Հասմիկը արդարություն է փնտրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

hasmik

Ինը տարի ամուսնու կողմից բռնության և խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից սկսած, երբ երկու տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար: Սակայն կնոջը ծեծած ու խոշտանգած ամուսինն այդպես էլ որևէ օր չազատազրկվեց: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1,5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանին: Այդ  վճռի դեմ  Հասմիկ Խաչատրյանը որոշել է   դիմում-բողոք   ներկայացնել Մարդու  իրավունքների եվրոպական  դատարան /ՄԻԵԴ/: 
 

Այս առիթիվ WomenNet-ը զրուցում է  Կանանց աջակցման կենտրոնի իրավաբան, Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Նոնա Գալստյանի հետ, ում խոսքով,  մինչ այժմ ընտանեկան բռնության  ենթարկված անձանց կողմից ՄԻԵԴ դիմողներ չեն եղել: Հասմիկ Խաչատրյանի գործն այս առումով առաջինն է:

 

nonna-galstyan

 

– Դեռ ապրիլ ամսին բողոք ենք ներկայացրել ՄԻԵԴ: Գանգատը վերաբերում է Հասմիկի ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի  կողմից կնոջը խոշտանգման ենթարկելու արդյունքում վերջինիս ստացած մարմնական  վնասվածքներին, և որ առավել  զավեշտալի է՝ դատարանի կողմից կայացրած  ոչ օրինաչափ որոշմանը: Փաստորեն դատարանը կիրառել է համաներում Հասմիկի ամուսնու  նկատմամբ, երբ  եղել է քաղաքացիական հայց բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջով: Նման պայմաններում, եթե առկա է քաղաքացիական հայց, ապա դատարանը իրավունք չունի մերժելու քաղաքացիական հայցը և կիրառելու համաներում:  ՄԻԵԴ-ից  ստացել ենք  ծանուցում այն  մասին, որ մեր դիմումն արդեն գրանցվել է  իրենց մոտ: Մենք  սպասում ենք պատասխանի, որով կամ կմերժվի մեր բողոքը, ընդունելով, որ    խախտում  չի կատարվել,  կամ բողոքը կընդունվի  վարույթ  և  կսկսվի դատական գործընթացը: Սովորաբար, երբ այսքան ամիսների ընթացքում մերժման որոշում չի լինում, նշանակում է՝ դատարանը քննելու է գանգատը: Դատարանի պահանջով՝ տուժող  կողմն ու ՀՀ  կառավարությունը կներկայացնեն իրենց  հիմնավորումները, որից  հետո ՄԻԵԴ-ը  կընդունի համապատասխան որոշում:

 

Կարծես թե,  Հասմիկի գործում  խնդիր կար նաև  երեխաների մասով…  

 

 –  Դատական ակտի  համաձայն երեխաները՝ դուստրը և որդին    պետք է ապրեն  մոր հետ, սակայն  դատական ակտը կատարվել էր  մասնակի, մեկ տարուց ավելի  աղջիկը մնում էր  մոր,  իսկ  որդին  հոր  մոտ:  Գտնում եմ, որ այստեղ  պետությունը թերացել էր, քանզի  նա  օրենքով սահմանված բոլոր միջոցներով  պետք է  ձգտեր անմիջապես  կատարել իր իսկ  ընդունած որոշումը: Մինչդեռ տպավորություն էր ստեղծվում, որ անկախ նրանից դատական  ակտ  գոյություն ունի  թե ոչ,  ԴԱՀԿ-ն  է  որոշելու` ե՞րբ  կատարի դատական ակտը,  ինչպե՞ս  կատարի  կամ կատարի՞, թե՞ ոչ: Ավելին, ԴԱՀԿ-ը կարծես  ի սկզբանե  հակված էր  չկատարել դատարանի որոշումը, և դա  հատկապես  նկատվում էր մոր և որդու  հետ  հանդիպումների  ժամանակ: Երբ Հասմիկի ամուսինը երեխային միտումնավոր  չէր բերում, նրանք  պատճառաբանում էին, որ եթե երեխան  չի  կամենում  մորը  հանդիպել, ուստի իրենք  նրան  չեն  հանձնի մորը: Հասմիկ Խաչատրյանի  բողոք-դիմումների հանդեպ նույն ԴԱՀԿ-ն ու  պետությունն անտարբեր էին:  Ես  իմ  բողոք-դիմումներում  բազմիցս  դիմել եմ  հարկադիր կատարման  ծառայության աշխատակիցներին, որ  եթե  թեկուզ  մեկ օր երեխային  մոր հետ  շփվելու  հնարավորություն  տրվի առանց երրորդ անձի ներկայության, ապա երեխան  չի ցանկանա  վերադառնալ  հոր մոտ, առաջարկում էի  դրանում  համոզվել: Ցավոք, այդ  հնարավորությունը երկար ժամանակ չէր  տրվում: Այստեղ  առկա է  նաև  մեկ այլ  հանգամանք. Հասմիկի ամուսնու  ընտանիքը համայնքում  և  մարզում  բավականին ազդեցիկ դիրք ունեն, ինչը  նկատելի էր ողջ դատավարության  ընթացքում:

