Հասարակությունն ընդդեմ «Դժվար ապրուստ»-ի

«Հասարակություն առանց բռնության» հկ-ն ՝  հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական  հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ»… Տարածելով այսօր այս հայտարարությունը կազմակերպությունը  տեղեկացրել է, որ  պատրաստվում է խոսքից անցնել գործի  և հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, անցկացնելու  է խոշոր հանրային միջոցառում, որի ընթացքում հրապարակելու է  «Դժվար ապրուստ»  սերիալի իր իսկ կողմից իրականացված  ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացնելու է ֆլեշմոբ և որ ամենակարևորն  է՝ իրականացնելու է ստորագրահավաք…

 

 

Կազմակերպությունը պարզաբանում է նաև, ի՞նչն է  հատկապես մտահոգիչ սերիալներում  եւ  ինչո՞ւ է հենց  «Դժվար ապրուստը»  ընտրել ուսումնասիրություն անցկացնելու համար:

 

« Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:

Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը», – ասված է հայտարարության մեջ:

 

… Իրականում, երեկոյան ժամերին հայաստանյան հեռուստաեթերում գտնել որևէ հետաքրքիր հաղորդում, առավել ևս գեղարվեստական ֆիլմ ուղղակի սխրագործություն է: Հեռուստաեթերի այդ պիկ ժամերը ողողված են հայկական սերիալներով:  Եվ որքան էլ  չպնդենք, որ դրանք ցածրաճաշակ են, լի անգրագիտությամբ, գռեհիկությամբ,  բացասական երևույթների ակնհայտ քարոզով միևնույն է՝ այդ սերիալները եղել են, կան ու գուցե նաև դեռ երկար կլինեն, քանի որ դեմն առնող, ինչպես ասում են, դեռ չկա: Չկա, որովհետև  վատը լինելով հանդերձ ու հարուցելով  շատ  շատերի  դժգոհությունը, սերիալները շարունակում են լինել ամենառեյտինգայիններն ու երկնագույն էկրանների մոտ հավաքել բազմահազարանոց հանդիսատեսի:  Իսկ եթե կա պահանջարկ, ապա և … մնացածը գիտեք:

 

Դրա վառ օրինակը՝ « Դժվար ապրուստ»  հեռուստասերիալն է ,  որն այնքան երկար ժամանակ է արդեն մեր եթերում, որ թվում է՝ այլ բան նրա փոխարեն այլևս չի էլ ցուցադրվի:  Սցենարի ոլորապտույտները թողնելով հեղինակի խղճին,  նշենք միայն, որ   դրանում նկարագրվող բարքերն ու  կյանքի դրվագները  այնքան ճղճիմ են, որ  մեքսիկական  կամ բրազիլական  օճառների  փրփուրներին միայն երանի է պետք տալ:  Հիրավի հայաստանյան  «Սանտա Բարբարա»-ի այս  վատ նմանակը  պատուհաս է դարձել բոլորիս գլխին: Ու վերջն էլ չի երևում:

 

Հարց է ծագում՝ եթե իրավիճակը հնարավոր  չէ  փոխել  ՀՌԱՀ-ի կամ այլ պետական կառույցների մակարդակով, ապա գուցե՞ այն  փոխվի հասարակական կազմակերպությունների ակտիվ միջամտությամբ : Թեկուզ միայն այն բանի համար,  որ սերիալում ոտնահարվում են բոլոր խավերի իրավունքները՝ էլ հաշմանդամների (այս կապակցությամբ իր դժգոհությունն էր արտահայտել նաև Անի Քոչարը, ում ամուսինը՝ Արմանը, անցած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Ժառանգության» համամասնական ցուցակով), էլ մանկատան երեխաների՝ մանկատան սաներն այս սերիալում ներկայացվում են իբրև հրեշներ՝ գռեհիկ, անբարոյական, դրա հետ մեկտեղ  մյուս հերոսների ընկալմամբ էլ  մանկատան երեխա լինելը արդեն իսկ անջնջելի բիծ է… Ահա այս և խեղաթյուրված  այլ  ընկալումները  ամեն երեկո  հրամցվում  են  հանդիսատեսին: Էլ չենք ասում    բռնության ու խտրականության մասին, որոնք  առկա են սերիալում անասելի չափերով՝ հայրը ծեծում կամ հայհոյում ու նվաստացնում է մորը, նորապսակ ամուսինը՝ օրինակ է վերցնում իր հորից,  իսկ գլխավոր հերոսի կինն էլ իր հերթին՝ նվաստացնում ու հալածում է մեկ ուրիշին՝  միայն այն բանի համար, որ նա հարուստ ընտանիքի զավակ չէ, հետևաբար «անլվա»… Թեպետ ասում են, որ  ի վերջո պարզվում է, որ  ինքն էլ է «անլվա»…

 

 

Մի խոսքով՝ եթե սցենարիստի նեղ  երևակայության վերջը չի երևում և բոլոր հերոսները շուտով կամ իրար քույր ու եղբայր դուրս կգան, կամ էլ «անլվա»,  ապա հանդիսատեսի համբերության բաժակը կարծես լցվել է: Այդ իմաստով , «Հասարակություն առանց բռնության» հկ-ի բարձրաձայնված  դժգոհությունը  առաջինը չէ , բայց հուսանք, որ իրենց  նախաձեռնությունը կօգնի վերջապես  հայրենի «Սանտա Բարբարային»  առաջիկայում  կնքել իր վախճանը… այլ կերպ այս սերիալի ավարտը որակել դժվարանում եմ:

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 5080

Գլխավոր էջ