Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ

Հայաստանցի երեխաների մեծ մասն ապրում է աղքատ ընտանիքներում , դրանից բխող բոլոր հետեւանքներով, բայց  չնայած դրան  իր կյանքով բավարարված է մեր երեխաների շուրջ 90 տոկոսը՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է միջազգային չափանիշներով: Թեմային է անդրադառնում Ազատություն ռադիոկայանը՝  մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո աշխարհի 44 երկրներում իրականացված հետազոտության  տվյալները :

 

Ըստ զեկույցի, Հայաստանի դպրոցականների կեսից ավելին պատկանում է ցածր, 30 տոկոսը՝ միջին և միայն 13 տոկոսը՝ բարձր բարեկեցության խմբին։  Ընտանիքի բարեկեցության միջազգային սանդղակով  44 երկրների թվում Հայաստանը գրավում է վերջին տեղերից մեկը՝ զիջելով Ալբանիային, Մոլդովային և Ուկրաինային։ Հատկապես երկրի գյուղական վայրերում երեխաների զգալի մասն առողջական խնդիրներ ունի, ու դրա հիմնական պատճառը սոցիալական է։

 

Աբրահամյանների ընտանիքում սառնարանը դատարկ է, թխած հացն էլ արդեն վերջանալու վրա է։ Պատահում է, որ տանն առհասարակ ուտելու ոչինչ չի լինում։ Արարատի Քաղցրաշեն գյուղում բնակվող հինգ անչափահաս երեխաներին խնամելու համար պապիկը՝ Սարգիս Աբրահամյանը բանվորությամբ է մի կերպ ծայրը ծայրին հասցնում։ 49 հազար դրամ նպաստը չի բավականացնում։ «Ուտելու ոչ մի բան չունեմ, հիմա ես էս հինգ երեխային ի՞նչ եմ ուտացնելու: 10 օր առաջ լույսերս անջատել են, ասի՝ համբերեք, էս երկու օրը կտամ, հազար դրամով, հինգ հարյուր դրամով, կոպեկ կոպեկ հավաքելով, գյուղապետին գնացի խնդրեցի՝ 20.000 փող տվեց, բերել եմ, լույսերս միացրել եմ»,- պատմում է Սարգիս Աբրահամյանը։

 

Զեկույցի համահեղինակ՝ մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խոսքով , առանց ցավի չես կարող կարդալ, որ հարցված դեռահասների չորս տոկոսը, իսկ որոշ տեղերում՝ ավելի շատ, խոսում են ամեն օր քաղցած քնելու մասին:  «Ես  որպես մանկաբույժ՝ հուզված եմ և փաստում եմ, որ դեռահասները (հատկապես գյուղերում բնակվող) հետագա բանակի հիմքն են հանդիսանում և նրանց 60 տոկոսը ոչ մի տեղ ռեկրեացիա չի անցնում»։

 

Առողջության գանգատներ առկա են դպրոցականների մեկ երրորդի մոտ, սակայն, հարցվածների կեսից ավելին նշել է, որ նախորդ տարվա ընթացքում չի այցելել մանկաբույժի։ Եվրոպացի հասակակիցների համեմատ, հայաստանցի երեխաները ֆիզիկական ակտիվության պակաս ունեն, նրանց 60 տոկոսը նշել է, որ սպորտով չի զբաղվում, խմբակներ չի հաճախում։

 

Դրամի բացակայության պատճառով Աբրահամյանների ընտանիքում էլ քույրերը նկարչության ու պարի խմբակներից դուրս են մնում։  «Մի թոռս, Վիկտորիաս, ունի լավ մեդալ, պատվոգիր, հիմա շուտով էլի կստանա պատվոգիր, երկու օր առաջ մրցումների էր Երևան, նորից են գրել, որ պիտի տան: Հիմի երեխեն ասում ա՝ պապի, որ չեք կարում փողը տաք, ես ամաչում եմ գնամ, դասատուն ասում ա՝ վարձերը բերեք, ամոթ եմ անում, էլ չեմ կարում գնամ։ Էն մեկս էլ նկարի գնաց մի քանի վախտ, որ փող չեղավ, ասինք՝ լավ, ինքը նստավ տուն, չգնաց»։ 8-ամյա Վիկտորիան երազում է մայրաքաղաք տեղափոխվելու ու այնտեղ մեծ տուն ունենալու մասին։ Նրա քույրերը գյուղից երբևէ դուրս չեն եկել։

 

Զեկույցի համաձայն, վերջին տարվա ընթացքում արձակուրդների ժամանակ իր ընտանիքի հետ չի ճանապարհորդել և չի հանգստացել Հայաստանի երեխաների շուրջ կեսը։ Ու չնայած այս բոլոր ցուցանիշներին, իր կյանքով բավարարված է հայաստանցի երեխաների շուրջ 90 տոկոսը՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է միջազգային չափանիշներով։ «Հայ ընտանքիը, չնայած այս 25 տարիների դժվարություններին, կարողանում է իր երեխաներին այս կամ այն չափով ապահովել երջանիկ մանկություն»,- ասում է մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ Ազատություն ռադիոկայան  

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…

Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում

Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ

Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

ՅՈՒՆԻՍԵՖ. Ինչպես օգտագործել սփյուռքի և միգրանտների ներուժը առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու համար

«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով

Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով

2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ

«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»

Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում

«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»

«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…

Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»

«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով

 

Դիտումների քանակը` 4423

Գլխավոր էջ