Հայ կանայք 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել

Հայուհիները վերջին ութ հազար տարիների ընթացքում գենետեիկական տեսանկյունից գրեթե չեն փոխվել: Նման եզրակացության են հանգել Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները։Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում:

 

«Բավական երկար ժամանակ տևած ուսումնասիրություններում մենք որևէ փոփոխություն չենք հայտնաբերել կանանց գենոֆոնդում: Սա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային տեղաշարժեր է վերապրել, սակայն այդ փոփոխությունները, հավանաբար, կապ չունեն գենետիկական ազդեցության հետ, հատկապես կանանց հետ»,- այս մասին հայտնել են աշխատության համահեղինակներ Աշոտ Մարգարյանը և Մորտեն Ալենտոֆտը:

 

Նման եզրահանգման փորձագետները եկել են՝ ուսումնասիրելով Հայաստանից և Արցախից 52 հնագույն կմախքների ամբողջական միտոխոնդրիալ գենոմները, իսկ ամենահին նմուշները 7,8 հազար տարեկան են: Այդ  տվյալները գիտնականները համեմատել են 206 ժամանակակից հայերի միտոխոնդրիալ գենոմների մասին տեղեկության հետ:

 

Ըստ ուսումնասիրության՝ ժամանակակից Հայաստանի և Արցախի տարածքներում բնակչության թիվն արագ աճ է գրանցել վերջին սառցե շրջանից հետո (գրեթե 18 հազար տարի առաջ), սակայն տարածաշրջանում միգրացիան, որը տեղի է ունեցել մոտ 2-3 հազար տարի առաջ, գրեթե չի անդրադարձել բնակչության իգական հատվածի վրա:

 

Հետազոտողներին աշխարհի այս հատվածի հետազոտությունը հետաքրքրել է հնագույն ժամանակներից մշակութային խաչմերուկում գտնվելու դիրքի պատճառով, որը նաև հայտնի է որպես հնդեվրոպական լեզուների պոտենցիալ ծագման և տարածման կարևոր մարզ։

Դիտումների քանակը` 3467

Գլխավոր էջ