Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում


«Ունիսոն» հասարակական կազմակերպության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի հրապարակած համատեղ վերլուծությունից պարզվել է, որ Հայաստանում հաշմանդամների իրավունքներն առավել հաճախ խախտվում, կամ գործող օրենքները ամբողջությամբ չեն կիրառվում ամենակարևոր ոլորտներում:  Թեմային  անդրադարձել է  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող  Նարինե Ղալեչյանը:

 

Ըստ  «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի՝ անարգել տեղաշարժվելուց բացի խնդիրներ կան առողջապահության, զբաղվածության և կրթության ոլորտներում:

 

Տարիներ շարունակ խոսվում է հաշմանդամների ազատ տեղաշարժի ուղղությամբ ստեղծված հարմարությունների մասին, փողոցից մինչև շենք-շինություններ, այնինչ ըստ Ալավերդյանի՝ մատչելիություն չկա անգամ նորակառուց շենքերից շատերում:

 

«Օրենքը խախտվում է շատ հաճախ: Բացարձակ ոչինչ չի արվում, որովհետև Վարչական իրավախախտումների օրենսգրքում որևէ պատասխանատվություն չկա այդ նորմերը խախտելու համար»,- ասում է Ալավերդյանը:

 

Անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա խնդիրներին Արմեն Ալավերդյանն անդրադարձավ հաշմանդամների համար գործող պետպատվերին, հատկապես, երբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների բուժումն և դեղորայքային սպասարկումը կազմակերպվում է անվճար:

 

«Իմ կարծիքով պետպատվերից կարելի է օգտվել միայն այն ժամանակ, երբ ձեզ չի հետաքրքրում արդյունքը: Իսկ, եթե դուք կամ ձեր մտերիմն իրոք ուզում եք առողջության բարելավում ստանալ այլ ոչ թե վատթարացում՝ պետք է վճարեք», – նշում է նա:

 

Ալավերդյանի խոսքով, զբաղվածության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը դեռ մնում է գործատուի կանխակալ վերաբերմունքը:

 

Գայանե Խաչատրյանը Փաստաբանների պալատի անդամ է, նա նույնպես հաշմանդամություն ունի: Ըստ նրա, աշխատանք գտնելու դեպքում անգամ հաշմանդամություն ունեցող մարդը կանգնում է ազատ տեղաշարժման խնդրի առջև:

 

Կրթության ոլորտին անդրադառնալով Ալավերդյանն ընդգծեց հատկապես այն, որ ներառական կրթություն ասվածն էլ ոչ բոլոր հաշմանդամ երեխաներին է հասու:

 

Այժմ գործող հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը շուտով կփոխարինվի նոր մայր օրենքով՝ որը կկոչվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման օրենք:

 

 

Աղբյուրը՝ Azatutyun.am

 

 

Կարդացեք եւ դիտեք թեմայի շուրջ մեր կայքում.

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում

 

Դիտումների քանակը` 5645

Գլխավոր էջ