Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը  հանդես է եկել հայտարարությամբ , որով անհանգստություն է հայտնում գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ  անհարկի շահարկումներով, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի  մասին տարածվող ապատեղեկատվությամբ, ինչպես նաև կանանց  ՀԿ-ների  դեմ սկսված վարկաբեկման գործընթացով,  անձերի ու կազմակերպությունների   նկատմամբ  հնչեցվող  վիրավորանքներով ու  սպառնալիքներով: Անընդունելի համարելով նման  գործելաոճը հանձնաժողովն այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում  երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն  վերը նշված օրենքի առնչությամբ:

 

Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական  տեքստը.

 

ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի

  

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

Գենդերային քաղաքականության հարցերի  վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների ոչ մասնագտական և միտումնավոր մեկնաբանությունների կապակցությամբ

 

Առաջնորդվելով

ժողովրդավարության ու մարդու իրավունքների գաղափարներով ու սկզբունքներով և ՀՀ սահմանադրությամբ,

 

 

դիտարկելով

երկրի զարգացման գործընթացներում  կանանց և տղամարդկանց հավասար  ներգրավումը որպես   մարդու իրավունքների անբաժանելի մաս,  սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական  և  ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման,

 

հիմնվելով

ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված  քաղաքականության վրա,

 

հայտարարում ենք.

 

Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակույթային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, կանանց և տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել և մնում են մեր ազգային կենսակերպը` նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչև Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի  և այլոց աշխատությունները:

 

Հայաստանի Հանրապետությունում  կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում  է`

 

–         Հայաստանի`  որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի  և այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերային հավասարության վերաբերյալ, մասնավորապես՝   Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին  ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը (1995), «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000) և դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները,

–         ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը (2011-2015թ.թ. ), ազգային օրենսդրությունը, այդ թվում վերջերս ընդունված  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:

 

Այս խորապատկերում առնվազն անհասկանալի է մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները կապված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ, մանավանդ` միտումնավոր շահարկումներն ու փաստերը խեղաթյուրելու  փորձերը: Ակնհայտ է, որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական և սոցիալական մասնակցության բարձրացմանն ուղղված նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:

Այնուամենայնիվ ,

առաջնորդվելով բաց հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով,  պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն  ու  բազմակարծության սկզբունքը,

 

ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը

 պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի առնչությամբ:

 

 

Միաժամանակ անընդունելի ենք համարում որոշ ընդդիմախոսների կողմից որդեգրված

անձերի և կազմակերպությունների  վարկաբեկման,

 նրանց հասցեին  անհիմն մեղադրանքների ու վիրավորական որակումների, 

ատելության ու սպառնալիքների տարածման հակասահմանադրական  գործելաոճը,

ինչպես նաև քողարկված  քաղաքական  նպատակներով  հասարակությանը մոլորեցնելու նպատակաուղղված արշավը:

 

Դիտումների քանակը` 5095

Գլխավոր էջ