Հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը ընտանեկան բռնության դեպքեր են
Քննչական կոմիտեն հրապարակել է ընտանեկան բռնության մասին ուսումնասիրության տվյալներ
ՀՀ քննչական կոմիտեում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։
Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։
Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։
Սպանություն
Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում (2-ը՝ Արագածոտնի, 1- ական՝ Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում), իսկ 10-ը՝ Երևան քաղաքում (2-ական՝ Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, 1-ական՝ Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում): Քրեական գործերից 13-ն ուղարկվել են դատարան, որոնցից 6-ը` մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով:
16 մեղադրյալներից 6-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 5-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, 3-ը՝ միջին մասնագիտական, իսկ 2-ը՝ բարձրագույն: Նրանցից ոչ ոք աշխատանք չի ունեցել:
Մեղադրյալներից 2-ը՝ կենսաթոշակառու էին (որոնցից մեկը՝ երկրորդ կարգի հաշմանդամ): 16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: 6-ն իրենց խնամքին ունեցել են անչափահաս երեխաներ: Ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:
Քրեական գործերից 8-ով՝ տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 3-ով՝ մանկահասակ երեխաները (որից 1-ը՝ խորթ երեխան), 1-ականով՝ չափահաս որդին, ամուսինը, մայրը, տատիկը, եղբայրը:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
2015թ.-ին ընտանիքի անդամի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 7 քրեական գործ: Այդ քրեական գործերից 6-ն ուղարկվել են դատարան, իսկ 1-ը՝ կասեցվել՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նշված դեպքերից 5-ը կատարվել են մարզերում՝ 2-ական Կոտայքի և Արմավիրի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզում, իսկ 2-ը Երևան քաղաքում՝ Շենգավիթ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջաններում:
Ուսումնասիրվող գործերով 7 մեղադրյալներից 5-ն ունեցել են միջնակարգ կրթություն, 1-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ ութամյա, իսկ 1-ը՝ ուսանող: 7 մեղադրյալներից ոչ ոք աշխատանք չի ունեցել, նրանցից 6-ը՝ արական, իսկ 1-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:
Քրեական գործերից 2-ով տուժողները հանդիսացել են մեղադրյալների կանայք, 1-ական դեպքով՝ քույրը, եղբայրը, անչափահաս որդին, հորեղբայրը, հայրը:
Հանցագործությունների շարժառիթը
Նշված քրեական գործերով նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կատարված հանցագործության շարժառիթը, նպաստող հանգամանքները։
Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտանիքի անդամների կողմից կատարված վերը նշված ծանր հանցագործությունների շարժառիթները եղել են տարբեր՝ ամուսնական անհավատարմություն, անբարյացկամ փոխհարաբերություններ և դրանցով պայմանավորված ամուսնալուծությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրներ, նյութական շահ, սոցիալական ծանր պայմաններ։ 7 դեպքում նշված արարքները կատարվել են անմեղսունակության, սահմանափակ մեղսունակության վիճակում կամ հոգեկան խանգարման ազդեցության հետևանքով և մեղադրյալների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Խնդրահարույց հարցեր, առաջարկություններ
- Որպես ընտանեկան բռնությունների կանխարգելիչ միջոց՝ իրավական ակտով պետք է հստակեցվի հոգեկան հիվանդություն ունեցող և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող անձանց նկատմամբ վերահսկողությունն ու բուժումը, ինչպես նաև՝ այդ բուժումից հրաժարվելու կամ անհրաժեշտ բժշկական միջամտություններից խուսափելու կամ չիրականացնելու դեպքում հնարավոր իրավական հետևանքները:
