Հայոց բանակի արծվուհին

 

«Առանց թռիչքի իմ կյանքը չեմ պատկերացնում»,- ասում է 39-ամյա Քրիստինա Իլիկչյանը, որ 14 տարեկանից զբաղվում է պառաշյուտային սպորտով: Սկզբում պառաշյուտով թռչելը սիրած զբաղմունք էր, հետո դարձավ մասնագիտություն. «Ես երբեք չէի մտածում, որ այս ամենը կարող է մի օր լրջանալ ու բացի հոբբից դառնալ իմ հիմնական աշխատանքն ու այս մասնագիտությամբ կարող է ծառայեմ բանակում»:

 

Դեռ 18 տարեկան չկար, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը և սկսվեցին ծանր տարիներ: Այդ ընթացքում պայթեց նաև Ղարաբաղյան պատերազմը. «Պետք էր մի տեղ աշխատել ու այնպես ստացվեց` ընդունվեցի զորամաս: 1992 թվականն էր: Մեր բանակը նոր էր ձևավորվում: Պառաշյուտադեսանտային ծառայությունում կադրերի պակաս կար: Ես էլ, քանի որ այդ գործից հասկանում էի, ընդունվեցի այնտեղ: Աշխատում էի որպես հրահանգիչ»: Քրիստինան պատմում է, որ չնայած դժվար տարիներ էին և պետք էր ոտքով երկար ճանապարհ կտրել աշխատանքի հասնելու համար, սակայն երբեք չի դժգոհել. «Պետք էր, անում էինք ու կարևորը սիրով էինք անում: Եվ հայկական բանակի համար մեր արած գործի կարևորությունը հասկացանք տարիներ հետո»:

 

Արածի արժեքը ոչ միայն նրա, այլև մեր բանակի ղեկավարության համար էր ակնառու ու անչափ կարևոր: 2006 թվականին Քրիստինա Իլիկչյանին վստահվեց ղեկավարել Պաշտպանության նախարարության 56265 զորամասի որոնողափրկարարական և պառաշյուտադեսանտային ծառայությունը, իսկ 2009-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացավ Մարշալ Բաղրամյան գերատեսչական մեդալի: Կապիտան Իլիկչյանի հիմնական պարտականությունն իր զորամասի օդաչուների և տարբեր ստորաբաժանումների զինծառայողների թռիչքի նախապատրաստելն է` տեսականից մինչև գործնական. «Մենք այնպես ենք զինծառայողներին սովորեցնում, որ գիշերն էլ քնից արթնացնեն ու հարցնեն` թռիչքի ժամանակ օդում ի՞նչ պետք է անել, կասեն: Ամեն ինչ պետք է իմանան ու լավ իմանան, քանի որ օդում հրահանգիչը իրենց կողքին չէ և յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել»: Քրիստինան թռիչքից առաջ զինվորներին փորձում է տրամադրել: Ասում է՝ անչափ կարևոր է մինչև թռիչքը զինվորների հետ ճիշտ հոգեբանական աշխատանք տանել, որ վերևում՝ ուղղաթիռի մեջ կարողանան հաղթահարել վախն ու անպայման թռչեն. «Թռիչքից հետո նրանք այնքան են փոխվում: Նրանց աչքերը մի ուրիշ ձևով են փայլում: Այդ աչքերը տեսնելու համար արժե չարչարվել»:

 

 

«Я падаю, раз. Я падаю, два. Я падаю, три»

Նույնչափ արտասովոր Քրիստինայի աչքերը փայլում էին ուղիղ 25 տարի առաջ` 1986 թվականի մարտի 29-ին: Սա այն օրն էր, երբ դեռ 7-րդ դասարանցի Քրիստինան առաջին անգամ պետք է թռչեր պառաշյուտով. «Եկանք Արզնի: Դեռ գետնին ձյուն կար: Պառաշյուտները հագանք ու նստեցինք ուղղաթիռ: Բարձրացանք 1000 մետր»: Մինչ օդ բարձրանալը դպորցականները երեք ամիս պարապել ու սովորել էին, թե օդում ինչ պետք է անեն, որ ապահով գետնին հասնեն. «Մինչ ուղղաթիռ նստելը մեզ նաև ասել էին, որ թռիչքից հետո կհաշվեք` я падаю, раз. Я падаю, два. Я падаю, три ու օղակը կքաշեք, որ պառաշյուտը բացվի»: Ստացվում է այնպես, որ խմբից երկրորդը պետք է թռչեր Քրիստինան. «Ինձնից առաջ մի հաղթանդամ, կերած-խմած տղա էր: Մտածում էինք, որ հաստատ չի վախենա: Բայց հանկարծ այդ տղան դռան արանքում քարացավ ու ասեց` չեմ թռչում: Կանգնել է ու չի շարժվում: Մեկ էլ էն տեսնենք, որ իրեն այնպես խփեցին, որ շամպայնի խցանի պես դուրս թռավ: Էդ ժամանակ մտքումս ասեցի՝ Քրիստինա, դու ինքդ պետք է թռչես, թե չէ քեզ էլ էդպես «կօգնեն»»: Քրիստինան առաջին թռիչքի ժամանակ չի վախեցել ու աչքերը չի փակել: Հակառակը, փորձել է երկնքից ուսումնասիրել, թե ինչ կա ներքևում. «Կարծես կինոյի դանդաղեցրած կադրեր լինեն աչքիդ առջևի պատկերները: Առաջին անգամ մինչև փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է հետդ կատարվում, արդեն հասնում ես գետնին: Իսկ, այ երկրորդ անգամ, արդեն վախ կա, քանի որ գիտես, թե ինչ է լինելու»:

