Հաջողված կարիերա թե՞ երջանիկ ընտանիք
Ինչու՞ այդ երկընտրանքի առջև են կանգնում միայն կանայք:
Եվ ինչու՞ ենք մենք այդպես համոզված, որ հնարավոր չէ համատեղել ընտանիքը և կարիերան:
Այս հարցերի շուրջ են մտորում մեր զրուցակիցները՝ Երիտասարդական խորհրդարանի անդամները:
Կարինե Ոսկանյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/ ինքնաառաջադրված.
– Այս խնդիրը միշտ առկա է, սակայն յուրաքանչյուր խելացի կին կընտրի ընտանիքը, որովհետև աշխատավայրում կարող ես ունենալ մեծ հաջողությունններ, բայց, ի վերջո, տուն ես վերադառնալու, որտեղ 4 պատերից բացի, ոչինչ քեզ չի դիմավորելու: Կարծում եմ, յուրաքանչյուրն էլ կընտրի ընտանիքը` լինի կին, թե` տղամարդ: Իրականում տղամարդը նույնպես այդ ընտրության առջև է կանգնած: Այսօր, երբ կա արտագնա աշխատանքի մեկնելու հեռանակարը, նրանք, հաճախ՝ վախենալով կորցնել իրենց ընտանիքը, գերադասում են ավելի վատ ապրել այստեղ, քան` մեկնել:
Իհարկե, հարաբերակցության առումով` անհամեմատելի է. կնոջ առջև այդ խնդիրը ավելի լուրջ է դրված: Այդ ընտրության փաստը մեր առջև հիմնականում տղամարդիկ են դնում և ստիպում են` ընտրել: Սակայն տղամարդիկ կարող են աջակցել և գործի «և-և»-ի սկզբունքը, բայց հաճախ մեր տղամարդիկ մի փոքր էգոիստ են գտնվում ու ունենում ենք` «կամ-կամ»-ի մոդելը: Մինչդեռ, կինը շատ ուժեղ անձնավորություն է և ցանկության դեպքում, նա կարող է և երեխաներին պահել և ամուսնու համար լավ կին լինել և աշխատանքում հաջողությունների հասնել: Երբ կինը առաջընթաց է ունենում, հաճախ տղամարդկանց մոտ վախ է առաջանում` կորցնել նրան, կամ որ կինը նրանից խելացի կամ առավել կլինի ու այս մտավախությունն է, թերևս, ստիպում կնոջը պարտադրել, որ «կամ-կամ» ընտրությունը կատարի:
Կառլեն Խաչատրյան, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ/ ընդգրկվել ՀՀԿ-ի քվոտայով:
– Միայն տղամարդկանց մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ, ի վերջո, կնոջ ընտրությունն է: Որքան էլ նրան, դրդեն, ուղղորդեն կամ ինչպես Կարինեն ասաց` ստիպեն, միևնույն է, ինքն է այդ ընտրություն անողը: Ճիշտ է, կինը հոգեբանորեն ուժեղ էակ է, սակայն ֆիզիկապես այնքան էլ ուժեղ չէ, դրանով է պայմանավորված, որ կան աշխատանքներ, որ կինը չի կարող զբաղվել, բավականին մեծ ծանրաբերռնվածություն է ենթադրում: Իմ կարծիքով, քաղաքականությունն էլ է այդ զբաղմունքներից մեկը: Լարված աշխատանք է պահանջում:
Մարուսյա Անուշավանյան, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ /ինքնաառաջադրված.
– Ես ուզում եմ ասել, որ որպես իգական սեռի ներկայացուցիչ, ինչ- որ տեղ ֆիզիկապես, եթե զիջում ենք, ապա այլ գործոններով, ոչնչով չենք զիջում: Այդ տարանջատումները արդարացի չեն:
Վլադիմիր Գևորգյան. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ/ ընդգրկվել բուհական քվոտայով
– Կինը որպես ընտանիքի մայր և կինը` քաղաքականության մեջ – իմ դիրքրքոշումն այն է, որ ավելի լավ է կինը լինի հայ ընտանիքի մայր, քան թե` զբաղվի քաղաքականությամբ. կարիերան կարող է բացասաբար ազդել իր ընտանիքի վրա:
Կարող է անգամ իմ ասածը կարծրատիպային մոտեցում համարվել, սակայն գտնոմ եմ, որ երբ կինը զբաղվում է կարիերայով, նա, հիմնականում, ընտանիքում երջանիկ չէ: Քանի որ կին քաղաքական գործիչները, շատ դեպքում, ֆիզիկապես չեն հասցնում տանը լինել: Արդյունքում և ամուսինը և երեխաները զգում են կնոջ բացակայությունը: Ու իմ դիտարկմամբ այդպիսի կանայք չեն ամուսնանում, կամ ամուսնանում են մեծ տարիքում:
Ամուր երկրի հիմքը ընտանիքն է: Իսկ եթե կարիերան ինչ-որ տեղ կարող է խոչընդոտել ընտանիքի ամրությանն ու ամբողջականությանը, ապա բնականաբար, ես դրան դեմ եմ: Եվրոպայում մենք նկատում ենք դեգրադացիա, ամուսնանում են 30 անց տարիքում և տեղի է ունենում պարզ վերարտադրություն, մեկ երեխայից ավելին չեն ունենում,
Մեզ մոտ հիմնականում սոցիալական պատճառով է նույնը տեղի ունենում, բայց երբ մարդը ֆիզիկապես չի հասցնում երեխա մեծացնել, դաստիարակել և դրա հետ նաև կարիերա անել, ուրեմն, թող երեխա ունենա, մեր ազգը շատացնի: Ես դրան ավելի կողմ, եմ, չնայած դեմ էլ չեմ հավասարությանը, եթե կարողանում է զուգորդել ընտանեկան հոգսը և աշխատանքը, չնայած վերջինը կարծում եմ եմ այնքան էլ հնարարավոր չէ անել:
Դիտումների քանակը` 5197