- Ընտանեկան ծանր վնասվածքների 7 դեպքերից 3-ը կատարվել են ալկոհոլ օգտագործած անձանց կողմից։ Այդ գործերով մեղադրյալները նախկինում նույնպես դրսևորել են ալկոհոլի չարաշահման ազդեցության տակ իրավախախտ և հակասոցիալական վարքագիծ, ինչից ելնելով՝ նախականխիչ գործողությունների արդյունգում միգուցե հնարավոր լիներ այդ հետևանքներից խուսափել: ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք. մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Առաջարկվում է օրենքով նախատեսել ազատությունից զրկում՝ …. գինեմոլ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով», և ամրագրել այդ հասարակական վտանգը կանխելուն ուղղված՝ ալկոհոլ օգտագործած անձանց ազատությունից զրկելու դեպքերն ու կարգը:
- Ընտանեկան ծանր վնասվածքի դեպքերով, մասնավորապես այն դեպքում, երբ տուժողն ու ենթադրյալ հանցագործը բնակվում են նույն հասցեով, այդ հանգամանքը ոչ միայն կարող է հանգեցնել տուժողի կամ վկաների վրա ազդեցություն ունենալուն և, հետևաբար, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա, այլ նաև անհամեմատ ավելացնում է կրկնազոհացման հավանականությունը: Վերը նշված հանգամանքը պետք է նույնպես դառնա խափանման միջոցի տեսակը որոշելու ընթացքում քննարկվող հարցերից մեկը: Խափանման միջոց ընտրելու հարցում կարևորվում է խափանման միջոցի իրատեսականությունն ու ժամանակավրեպ չլինելը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ենթադրյալ հանցագործի փախուստի և/կամ այլ անձանց վրա ազդելու հավանականությանը:
- Ուսումնասիրված 23 քրեական գործից առնվազն 7-ով առկա է եղել կրկնազոհացման ռիսկայնություն։ Հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության դեպքում ենթադրյալ հանցագործի և տուժողի համատեղ բնակության պայմաններում անհամեմատ մեծ է վեճերի, բռնությունների կամ անհանդուրժողականության այլ դրսևորումների կրկնման վտանգը, ինչից ելնելով՝ վարույթ իրականացնող մարմինն անհապաղ պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ, եթե կալանավորումը խափանման միջոց չի ընտրվել:
- Ծանր հանցագործություններ արձանագրված ընտանիքներում նախկինում ևս եղել են վեճեր, մասնավորապես՝ տուժողների և մեղադրյալների միջև. տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, սակայն հետագայում հրաժարվել բողոքից և մասնավոր գանգատի բացակայության հիմքով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչպես նաև՝ քրեական հետապնդում չիրականացնելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ: Ուսումնասիրությունները վկայում են, որ ընտանեկան բռնության դեպքերով նյութերը մերժելով կամ քրեական գործի վարույթը կարճելով՝ հնարավոր չէ կանխարգելել ընտանեկան բռնությունը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել և կիրառել այնպիսի արդյունավետ կանխարգելիչ միջոցներ, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, օրինակ՝ պաշտոնեական նախազգուշացում, պաշտպանական որոշում և այլն: Ինչպես նաև այսօրինակ քրեական գործերով, եթե նախկինում տուժողների և մեղադրյալների միջև ևս ծագել են վեճեր, և տուժողները դիմել են իրավապահ մարմիններին, քննարկել Կոմիտեի նախագահի՝ 2014թ.-ի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի 10-րդ կետի կիրառման անհրաժեշտությունը:
- Ընտանեկան բռնության դեպքերով անհրաժեշտ է ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց մերձավորների նկատմամբ դրսևորել հատուկ վերաբերմունք և նրանց մասնակցությամբ քննությունն իրականացնել այնպիսի չափանիշներով, որոնք պայմանավորված են խոցելի այս խմբի ներկայացուցիչների տարիքային, հոգեբանական և սեռային առանձնահատկություններով: Ուսումնասիրությունները վկայում են, որ 23 քրեական գործերից որևէ մեկով տուժողը կամ նրա ընտանիքի անդամը սոցիալական աջակցություն չեն ստացել, թեև առանձին գործերով նման անհրաժեշտություն եղել է: Հաշվի առնելով այսօրինակ հանցագործությւոնների առանձնահատկությունը՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է՝ յուրաքանչյուր դեպքով միջնորդագրեր ուղարկել իրավասու մյուս պետական մարմիններ՝ նախականխիչ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, ինչպես նաև՝ սերտ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ նվազագույնի հասցնելու կրկնազոհացման վտանգը:
Նշենք, որ քննարկմանը հրավիրվել և մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլսը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, միջազգային այլ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Դիտումների քանակը` 3225