 

Առաջին թռիչքից մեկ տարի անց Քրիստինան համալրում է նորաստեղծ պառաշյուտային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որի ավագ մարզիչն էր Թևոս Իլիկչյանը. «Թիմի կազմում տասը հոգի էինք՝ հինգ աղջիկ, հինգ տղա: Մի քանի ամիս պարապելուց հետո, սկսեցինք մասնակցել տարբեր՝ համամիութենական և միջազգային մրցումների»: Քրիստինան հիշում է, որ իրենց ամենակարևոր ելույթը եղել է 90-ականների սկզբին, երբ միջազգային մրցմանը ներկայացրել են Հայաստանի անկախ հանրապետությունը և հայկական եռագույնով զբաղեցրել երրորդ պատվավոր տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանին  և Ադրբեջանին. «Չնայած ամփորձ էինք, բայց կարողացանք մի քանի ամսում լավ աշխատել ու արդյունքի հասնել»:

 

 

«Ես չէի ուզենա, որ ինձ ասեն` տղամարդու ես նման»

Զբաղվելով պառաշյուտային սպորտով՝ Քրիստինան գտավ ոչ միայն իրեն հոգեհարազատ մասնագիտություն, այլ նաև իր կյանքի ընկերոջը: Սկզբում ծանոթացան որպես մարզիչ և մարզիկ: Իրար ճանաչեցին ու համակրեցին թռիչքների ընթացքում՝ օդում, ապա երկնային սերը դարձավ երկրային ու շարունակվում է մինչև հիմա: Սիրո առաջին խոստովանությունը լսել է երկրի վրա, իսկ առաջին սիրո համբույրը՝ ստացել երկնքում. «Կա մի վարժության ձև, երբ օդում գալիս, զույգերով միանում ենք իրար, այդ ժամանակ էլ անակնկալ ձևով համբուրեց»: Քրիստինան վստահեցրեց, որ ինչքան էլ իր մասնագիտությունը համարվի տղամարդկային ու առօրյայում ավելի հաճախ շփվի հակառակ սեռի հետ, միևնույնն է, կայնքում ոչ մի վայրկյան չի դադարել իրեն կին զգալ. «Ինչ մասնագիտություն էլ ունենաս, նախևառաջ դու կին ես: Գուցե մի փոքր ավելի ուժեղ, քան մյուս կանայք, բայց ոչ տղամարդուց ուժեղ: Ես չէի ուզենա, որ ինձ ասեին` տղամարդու ես նման: (ծիծաղում է. հեղ.): Սակայն, չեմ կարող նաև չնշել, որ բանակում, զինվորի առջև, դու պետք է նույնքան ուժեղ ու ամուր լինես, որքան տղամարդ զինվորականը, կամ, գոնե, ցույց տաս, որ այդպիսին ես: Քո աչքերին նայող զինվորը քեզ հավատում է, իսկ իր վստահությունը չկորցնելու համար պետք է ամուր լինես: Եթե դու իր մոտ վստահություն ձեռք չբերես, եթե չկարողանաս թռիչքից առաջ իր մեջ եղած այդ վախը հանել, հավատացնել, որ դու իր կողքին ես, ապա, Աստված մի արասցե, պատրազմի դեպքում ինչպե՞ս է առանց վստահության ու հավատի իրեն ու քեզ պաշտպանելու»: Բացի զինվորական ծառայությունից, Քրիստինա Իլիկչյանն ու իր ամուսինը՝ ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պառաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանը ղեկավարում են նաև Հայաստանի պառաշյուտային սպորտի ֆեդերացիան:

 

Էքստրիմով հարուստ սպորտային այս ձևը զարգացնելու համար նրանց աջակցում է Պաշտպանության նախարարությունը, նրանք էլ՝ հայկական բանակին՝ վերջինիս շարքերը համալրելով նոր ու տաղանդավոր պառաշյուտիստներով. «Մեզ մոտ շատ են եղել դեպքերը, երբ եկել են մի անգամ թռչելու, սակայն սիրահարվել են օդին ու դարձել լավ պառաշյուտիստներ»: 1800 թռիչք կատարած Քրիստինան հավաստիացնում է. ավելի հեշտ է թռչել, քան նայել, թե ինչպես են թռչում իր «զավակները». «Երբ դու ես օդում, պատասխանատու ես միայն քեզ համար, երբ զինվորն է օդում, պատասխանատու ես նրա համար, նրա հարազատների առաջ: Զինվորների հետ ֆիզիկապես բարձրանում եմ օդ ու հոգեպես դուրս գալիս ինքնաթիռի խցիկից, թռչում օդում: Անհագստությունը, լարվածությունը շատ է, բայց սիրում եմ մասնագիտությունս, զինվորներին: Հպարտ եմ, որ չեմ սխալվել ու հիմա ծառայում եմ հայկական բանակում»:

 

ՏԱՐՈՆ ԿՈԽԼԻԿՅԱՆ
շարքային

http://www.hayzinvor.am/9197.html

 

 

Կարդացեք  նաև  մեր կայքում այլ նյութեր այս թեմայի շուրջ .

 

 

«Եթե տեսնեն, թե աղջիկներն ինչպես են ծառայում»…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

 

Տիկին պաշտպանության նախարար և ֆրաու գլխավոր հրամանատար

 

 

«Ամեն ինչ կանեմ, որ խաղաղություն լինի… »

Դիտումների քանակը` 4373

Գլխավոր էջ