Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների նոր զոհը
ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դեմ, ով հայտնի դարձավ նույն համայնքի 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքից հետո, հարուցվել է նոր քրեական գործ: Այս անգամ այլ անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:
Նոր գործը հարուցվել է այսօր, մինչ տեղի կունենար հերթական դատական նիստը Ղուկասյանի դեմ նախորդ մեղադրանքով՝ անչափահաս Ա. Պ.-ին բռնաբարելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, ով ամուսնացած է, ունի թոռնիկներ, համատեղության կարգով աշխատում էր գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Նոր հանգամանքները ի հայտ եկան օգոստոսի 23-ի դատական նիստի ընթացքում, ինչի կապակցությամբ «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` «Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» վերնագրով: Ըստ հոդվածագրի` Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ՝ սեպտեմբերի 10-ին տվյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու և բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու հանձնարարությամբ:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում Հետք օնլայն-ի վերընշված հոդվածը.
Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ
… Հոկտեմբերի 7-ին կլրանա մեկ տարին, ինչ ես ամեն գիշեր՝ ժամը 4-ին, արթնանում եմ և այլևս չեմ կարողանում քնել: Հենց այդ գիշեր ու այդ ժամին ծնված նորածին տղայիս իմ ձեռքով նետեցի խոտերի մեջ»,- պատմում է 21-ամյա Աննա Մկրտչյանը: Նա այս մասին հայտարարել է նաև օգոստոսի 23-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվող Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի գործով դատական նիստում:
Գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել գյուղի դպրոցի 14-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով: Աննան ասում է, որ իր երեխայի հայրը եղել է նույն մեղադրյալը:
Աննայի խոսքով իր՝ դատարանում ցուցմունք տալու նախաձեռնությունն իրենն է եղել. «Ամիսներ շարունակ սպասում էի, որ մի օր այդ մասին հրապարակավ կհայտարարեմ, մինչև առիթ եղավ: Իմ կյանքը կարծես թե արդեն խորտակվել է, բայց որքան ժամանակն անցնում է, ես ավելի ու ավելի եմ մեղավոր զգում երեխայիս համար ու այլևս չեմ կարող լռել»:
Ըստ Աննայի՝ իր և Ազատ Ղուկասյանի հարաբերությունների մասին գյուղում շատերն են իմացել, բայց այն մասին, որ ինքը երեխայի էր սպասում, անգամ մայրը չգիտեր: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր հարևանի տնից ոսկեղենի գողության համար սկսեցին ինձ կասկածել: Այն ժամանակ ես 9-րդ դասարանում էի: Հիմա չգիտեմ էլ՝ այդ մեղադրանքն իրականում կար, թե նա էր հորինել, բայց մի օր ինձ կանչեց ու խոստացավ օգնել, որպեսզի գործը փակվի, և առաջարկեց գիշերով ոստիկանություն գնալ՝ իբր բացատրություն գրելու համար: Այնքան էի վախենում, որ կբանտարկեն, համաձայնվեցի, բայց մտքովս էլ չանցավ, որ անգամ Գորիս չենք հասնի… Երանի մի չորս տարի գնայի, բանտ նստեի, բայց էս մղձավանջը չապրեի:
