Հայտնի են «Ավրորա» մրցանակի համար առաջադրված երեք նվիրյալների անունները
Այսօր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Ինչպես հաղորդում է IDEA մամուլի ծառայությունը, յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության և անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության և աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ «Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացնում է այս տարվա երեք հերոսներին.
Չո Լա Աուն. իրավաբան և ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեև ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության և բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման և կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգևի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական և ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։
Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն ևիրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առևանգումների փորձերից տուժածներին և սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաև Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։
Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց և երեխաների կյանքում։ Նա պարգևի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։
Ինչպես հաղորդում են IDEA–ից, երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կպարգևատրվի ինչպես 100 հազար ԱՄՆ դոլարի պարգևով, այնպես էլ 1 մլն. դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։
«Ավրորայի» յուրաքանչյուր հերոսին առաջարկվել է այս տարվա 1,000,000 դոլարի մրցանակին առաջադրել թվով մինչև երեք կազմակերպություն։ Չո Lա Աունն առաջադրել է «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières International), «Բժշկական օգնության մալայզիական ընկերություն» (Malaysian Medical Relief Society) և «Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով» (International Catholic Migration Commission – ICMC) կազմակերպությունները։ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն առաջադրել է «Օազիս Սան Խուան դե Դիոս» (El Oasis San Juan de Dios) և «Ու Յից Կա-ան» բնապահպանական գյուղատնտեսության դպրոց» (La Escuela de Agricultura Ecológica U Yits Ka’an) կազմակերպությունները։ Սունիտա Քրիշնանն առաջադրել է «Փրաջվալա» (Prajwala), «Վերջ կանանց և երեխաների թրաֆիքինգին» (Stop Trafficking & Oppression of Children & Women – STOP) և «Սանլափ Հնդկաստան» (Sanlaap India) կազմակերպությունները։
Օսկարակիր դերասան և մարդասիրական գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող Ընտրող հանձնաժողովում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների առաջամարտիկ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։ Հանձնաժողովն այս տարի 115 երկրից 12 լեզուներով ստացված 750 առաջադրումներից (որոնցից 509-ը՝ չկրկնվող) ընտրվել են երեք հերոսներ։
«Ձեր առջև մարդասերներ են, որոնք շատ բան են զոհաբերել՝ անընդհատ պայքարելով ներկայիս ամենադժվարին հումանիտար ճգնաժամերի առաջնագծում»,– ասել է Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը՝ խոսելով Ընտրող հանձնաժողովի անունից:
Հիշեցնենք, որ 2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Բժիշկ Թոմը, ինչպես նրան անվանում են տեղացիները, «Գթության Մայր» կաթոլիկ հիվանդանոցում տարիներ շարունակ հասանելի է եղել օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր եւ սպասարկել ավելի քան 750,000 մարդու ընդամենը 500 մահճակալ ունեցող հիվանդանոցում։ Ամեն օր բժիշկ Թոմը բուժում է մարդկանց, որոնք դիմում են իրեն ամենատարբեր հիվանդություններով՝ ռմբակոծություններից ստացած վերքերից սկսած մինչև մալարիա, թերսնում, բորոտություն և այլն։
2016 թվականին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Մեզոն Շալոմ» («Խաղաղության Տուն») խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, որը 20 տարի շարունակ ապահով կացարան է տրամադրել իր երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի արհավիրքներից փախչող որբերին և փախստականներին։ Մրցանակի առաջին դափնեկիրը դառնալուց հետո նա աջակցել է հինգ երկրում իրականացվող 11 ծրագրի՝ առաջ մղելով բուրունդացի փախստականների կրթության հիմնախնդիրները, զբաղվելով կանանց, աղջիկների և սեռական բռնության ենթարկված անձանց ներգրավմամբ, ինչպես նաև փախստականների և մարդկային թրաֆիքինգից տուժած անձանց ռեաբիլիտացիայով։
2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանն ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքի ավարտին։ Այդ միջոցառումներից են Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է, որտեղ հումանիտար ոլորտի և գորժարար առաջնորդները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունն ինչպես կարող է ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։ Այս տարվա քննարկումների ընթացքում նախատեսված են զրույցներ երեք հերոսների հետ, որոնք կներկայացնեն իրենց պայքարի պատմությունների մանրամասները։
***
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։
Դիտումների քանակը` 3020