Հավասարություն ապահովող օրինագիծը ընդունվեց ընդամենը երկու «դեմ»-ով:
Փետրվարի 6-ին մեկնարկած ՀՀ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում խորհրդարանը ընդունեց նախորդ նստաշրջանում քննարկված, բայց քվեարկության չդրված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը:
Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 79-ը կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունների անհատական պատկերը դիտարկելով պարզեցինք, որ երկու «դեմ»-երի հեղինակներն էին ՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը: Վերջինս, ի դեպ, երբեք չի թաքցրել , որ առաջնորդվում է «Լսիր կնոջը և արա ճիշտ հակառակը» ասացվածքով, այդ իսկ պատճառով գործընկեր տղամարդկանց կոչ արեց կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին քննարկումներում ավելի զգույշ լինել:
Հիշեցնենք, որ այս օրինագծի շուրջ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել հունվարի 19-ին և դրանց արդյունքում պայմանանվորվածություն էր ձեռք բերվել, որ շահագրգիռ ՀԿ-ների կողմից հնչեցված տեսակետներն ու ստացված առաջարկները կքննարկվեն` լրամշակված փաստաթղթում արտացոլելու ակնկալիքով:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորհաբյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների հանձնաժողովովի նախագահ Արամ Սաֆարյանը հասարակական կազմակերպությունների նկատառումները և առաջարկները կուղարկի կառավարություն առաջին ընթերցումից անմիջապես հետո :
«Կարծում եմ , որ մինչև մյուս քառօրյա մենք կկարողանանք օրինագծի լրամշակված տարբերակը ունենալ», – նշեց մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հույս հայտնելով, որ մինչև նախընտրական տրամադրություններով լիակատար տարվելը խորհրդարանն անպայման կհասցնի ընդունել այս օրինագիծը երկրորդ և երրորդ ընթերցմամբ:
Թ. Հ.
Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.
Պատգամավորները երաշխավորեցին «տեր եմ» – «հնազանդ եմ» նորմը
Ինչպե՞ս ապահովել հավասար մեկնարկային հնարավորություններ
Թեժ քննարկում ԱԺ-ում. «Շնչող» թե՞ «շնչահեղձ» արված օրինագիծ
Նշեք առնվազն երեք պաշտոնյա, որոնք…
Բանավեճ քվոտաների շուրջ. սովետական կթվորուհիներից մինչև հեռավոր Ռուանդա
Ինչու՞ էր այդքան մտահոգված օմբուդսմենը:
Տրայան Հրիստեա. « Խորհրդարանն առավել ուժեղ կդառնա, եթե պատգամավոր կանանց քանակն աճի»
«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»
Դիտումների քանակը` 3377