 

 

«Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է ժուռնալիստական հանրության, ԶԼՄ-ների, լրագրողների, լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների վերջին օրերի հայտարարություններին` խստորեն դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փետրվարի 12-ի միջադեպը:

 

 

Հարուցված է քրեական գործ : Առայժմ` այսքանը: Նախկինում էլ ամեն մի բռնարարքից հետո, երբ բողոքի ալիք է բարձրացել, հարուցվել է քրեական գործ: Սակայն որևէ մեկը չի դատապարտվել, և անպատժելիությունը շարունակում է ծնել նոր բռնարարքներ: Ակնկալում ենք պատկան մարմինների կոնկրետ գործողությունները»:

 

 

Ի դեպ, մի շարք լրատվամիջոցների  փոխանցմամբ,  Անին ասել է, որ  շեշտադրում չանեն այն հանգամանքի վրա, որ ինքն իգական սեռի ներկայացուցիչ է, այլ ուշադրության կենտրոնում պահեն լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը…

 

 

Դիտումների քանակը` 3035

Գլխավոր էջ