Դրանից հետո պարբերաբար հանդիպում էինք, այդ ժամանակ դպրոցը չէի ավարտել, անգամ վերջին զանգի շորերս առավ ու միշտ սպառնում էր: Խանդում էր, վախեցնում էր, որ հանկարծ որևէ մեկին ոչինչ չպատմեմ: Գիշերվա կեսին զանգում էր, եթե հրաժարվում էի հանդիպել, ասում էր, թե գործը բացել կտա: Երբ հղի էի, հաճախ էի նկատում, որ այժմյան զոհը՝ անչափահասը, գյուղապետարան է գնում: Զանգում էի հեռախոսով, հարցնում էի, թե ինչու ես էդ էրեխուն կանչել, պատասխանում էր, թե թոշակի գործով է:
Արգելեց անգամ, որ հիվանդանոցում ունենամ երեխայիս. գիշերով տանն ունեցա ու ինքս էլ իմ ձեռքով… Այդ մասին նա էլ էր տեղյակ: Եթե թողներ, հիվանդանոցում կունենայի, երեխան կտայի բժշկին, թող մեկը որդեգրեր: Բայց երբ պիտի ծնվեր երեխան, նա փախել էր Երևան, էնտեղից էլ զանգեց, սպառնաց՝ կորցրու դրան»,- պատմում է Աննան:
Նա հավելում է, որ ինչ էլ լինի, ինքն իր ցուցմունքը հետ չի վերցնի և պատրաստ է դատարանում նորից վկայություն տալ: «Կողքից փորձում են ինձ համոզել՝ հրաժարվեմ ցուցմունքից, տղան հանդիպելիս սկսում է հայհոյել, բայց ամբողջ գյուղը գիտի այդ պատմությունը, շատերն են ինձ հավատում: Գուցե և ինչ-որ մեկը ճշմարտությունն ինձնից իմանա, կարողանա ներել ինձ ու ընդունել, ես էլ երջանիկ լինեմ»,- ասում է Աննան:
Այն հարցին, թե չի՞ վախենում, որ իրեն կարող են մեղադրել մանկասպանության համար, Աննան պատասխանում է. «Դրանից իմ դժբախտությունը չի ավելանա, բայց այս մեկ տարվա ընթացքում և հետո էլ երևի ես շարունակելու եմ տանջվել իմ արարքի համար՝ անկախ նրանից, թե որտեղ կլինեմ՝ ազատության մեջ, թե…»:
Համագյուղացիներից ոմանց կարծիքով՝ այս մասին դատարանում ցուցմունք տալու համար Աննային միայն մայրն է մեղադրում, փորձում է ամեն կերպ նրան հեռու պահել, բայց աղջիկը շարունակում է համառել և իր դժբախտության հատուցումը պահանջել:
Նույնն է պնդում նաև այս գործով տուժողի՝ 14-ամյա աղջկա մայրը՝ Էլմիրան: «Ո՞վ է ասում, թե իմ երեխան մտավոր հետամնաց է. եթե այդպես լիներ, ինչո՞ւ պիտի նա դպրոց հաճախեր: Դեպքից հետո աղջիկս այնպիսի սթրեսային վիչակում էր, որ հույս չունեինք, թե կարող է գոնե խոսելու ընդունակությունը վերականգնվի»,- ասում է Էլմիրան:
Այս ուսումնական տարվանից սկսած՝ 14-ամյա աղջիկն այլևս դպրոց չի հաճախում: «Վախենում եմ, որ կգնա նույն դասարանը, որտեղ դեպքն է կատարվել, և նորից կսկսի հուզվել: Դրա համար, չնայած աղջկաս ցանկությանը, այլևս դպրոց չենք թողնում գնա: Գիտեմ, որ աղջիկս իր նախկին խանդավառությունը, պարզամտությունն ու անհոգությունն այլևս չի գտնելու, գիտեմ նաև, որ դրանք համարյա անհնար է վերականգնել: Դրա համար եթե անգամ այս դատարանը մեղմ պատիժ սահմանի մեղադրյալի նկատմամբ, մինչև գերագույն եմ հասնելու»,- արտասվում է մայրը: Նա ասում է, որ տարբեր միջոցներով փորձում են ահաբեկել, երբեմն փող են առաջարկում, բայց դեռ հույս ունի, որ արդար վճիռ կկայացվի:
Հիշեցնենք, որ դատավոր Նապոլեոն Օհանյանի գլխավորությամբ իրականացվող դռնփակ դատավարության հերթական նիստը օգոստոսի 30-ին չի կայացել այն պատճառով, որ մեղադրյալի փաստաբանը հրաժարվել է իր պաշտպանյալից: Հաջորդ նիստը նշանակված էր սեպտեմբերի 11-ին:
Անժելա Մարգարյան
Հետք online
Դիտումների քանակը` 4521