«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն»-ը ՝ Լոռու մարզում

 

 

«Հավասար մասնակցություն՝ հզոր համայնք» կարգախոսի ներքո «ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոնը» օգոստոսի 17-ին Լոռու մարզի Եղեգնուտ, Չկալով և Լուսաղբյուր համայնքներում էր: Նախաձեռնությունը նպատակ ունի հանդիպումներ կազմակերպել այն բոլոր համայնքներում, որտեղ 2019թ. սեպտեմբերի 29-ին նախատեսված են  ՏԻՄ ընտրություններ: ՕքսԵՋեն-ի աձս նախաձեռնությանը միացել էին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը, փորձագետ, իրավաբան Անուշ Սուքիասյանը, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Արմեն Շահվերդյանը:

 

«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոնի» հիմնական նպատակներից է ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության ակտիվացումն է, նրանց մասնակցության ընդլայնումն ու առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրման խրախուսումը։

 

Լոռու մարզի համայնքներում բնակիչների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ համայնքներում նրանց շատ քիչ մասն է պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ավագանու ինստիտուտը, որն է ավագանու անդամի և ընդհանրապես ՏԻՄ-երի գործառույթը, ի վերջո, ինչպես քաղաքացին կարող է մասնակից լինել ՏԻՄ գործընթացներին:

 

 

Այս առումով, «ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոնը» շատ տեղին էր ու նպատակային էր: Փորձագետ, իրավաբան Անուշ Սուքիասյանը հանդիպումների ժամանակ բնակիչներին ներկայացրեց ավագանու ձևավորման, թեկնածություն առաջադրելու կարգերը և ընդհանրապես, օրենսդրության հետ կապված խնդիրները, պատասխանեց ներկաների հարցերին:

ՕքսԵՋեն հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանն իր խոսքում ներկայացրեց այլ համայնքների հաջողված օրինակներ, որտեղ բնակիչների ակտիվ մասնակցությամբ ջրի խնդիր է լուծվել, կոչ անելով ավելի ակտիվ լինել, առաջադրել ակտիվ կանանց թեկնածությունները, որովհետև դրանից է կախված հետագայում համայնքի բազմաթիվ խնդիրների լուծումը:

 

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի համար սա ևս մեկ հնարավորություն էր նախ, իր օրինակով քաջալերելու կանանց մասնակցությունը ընտրություններին , նաև հանդիպելու ժողովրդի հետ և անձամբ լսելու նրանց խնդիրների մասին:

 

Իսկ խնդիրները Լոռու մարզի գյուղական համայնքներում բազմաթիվ են և գրեթե չեն տարբերվում մյուս համայնքների խնդիրներից. անմշակ մնացող հողատարածքներ, խոտհարքների պակաս, ջրի, լուսավորության, ճանապարհների և գյուղատնտեսական բազմաթիվ այլ խնդիրներ:

 

 

Եթե համդիպման ընթացքում Եղեգնուտում կանայք դեռևս չէին կողմնորոշվում թեկնածություն առաջադրել առաջիկա ՏԻՄ ընտրություններում, ապա Չկալովում արդեն հստակ գիտեն, 2 կին թեկնածու են ունենալու, մեկը գործող ավագանու անդամ Հասմիկ Շաքարյանն է, որ որոշել է դարձյալ առաջադրվել, մյուսի անունը դեռ կլսենք, հավաստիացրեց համայնքապետ Ռոման Շաքարյանը:

 

Լուսաղբյուր համայնքում էլ ավագանու կին թեկնածու կունենան, լուսաղբյուրցիները բավականին դրական են գնահատում կնոջ ներգրավվածությունը ավագանու կազմում, բայց և ավելացնում են.

 

 

-Գյուղի և քաղաքի կանանց մեջ տարբերությունը մեծ է: Գյուղում կինն ավելի հոգսաշատ է և դժվարությամբ է հասարակական աշխատանքի կամ քաղաքականության մեջ ներգրավվում, որովհետև մեր գործերն ու հոգսերն ավելի շատ են:

 

 

Բայց բոլոր համայնքներում միանշանակ պնդում եմ, որ խոշորացումն ավելի կդժվարացնի կանանց ներգրավվածությունը ավագանու կազմում.

 

 

-Կին թեկնածուներին սովորաբար ճանաչում են իրենց համայնքում, կողքի գյուղերում նրանց գրեթե չգիտեն, ով պիտի ձայն տա, այս դժվարությունը գիտեն, մտածում են, որ չեն ընտրվի ու հրաժարվում են թեկնածություն դնել, անիմաստ են համարում,-իր խոսքում խոշորացման հետ կապված հարցերի կողքին կանանց առաջադրվելու խնդրին էլ անդրադարձավ Չկալովի համայնքապետ Ռոման Շաքարյանը:

 

Նարինե Մաթևոսյան

 

 

«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն»  նախաձեռնությունը իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

 

 

Դիտումների քանակը` 2147

Գլխավոր էջ