 

 

Իսկ այդ  ընթացքում  Հասմիկի  հանդեպ ամուսնու  կամ  նրա  հարազատների կողմից  եղե՞լ են սպառնալիքներ և   հետապնդումներ:

 

-Դատական նիստերին հաճախակի են  հնչել, դատավճռի  հրապարակումից  հետո հնչել են վիրավորանքներով ուղեկցվող հեռախոսազանգեր, սակայն  բռնության  փորձեր  չեն կատարվել: Շուրջ  մեկ  տարի է,  ինչ որևէ սպառնալիք  չէր հնչում, սակայն ամուսինն ու հարազատներն այդ ընթացքում  երեխային  բացասաբար էին տրամադրում  մոր  դեմ, արդյունքում  երեխան   հայտարարում էր, թե  այլևս  չի ցանկանում  մոր հետ ապրել:

 

Ինչպե՞ս հանգուցալուծվեց երեխայի խնդիրը

 

-Մենք բողոք  ներկայացրինք ՀՀ արդարադատության  նախարարին այն  մասին, որ հարկադիր  կատարման  ծառայությունը զլանում է  իր պարտականություններում,: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան  բողոքի ցույցեր էր կազմակերպել, այնուհետև բաց նամակով դիմել վարչապետին՝  ԴԱՀԿ-ի կողմից  ցուցաբերվող կամայականություններին վերջ դնելու մասին, քանի որ  Հասմիկի դեպքն եզակի չէր: Ի վերջո, այս խնդիրն իր հանգուծալուծումը ստացավ և երեխան այժմ Հասմիկի մոտ է: Սակայն հարց է առաջանում, ով պետք է փոխհատուցի այն բարոյական վնասը, որը պատճառվել էր այս ընթացքում մորը և երեխային:  Ինչով բացատրել  այն փաստը , որ  դատական  ակտը երեխայի մասով երկար ժամանակ չէր իրակացվում ՝ ծանր ապրումներ առաջացնելով  մոր ու երեխաների մոտ:  Կարելի է ասել այս   դեպքում  բռնարարի  դերում  հանդես եկավ  պետությունը, որը  բավարար  կամք  չդրսևորեց  իր  իսկ  ընդունած վճիռն  իրագործելու համար:  

 

 

Այսօր հոգեբանական  ի՞նչ  վիճակում է Հասմիկը:

 

-Հասմիկը «Կանանց աջակցման  կենտրոն» -ի  շահառուներից է, այժմ արդեն  հոգեբանորեն շատ ավելի կայուն վիճակում է: Եթե  նախկինում գտնվելով զոհի  կարգավիճակում, զրկված էր անգամ երեխաներին  հանդիպելու հնարավորությունից, այսօր  բավական  ինքնավստահ է, ծնողների ու երեխաների հետ ապրում է Երևանում: Ընդգրկվելով  «Ընտանեկան բռնության շղթայի կոտրում` կանանց տնտեսական հզորացման և շահերի պաշտպանության միջոցով» ծրագրի մեջ, նա  նոր կյանք սկսելու հնարավորություն է ստացել:  Օգտվելով  ծրագրի շրջանակում տրվող  ֆինանսական աջակցությունից սեփական փոքր բիզնեսն է սկսել՝ թխում է Գավառի գաթա, փախլավա ու հանձնում խանութներին: Միաժամանակ, ինչպես արդեն նշեցի,   արդարությունը վերականգնելու համար որոշել է շարունակել պայքարը, հետամուտ լինել  իր իրավունքների պաշտպանությանը:

