Հայտնի են ՄԻԱՎ/ ՁԻԱՀ թեմային նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողները
Այսօր Երեւանում տեղի է ունեցել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ թեմային նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողների պարգեւատրումը: Մրցույթը կազմակերպվել էր «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի և Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ:
Մրցույթին ներկայացված աշխատանքներից փորձագիտական ժյուրին 3 աշխատանք ընտրեց, որոնց հեղինակները պարգեւատրում ստացան:
1-ին տեղը զբաղեցրեց News.am-ի լրագրող Ամալյա Գաբրիելյանի «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ» նյութը, որը պատմում է ՄԻԱՎ-ով ապրող դեռահասի մասին:
2-րդ տեղում է ՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի «Որդուց ՄԻԱՎ-ով վարակված թոռանն ու հարսին սկեսուրը տանից դուրս է հանել» հոդվածը, որը ամուսնուց ՄԻԱՎ-ով վարակված եւ սկեսուրի կողմից երեխաների հետ միասին տնից վռնդված կնոջ ողբերգական պատմություն է:
3-րդ տեղում՝ անկախ լրագրող Արման Ղարիբյանի «ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ները, նրանց հարաբերություններն ու զզվանքի հասնող բժշկական ստուգումները. գաղտնի ձայնագրություն» հոդվածն է, որը տպագրվել է «Հրապարակ» օրաթերթում:
WomenNet.am-ը շնորհավորում է մրցանակակիրներին՝ նորանոր մասնագիտական հաջողություններ մաղթելով նրանց;
Հ.Գ. Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1988 թվականից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1953 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 69 %, իգական սեռի ներկայացուցիչները 31 %-են: ՄԻԱՎ վարակի դեպքերի 2 %-ը արձանագրվել է երեխաների մոտ: Վարակվածների 53 %-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 667 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 34.2 %-ը: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4 տոկոս: Հարյուր հազար բնակչի հաշվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում, հաջորդում են Լոռին, Երևանը և Սյունիքը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 4000:
Դիտումների քանակը` 3307