Independent-ը պատմել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսի մասին

Բրիտանական հայտնի Independent պարբերականն իր հոդվածում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի` Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին հայի` Աստրիդ Աղաջանյանի կյանքի պատմությանը: Հայուհու ընտանիքը մեկն էր այն միլիոնավոր ընտանիքներից, ովքեր տուժեցին Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ:

 

Հոր սպանությունից հետո Աստրիդը մոր և մանկահասակ եղբոր հետ քշվում է Դեր-Զորի անապատ, որտեղ թուրք սպաներից մեկն առաջարկում է Աստրիդի մորը երեխաներին տալ իրեն` խոստանալով  չվնասել նրանց և տեղավորել որբանոցում: Ի տարբերություն շատ ուրիշ մայրերի, որոնք հավատում են թուրք սպային, Աստրիդի մայրը հրաժարվում է: Հետագայում պարզվում է, որ սպային վստահված բոլոր երեխաներին թուրքերն այրում են: Որոշ ժամանակ անց Աստրիդին և նրա մորը հաջողվում է փախչել թուրքերից: Նրանք երկար ժամանակ շրջում են անապատում: Ի վերջո, Աղաջանյան ընտանիքի անդամներին փրկում է մեկ այլ թուրք սպա, ում միջոցով նրանք  հասնում են Հալեպ: Հենց այստեղ էլ հայ ընտանիքը փնտրում եւ գտնում է իրենց բարեկամներին: Աստրիդի մայրը երկրորդ անգամ է ամուսնանում է: Խորթ հայրն աղջկա անունը Էլենից վերափոխում է Աստրիդի (հայկական Աստղիկ):

 

Հետագա տարիների ընթացքում Ցեղասպանության ականատեսը տեղափոխվում է Պաղեստին, այնուհետեւ Կիպրոս և ի վերջո, իր հանգրվանը գտնում է Մեծ Բրիտանիայում: Աստրիդը հայտնի է որպես Բրիտանիայում Հայոց ցեղասպանության վերջին ականատես: Նա իր կյանքը  մշտապես նմանեցնում էր սարդերի կյանքին` ասելով. «Դու կարող ես քանդել սարդերի տունը, բայց նա կրկին կվերականգնի այն»:

 

«Աստրիդը մշտապես կհիշվի իր հյուրընկալության, ստեղծարարության, համառ հոգու և առաջնահերթ անհավատալի ճկունության համար` ի հեճուկս բոլոր ձախորդությունների»,- եզրափակում է հոդվածագիրը:

 

1913 թվականին ծնված Աստրիդ Աղաջանյանը մահացել է 2012 թվականի մայիսի 11–ին:

 

Աղբյուրը՝ http://armenpress.am

Դիտումների քանակը` 4926

Գլխավոր էջ