 

 

Ի՞նչ ակնկալիք ունեք ՄԻԵԴի որոշումից:

 

– Եվրոպական դատարանի  մոտեցումն  այդ  հարցով  հետևյալն է. ընտանեկան  բռնության  ոլորտում պետությունը պետք է սահմանի բռնությունը  կարգավորող  օրենքեր և միջոցներ ձեռնարկի, որպեսզի բռնություն կիրառած անձը համապատասխան պատիժ կրի և այդ  համաչափ  պատժի շրջանակում նաև երաշխավորվի  տուժողի իրավունքերի  արդյունավետ  պաշտպանությունը: Եթե ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի կողմից  ունենանք ընտանեկան  բռնության  վերաբերող դրական  վճիռ, դա կլինի ևս մեկ ապացույց , որ ընտանեկան  բռնության ոլորտը պետք է  ունենա  օրենսդրական  հստակ  կարգավորում, որ պետությունը չի կարող առաջնորդվել  ազգային  մենթալիտետի չափանիշներով՝ անտարբեր գտնվելով բռնարարի հանցավոր գործողությունների նկատմամբ: Դա ազդակ կլինի նաև  բռնության  ենթարկված այլ կանանց համար,  ովքեր  կհասկանան, որ դիմելու դեպքում  կստանան համարժեք  պաշտպանություն և աջակցություն, որ դա  միայն ՀԿ-ների գործը  չէ: Թեև ՀԿ-ներն իրենց  սահմանափակ ռեսուրսներով  կարողանում են լուծել որոշ խնդիրներ, սակայն նրանք  չունեն ընդհանուր դաշտը կարգավորելու լծակներ,  ֆինանսական  և աշխատուժի բավարար ռեսուրսներ:  Ընտանեկան  բռնության  դեմ  հետևողական  պայքար մղելու համար  պետությունը  պետք է  ներգրավի ոչ միայն ոստիկանությանն ու դատական  համակարգը,  այլև հոգեբաններին,  մանկավարժներին և  սոցիալական  աշխատողներին:

 

Վերջերս ՀՀ Արդարադատության նախարարությունն հայտարարեց, որ  «Ընտանեկան բռնության մասին» օրենքի  լրամշակված  տարբերակը դրվելու է  լայն հասարակական քննարկման, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ բոլորն են ընկալում   այդ օրենքի ընդունման  անհրաժեշտությունըՀասմիկի  օրինակը, կարծես թե,  գալիս է ապացուցելուոր օրենքի առկայության դեպքում նա ստիպված չէր լինելու արդարություն փնտրել Եվրոպական դատարանում

 

-Եթե լիներ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենք, ապա անշուշտ շատ հարցեր ավելի  հստակ կարգավորումներ կստանային:  Բայց ես համոզված եմ, որ վաղ թե ուշ  «Ընտանեկան  բռնության  մասին»  օրենքն ընդունվելու է: Միգուցե   ընդունումից  հետո  ամեն  ինչ  միանգամից  չի հարթվի,  բայց  տարիների ընթացքում այն  կկիրառվի: Օրենքի հետ կապված ակնկալիքներից ամենակարևորը սակայն այն է, որ նա  կունենա կանխարգելիչ նշանակություն:  Այսինքն` կլինեն մեխանիզմներ, որոնք ի սկզբանե թույլ կտան կանխելու բռնությունը ընտանիքի ներսում …

 

Անուշ Ներսիսյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Հասմիկ Խաչատրյանը «Տարվա խիզախ կինն» է

 

 “Շարունակելու եմ պայքարը, որովհետև ուզում եմ արժանապատիվ ապրեմ”…

 

 «Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…

 

«Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»

 

Համաներմամբ ազատված բռնարար ամուսինը կալանավորվեց այլ գործով

 

Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց

 

«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

 

  5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար

 

Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը

 

Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ  

 

 

Դիտումների քանակը` 3304

Գլխավոր էջ